Ադրբեջանը սպառազինությունների նոր մրցավազք է սկսում

Ադրբեջանը սպառազինությունների նոր մրցավազք է սկսում

Հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը վերջերս Ստամբուլում ներկա է գտնվել սպառազինությունների IDEF 2019 ցուցահանդեսին: Այդ օրերին Ադրբեջանում ընթանում էին թուրք-ադրբեջանական հաամտեղ զորավարժություններ, որոնց նպատակն էր կողմերի բանակների գործողությունների համատեղումը պատերազմական իրավիճակում: Խորքային իմաստով դա նշանակում է, որ Թուրքիան պատերազմի դեպքում պատրաստ է զորախումբ ուղարկել Ադրբեջան եւ համատեղ ռազմական գործողություններ վարել: Ինչ հանդիպումներ է ունեցել Հասանովը Ստամբուլում` մանրամասնություններ չեն տեղեկագրվում: Հայտնի է միայն, որ նա հայտարարել է նոր սպառազինություններ ձեռք բերելու` Ադրբեջանի մտադրության մասին: Սպառազինությունների Ստամբուլի ցուցահանդեսի ավարտից անմիջապես հետո Ադրբեջան է այցելել Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օլեգ Բելոկոնեւը: Ադրբեջանական կողմի հետ նրա բանակցություններից մանրամսնություններ հայտնի չեն: Բելառուսն Ադրբեջանին սպառազինությունների հիմնական մատակարարներից մեկն է: Անցյալ տարի Մինսկը Բաքվին վաճառել է ,,Պոլոնեզ,, զենիթա-հրթիռային համակարգեր: Ադրբեջանը դրանք ձեռք է բերել որպես հայկական ,,Իսկանդերի,, հակակշիռ:

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Բելառուսը պատրաստակամություն է հայտնեն Բաքվին նոր զինատեսակներ վաճառել, սակայն թե խոսքը կոնկրետ ինչի եւ ինչ ծավալների մասին է` մնում է ենթադրությունների մակարդակում: Միաժամանակ վերսկսվել են սպառազինությունների բնագավառում ադրբեջանա-ուկրաինական համագործակցության շուրջ բանակցությունները: Ստամբուլի սպառազինությունների ցուցահանդեսը հարթակ է հանդիսացել, որպեսզի հանդիպեն սպառազինությունների բնագավառի ադրբեջանցի եւ ուկրաինացի մասնագետները: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ կողմերը քննարկում են ռազմամթերքի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցը: Ուկրիանան հետաքրքրություն է ցուցաբերել ադրբեջանական սպառազինությունների նկատմամբ եւ կարող է Ադրբեջանից գնել ռազմամթերք եւ մերձավոր մարտի համար միջոցներ:

Այս ամենը տեղի է ունենում ԼՂ հարցով բանակցությունների վերսկսման` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի եւ այդ կապակցությամբ որոշակի սպասումների համապատկերի վրա: Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը վերստին զարկ է տալիս տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին: Պաշտոնական Բաքուն իր մարտավարությունը չի փոխում եւ շարունակում է հուսալ, որ բանակցություններում իր համար արդյունավետ նախանշումների համար հարկ է մեծացնել ռազմական բաղադրիչը եւ մշտապես հավանական պահել խնդրի ուժային կարգավորումը: Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ ԼՂ կարգավորման ուղղությամբ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ը` փորձելով պետքարտուղար Պոմպեոյի հովանու ներքո կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւս մեկ հանդիպում:

Ըստ երեւույթին, սպառազինությունների նոր մրցավազքի ադրբեջանական անոնսը պայմանավորված է սպասվող բանակցություններում ուժային բաղադրիչի վրա շեշտադրելու` Ադրբեջանի մտադրությամբ: Այդ դեպքում բանակցային լիարժեք գործընթաց վերսկսելու միջոնորդական ջանքները կարելի է նախապես ապարդյուն համարել: Հայաստանը միանշանակ հայտարարել է, որ ուժի սպառնալիքի տակ բանակցություններն իմաստ չունեն: