Լեգիտիմության «արժեքը»

Լեգիտիմության «արժեքը»

Այս գիշեր աշխարհի գերտերությունների ղեկավարները հոգեբանորեն պատրաստվում էին Երրորդ համաշխարհային պատերազմի ծագմանը: Պատճառը մեր հարևան Իրանի կողմից Իսրայելին պատասխան հարված հասցնելու հանգամանքն էր: Հիշեցնեմ՝ մի քանի օր առաջ Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել էին Սիրիայի մայրաքաղաքում տեղակայված իրանական հյուպատոսության շենքը: Ինչի հետևանքով մահացել էին իրանցի 7 սպաներ և այդ թվում՝ երկու գեներալ: Իրանն էլ խոստացել էր պատասխան հարված հասցնել Իսրայելին: 

Դա տեղի ունեցավ այս գիշեր: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Իսրայելի վրա հարձակումը տևել է 5 ժամից մի փոքր ավելի: Իսրայելի ուղղությամբ բաց են թողնվել 185 անօդաչու թռչող սարքեր, 36 թևավոր և 110 «երկիր-երկիր» կարգի հրթիռներ: Թիրախներ են ընտրվել ռազմաբազաները, ռազմական օդանավակայանները և կառավարական օբյեկտները: Առավոտյան կողմ Իրանում հայտարարել են, որ իրենք հասել են իրենց նպատակին: Եվ խնդիրը համարել են սպառված: Իսրայելից էլ հայտարարել են, որ «երկաթյա գմբեթը» գերազանց կատարել է իր գործառույթը: Ինչի վկայությունը ավերված շինությունների և զոհերի բացակայությունն է: Ի դեպ, Իսրայելից բացի իրանական հարվածներին դիմագրավել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի միացյալ հակաօդային պաշտպանության ուժերը: 

Ռազմականից անցում կատարենք դիվանագիտական ճակատին: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դատապարտել են իրանական օդային հարձակումը: Չնայած նույն այդ պետությունները նույն վերաբերմունքը չդրսևորեցին Դամասկոսում իրանական հյուպատոսության շենքն ավերելու կապակցությամբ: Այս երևույթը խիստ կարևոր նրբություն է պարունակում իր մեջ՝ ինչպես կասեր ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը: Խնդիրն այն է, որ Իրանն ընդամենը պատասխանել էր Իսրայելի ոչ լեգիտիմ գործողությանը: Իսրայելի կողմից կատարված հարվածը միջազգային դիվանագիտության տեսակետից բոլոր կանոնների ոտնահարում էր: Սակայն, չգիտես ինչու, ՄԱԿ-ում դատապարտվեց Իրանը և ոչ թե Իսրայելը: Այս երևույթը ցույց է տալիս, թե միջազգային հարաբերություններում զրոյական ինչ արժեք ունի վերը նշված անձի կողմից անընդհատ թմբկահարվող «լեգիտիմություն» երևույթը: 

Իսկ այժմ էլ անցնենք 8 րոպեում ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ական բարեկամ երկրի կարգավիճակի վերաբերյալ հարցին: Հիշեցնեմ, դա արևմտամետ պապյանականների «իդեա- ֆիքսն» է: Ինչպես ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր գրել, նիկոլական շրջապատից ոմանք գիշերը ոգևորվել էին, թե տեսեք-տեսեք ինչ է նշանակում լինել ԱՄՆ-ի բարեկամը: Նախ, նախքան ԱՄՆ-ի բարեկամը լինելը «նորածին» Իսրայել պետությունն ինքն իր բարեկամն էր: Եվ ինքն իր ուժերով (ՍՍՀՄ օգնությամբ) մեկամյա պատերազմում հաղթել էր շրջական արաբական երկրներին: Եվ շարունակել է դա անել հաջորդ տասնամյակներում՝ ՍՍՀՄ օգնությունը փոխարինելով ամերիկյանով: Ինչին նպաստել են հիտլերյան Գերմանիայից ազդեցիկ հրեաների արտագաղթը ԱՄՆ և այնտեղ նրանց հաստատվելը: Եվ դրա ընթացքում էլ  նրանց կողմից այդ երկրում կարևոր դիրքեր գրավելը: Եվ այդ թվում՝ պետական հաստատություններում: Եվ, վերջապես, չմոռանանք ողջ աշխարհում հրեական հզոր համայնքների, իսկ ԱՄՆ-ում էլ հզոր լոբբի առկայության հանգամանքը:

Այնպես որ մինչև այդ կարգավիճակին հասնելը՝ վախենամ, որ Հայաստան պետություն այլևս գոյություն չունենա: Եթե, իհարկե, շարունակվի այն գիծը, որ տարվում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: Ինչևէ, իրանա-իսրայելական հակամարտությանը վերադառնալով՝ ասեմ, որ հոդվածը գրելու պահին Իսրայելի կառավարության նիստ էր ընթանում, որում պետք է լուծվեր Իրանին հակահարված տալու հարցը: ԱՄՆ-ից արդեն հայտարարել էին, որ դա չպետք է տեղի ունենա: Իսկ, ինչպես փորձագետներն են նշել, Իսրայելի վարչապետ Նեթանյահուին պաշտոնը պահպանելու համար անհրաժեշտ է պատերազմ: Եվ վերջինս ձգտում է ամեն գնով այն «ստանալ»: Բայց Երրորդ համաշխարհային պատերազմը, ինչպես երևում է, այս հակամարտությամբ չէ, որ պետք է ծագի: Հուսանք, որ այն ընդհանրապես չի ծագի: Բայց ինչպես վերը նշված փորձագետներն են ընդգծում, Իսրայելը կարող է հարվածել եթե ոչ Իրանին, ապա գոնե իրանամետ ուժերին Սիրիայում, Իրաքում և Լիբանանում: