ВДНХ-ի հայկական տաղավարում ադրբեջանական տուրփաթեթներ են վաճառվում

ВДНХ-ի հայկական տաղավարում ադրբեջանական տուրփաթեթներ են վաճառվում

Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավարում չամանն ու սմբուկի խավիարը վաճառվում են ոսկյա զարդերի եւ ավիատոմսերի կողքին։ Մանրահատակը հին է, փայլն ու գույնը կորցրած, աստիճանները մաշված են, առաստաղի ու պատի նախշերը խոնավությունից քայքայվել են։ Շենք մտնողին կարող է թվալ, թե մութ գետնանցում է ոտք դնում։ Ղազախստանի նորացված, ժամանակակից սարքավորումներով, պսպղուն մոնիտորներով եւ վահանակներով հագեցված շքեղ կենտրոնի կողքին մերը գյուղական ակումբ է հիշեցնում։ 
Վերջերս էլ մոսկվաբնակ մեր հայրենակիցները նկատել են, որ ВДНХ-ի հայկական տաղավարում դեպի Ադրբեջան ճամփորդությունների տոմսեր են վաճառվում։ «Ասեք, խնդրեմ, նորմա՞լ է, որ ВДНХ-ի հայաստանյան տաղավարում մի տուրիստական ընկերություն վաճառում է ուղեգրեր դեպի Ադրբեջան»,- գրում է ՖԲ օգտատեր Վիգեն Հախվերդյանը։

Իսկ ադրբեջանական տոմսերի վաճառքի օպերատորի՝ «Travel Way» ընկերության ներկայացուցիչ Անաստասիա Նովիկովան արդարանում է՝ խոստանալով բարելավել տեղեկատվության մատուցման որակը․ «Շփոթն առաջացել է այն պատճառով, որ մենք մեր սեփական տուրերն ենք առաջարկում՝ որպես համակցված, խառը տուրերի մաս։ Զբոսաշրջիկը նախընտրում է գնել մեկ տուրփաթեթ, որը կազմակերպում են տարբեր կազմակերպություններ․․․ Հիմարություն է հաճախորդին մերժել, որ գնա Հայաստան զուտ այն պատճառով, որ հետո նա ուզում է այցելել Անդրկովկասի բոլոր երկրները, ներառյալ՝ Ադրբեջանը»։ 

Արձագանքողներից ոմանք հանդուրժողականության կոչեր են անում համացանցում՝ հիշեցնելով, որ հայերս տոլերանտ ազգ ենք, ու քարանձավային մտածողությունից այս հարցերում պետք է զերծ մնալ։ Բայց համայնքի մեկնաբանությունները հիմնականում կոշտ են՝ «Լրիվ են խելագարվել», «Կոշմար, էս ո՞ւր ենք հասել», «Եթե տանկով են գնալու Ադրբեջան, նորմալ է», «Ափսոս, որ շատերի մոտ վերացել է հայկական թասիբը»։ Մեկն էլ գրել է․ «Իսկ ո՞ւր է նայում Հայաստանի ԱԱԾ-ն»։ 

Այսպես, հայկական տաղավարը հարստացնում է ադրբեջանական բիզնեսը, եւ այս թնջուկով եթե ոչ ԱԱԾ-ն, ապա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն անպայման պետք է զբաղվի։ Մանավանդ, որ նախարարության պաշտոնյաները մոսկովյան գործուղումների ժամանակ սովորաբար այցելում են ВДНХ-ի հայկական տաղավար։ Վերջին գործուղված չինովնիկը եղել է նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանը։ Նրա գործուղման հաշվետվության մեջ մի կետով նշված է․ «Մոսկվայի ՎԴՆԽ ցուցահանդեսային համալիրում հայկական տաղավարի աշխատանքների ակտիվացում եւ հայկական ապրանքների ներգրավվածության ընդլայնում»։ 

Քանի որ Հակոբ Ավագյանն այլեւս չի աշխատում այս նախարարությունում, մեր հարցն ուղղեցինք անմիջապես նախարար Տիգրան Խաչատրյանին։ Հայկական տաղավարի աշխատանքների ի՞նչ ակտիվացում եղավ Ձեր տեղակալի գործուղումից հետո, ի՞նչ ծրագրեր ունեք հայկական տաղավարի հետ կապված։ «Մենք ունենք ծրագրեր՝ այդտեղ իրավիճակը փոխելու։ Կարծում եմ, այդ դրվագը թյուրիմացություն է՝ ադրբեջանական տոմսերի հետ կապված, կարծում եմ, արագ կկարգավորվի»,- նշեց նախարարը՝ խոստանալով, որ մյուս հարցերին արագ, բովանդակային եւ իրականությանը համապատասխանող պատասխաններ կտա իր մամուլի քարտուղարը։ «ВДНХ-ի տարծքում գործող հայկական տաղավարի պատասխանատուն ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանն է», - ասաց նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։ Մյուս հարցերին նա կպատասխանի ավելի ուշ։