Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը ստանձնում պետության գործառույթները

Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը ստանձնում պետության գործառույթները

Հեղափոխության առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ հեղափոխական իշխանավորների կանայք շատ ակտիվ են լինելու եւ մասնակցելու են երկրի կառավարմանը։ Նրանք երիտասարդ են, կրթված, էներգիայով լեցուն, համարում են, որ մեծ ներդրում ունեն հեղափոխության մեջ, եթե անգամ չունեն՝ ապա ներդրում ունեն իրենց ամուսինների աճի ու առաջխաղացման մեջ, ուստի կամ նրա պաշտոնը կիսելու են, կամ՝ թելադրելու են նրա յուրաքանչյուր քայլը, կամ՝ հավակնելու են կոնկրետ կարգավիճակի եւ պաշտոնի։  Այնպես որ այդ ակտիվությունը սպասելի էր, բայց ոչ այս աստիճանի։ 

Ակտիվություն, սրտացավություն, մասնակցություն, աջակցություն՝ այո, բայց ոչ՝ քիթը խոթել, ամուսնուն թելադրել, նրա իրավասությունները ստանձնել, ամեն տեղ ասպարեզում հայտնվել ու անհամեստորեն ավելի մեծ դեր ստանձնել, քան բարձրաստիճան պաշտոնյաներինն է։ Մեր հանրությունն, առհասարակ, համեստ, խոնարհ, չափի զգացումը գիտակցող կնոջ տեսակն է հավանում։

Բայց 2018-ի հենց մայիսից սկսվեց՝ մի կողմից Ազգային ժողովի նախագահի կինը, մյուս կողմից՝ քաղաքապետի, բայց շատ ավելի ակտիվ՝ վարչապետի։ ԱԺ նախագահի կինը ֆեյսբուքյան տարածքում է դրսեւորում իր եսը՝ նրա գրած ստատուսներն օրեր շարունակ քննարկվում են։ Քաղաքապետի կինը ֆեյսբուքում ակտիվ չէ եւ հանրության աչքին էլ շատ չի երեւում, փոխարենը՝ քաղաքապետարանում մեծ դերակատարում ունի եւ անգամ մարդկանց է աշխատանքի ընդունում-ազատում։

Իսկ Աննա Հակոբյանը, պարզապես, որոշել է դանդաղ քայլերով ստանձնել պետության գործառույթները եւ կամաց ընդլայնում է իր երկու հիմնադրամների գործունեության դաշտը։
Սկզբում՝ խաղաղության քարոզչություն, հետո՝ բանակ եւ պաշտպանության նախարարություն։ Անգամ բանակի մատակարարումների հարցում միջամտություն։ Իսկ օրերս Արցախի տիկնանց էր հավաքել եւ նրանց «խաղաղության էր նախապատրաստում»։ Բարեգործական հիմնադրամների միջոցով Աննա Հակոբյանը ակտիվ դերակատարում ունի մշակույթի եւ առողջապահության ոլորտում։ Մշակույթի ասպարեզում հովանավորում է, ֆինանսավորում մշակութային  կազմակերպություններին։ Առողջապահության ասպարեզում ոչ միայն քաղցկեղով հիվանդ երեխաներով է զբաղվում, այլեւ որոշակի քաղաքականություն է թելադրում։ Իսկ նախարարի հետ նրա հակասություններն անթաքույց բնույթ են կրում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում էլ բոլորը խոսում են, որ սոցիալական քաղաքականության մի մասը Աննա Հակոբյանն է ստանձնել եւ թելադրում է անգամ այս ոլորտում։ Նա արդեն ունի իր <սիրելի> ՀԿ-ները, որոնք տենդերներ են շահում եւ այլ ՀԿ-ների դուրս մղում դաշտից։ Արցախում էլ օրերս աղքատության հաղթահարման ծրագիր է մեկնարկել, որը պատրաստվում է իրականացնել Արցախի ՄԻՊ-ի հետ։

Իսկ օրերս նա որոշել է, որ դպրոցների վերանորոգմամբ պետք է զբաղվի՝ մարզային դպրոցների սանհանգույցներն ու մարզադահլիճներն է պատրաստվում սարքել։ Անշուշտ, լավ է, որ դպրոցները նորոգված մարզադահլիճ ու զուգարան կունենան, բայց հարց է ծագում՝ մենք պետություն չունե՞նք։ Ինչո՞ւ է պետության գործառույթներն իր վրա վերցրել վարչապետի տիկինը, ով արդեն մեկ ամիս է օնլայն դրամահավաք է անում մեծահարուստներից, չնայած կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամային իրավիճակին։ Այդ դրամահավաքների տակ մենք բոլորս շատ լավ գիտենք ինչեր են թաքնված։ Փաստորեն, տիկինը հսկայական աշխատակազմեր է պահում, շինարարական եւ այլ աշխատանքների մեջ է թաթախվում։ Եւ ամենակարեւորը՝ ֆինանսական մեծ հոսքեր են անցնում նրա հիմնադրամների միջով, եւ դրանք հիմնականում անվերահսկելի են, քանզի վարչապետի տիկնոջ հիմնադրամները կասկածից եւ ստուգումներից դուրս են։ 

Իսկ ինչո՞վ են զբաղվում մեր Պաշտպանության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, Քաղաքաշինության կոմիտեն, ստեղծագործական միությունները, տարբեր պետական կոմիտեներ եւ կենտրոններ, ընդհանրապես՝ Հայաստանի եւ Արցախի կառավարությունները։

Ըստ էության, Աննա Հակոբյանը մինի-կառավարություն է ձեւավորել իր տնօրինության ներքո։