Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած ժամանակավոր միջոց խաբեություն է ժողովրդի նկատմամբ․ Վազգեն Մանուկյան․ ankakh.com

Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած ժամանակավոր միջոց խաբեություն է ժողովրդի նկատմամբ․ Վազգեն Մանուկյան․ ankakh.com

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ Հանրային խորհրդի հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Նախարարը հանդիպումից մեկ ժամ առաջ հայտնել էր, որ ստիպված է ներկա գտնվել Ազգային ժողովի նիստին և խնդրել էր խորհրդի հետ հանդիպումը հետաձգել։ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով իրավիճակը, առաջարկեց նիստը տեղափոխել հաջորդ շաբաթ։ Ինչպես Հանրային խորհրդից ավելի վաղ տեղեկացրել էին, հանդիպման ընթացքում հիմնական շեշտադրումները դրվելու էին անցումային արդարադատության և վեթինգի վրա։ Ինչևէ, Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց իր անձնական դիրքորոշումը, ըստ որի անցումային արդարադատություն և վեթինգ իրականացնելը Հայաստանում արդարացված չէ, վտանգավոր է և ոչ արդյունավետ։

«Անկասկած Հայաստանում կոռուպցիան բավականին բարձր աստիճանի վրա էր։ Ընդ որում, ես դա ասում եմ ոչ թե բամբասանքներից ելնելով, այլ հաշվի առնելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տվյալները, ըստ որի՝ մենք 2017 թվականին 107-րդ տեղում էինք, 2018 թվին՝ 105-րդ տեղում, մեզանից հետա գալիս էր Ադրբեջանը, Ղազախստանը, Ուկրաինան, Ռուսաստանը և այլն։ Այսինքն, այդտեղից երևում էր, որ մենք լավ վիճակում չենք, չնայած մեզանից վատ վիճակում գտնվող շատ երկրներ էլ կան»։

Մանուկյանը գտնում է, որ և՛ վեթինգը, և՛ անցումային արդարադատությունը ժամանակավոր միջոցառումներ են, և այժմ մեր հասարակության մոտ սխալ պատկերացումներ են ձևավորվում, թե նման ժամանակավոր միջոցառումներով կարելի է հարցը մեկընդմիշտ լուծել։

«Վերջերս կարդացի, որ առաջին պայքարը կոռուպցիայի դեմ եղել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում Բաբելոնում, կարդացի նաև, թե Հին Հռոմում ոնց են պայքարել կոռուպցիայի դեմ։ Ինչպիսի՞ն է վիճակը Եվրոպայում։ Եվրոպայի երկրները ամենազարգացածն են այդ տեսակետից, բայց 1999 թ․ Եվրահանձնաժողովը ստեղծեց կազմակերպություն, որը պետք է պայքարեր կոռուպցիայի դեմ։ Եվ գիտե՞ք տարեկան ինչ թիվ ներկայացվեց․ Եվրամիության կորուստը տարեկան գնահատվեց 323 միլիարդ եվրո։ Դրանից հետո Եվրահանձնաժողովն այդ թիվը նվազեցրեց՝ հասցնելով տարեկան 120 միլիարդ եվրոյի։ Կամ, օրինակ, Ֆրանսիայի համախառն արդյունքի 12 տոկոսը գտնվում է ստվերում, ԱՄՆ համախառն արդյունքի 7-8 տոկոսն է գտնվում ստվերում։ Եվրամիությունում, երբ հարցում են արել, թե արդյոք Ձեր երկրում կոռուպցիան տարածվա՞ծ է, թե ոչ, 76 տոկոսն ասել է՝ այո, 26 տոկոսն է ասել, որ երբևէ չի առնչվել կոռպուպցիային։ Այս ամենը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարն այդքան էլ հեշտ գործ չէ, և ժամանակավոր միջոցներով պետք չէ առաջնորդվել, այլ պետք է մշտական մեթոդնել մշակել։ Եթե անհրաժեշտ է, թող ընդունվեն նոր օրենքներ Սահմանադրության շրջանակներում կամ բարեփոխումներ կատարվեն օրենքներում և Սահմանադրության մեջ, բայց դա տասնամյակների, հարյուրամյակների մշտական պայքար է»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած ժամանակավոր միջոց խաբեություն է ժողովրդի նկատմամբ։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ 2015 թվականին Վենետիկի խումբը և Եվրոպայի դատավորների կոնսուլտատիվ խորհուրդը Ալբանիայում իրականացվող գործընթացների վերաբերյալ միջանկյալ զեկույցում նշել են, որ վեթինգը շատ վտանգավոր գործիք է և արդարացված է միայն այն դեպքում, եթե անցում է կատարվում բռնապետությունից դեպի ժողովրդավարություն։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։