Հանդիպման մասնակիցների ցանկը համաձայնեցվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ

Հանդիպման մասնակիցների ցանկը համաձայնեցվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ

Մոլդովայի հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպումն աղմուկով ուղեկցվեց։ Մենք ահազանգ ստացանք այն մասին, որ համայնքից Փաշինյանի հետ հանդիպմանը թույլատրել են մասնակցել միայն համակիրներին, իսկ նրանք, ովքեր կարող էին անհարմար հարցեր տալ վերջինիս՝ նրանց պարզապես թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը։ 

Մենք կապ հաստատեցինք հանդիպմանը մասնակցած Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր հայազգի Հայկ Վարդանյանի հետ։

-Մոլդովայի հայ համայնքից քանի՞ մարդ էր մասնակցում հանդիպմանը։

-Մարդկանց քանակը անընդհատ փոփոխվում էր, որովհետև մարդիկ կային, որ վերջին պահին չեղարկեցին իրենց մասնակցությունը, մարդիկ կային, ովքեր չկարողացան գալ, մարդիկ կային ուզում էին գալ, բայց չստացվեց։ Մեծ հետաքրքրություն կար, բայց մենք դա մասսայական միջոցառման չվերածեցինք։ Դահլիճում շատ մարդ չէր կարող տեղավորվել, մենք որոշեցինք, որ 40-50 մարդ կմասնակցի հանդիպմանը՝ համայնքի առաջնորդները, տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ ակադեմիկներ, բիզնեսմեններ, ուսուցիչներ, ուղղակի համայնքում ակտիվ մարդիկ։ Եթե ուզեինք, իհարկե, կարող էինք բերել նաև 200, 300, 400 մարդ բերել, բայց երևի իմաստ չուներ ու բացի այդ ֆիզիկապես էլ հնարավոր երևի չէր լինի, որովհետև դահլիճն այդքան էլ մեծ չէր։ 

-Ի՞նչ տպավորություն ստացաք այդ հանդիպումից։

-Մենք հաշվի էինք առել, որ նա առավոտից մասնակցում էր սամիթին, հետո ոչ այնքան թեթև բանակցություններ է ունեցել Ալիևի հետ հնգակողմ ձևաչափով՝ Միշելի, Մակրոնի ու Շոլցի հետ, ու միաժամանակ նաև իր ծննդյան օրն էր։ Մենք հասկանում էինք, որ այս ամենը մեկ օրվա մեջ է և օրվա վերջում մեզ հետ էր հանդիպում, հասկանում էինք, որ հոգնած կլինի, բայց ամեն դեպքում նա աշխույժ պատասխանում էր, պատմեց երկու խոսքով իրավիճակի մասին, բանակցությունների, մի քանի հարցերի պատասխանեց։ Ես չէի հետևում ժամանակին, ասել էին, որ մեկ ժամով է լինելու, բայց կարծում եմ նույնիսկ ժամից ավել ենք շփվել իր հետ։

-Մարդկանց ի՞նչ հարցեր էին հետաքրքրում։

-Ակնհայտ է, որ բոլորին հետաքրքրում էր բանակցությունները ընթացքը, ինչ է տեղի ունենում, ինչ կա Ալիևի հետ բանակցություններից, ինչ իրավիճակ է տիրում Արցախում, սահմանազատումից ինչ կա, և ինչ է լինելու բանակցությունների ավարտը ու ընդհանուր առմամբ որքանով է բարդ համաձայնությունների գալը՝ սա էին հիմնականում հետաքրքրող հարցերը։ Հետաքրքրվում էին նաև Հայաստանի էկոնոմիկայով, Փաշինյանը մանրամասն ներկայացրեց տնտեսության աճը ռուս ներգաղթյալների հաշվին, սոցիալական հարցեր, աշխատավարձերի բարձրացում, ատեստացիաներ և այլն։ Եվ, իհարկե, մի քանի հարցեր Մոլդովայի հայ համայնքին վերաբերող։ Հարց բարձրացվեց այստեղ մեզ մոտ դեսպանատուն ունենալու մասին, հիմա չնայած մեր դեսպանը Ուկրաինայում ռեզիդենցիա ունի, բայց կուզեինք, որ այստեղ էլ բացվեր դեսպանատուն։ Որովհետև այստեղ դեսպանատան աջակցության կարիքն ունենք, որովհետև Մոլդովայում շատ ակտիվ են թուրքական և ադրբեջանական լոբբիները, և լավ կլինի, որ համայնքն ունենար դեսպանության աջակցությունը և միասին գործունեություն ծավալեին հատկապես Հայաստանի համար դժվար վիճակներում։ Եթե հանկարծ ռազմական գործողություններ սկսվեն, այդ ամենը այստեղ իր արձագանքը ստանում է ու լավ կլիներ, որ դեսպանատուն լիներ, որի հետ համաձայնեցնելով քայլերը՝ համայնքը որոշակի գործունեություն կկարողանար ծավալել, որպեսզի հայկական պետության հետ մեկ ալիքի վրա լինեինք։

-Մեզ տեղեկություններ են հասել, որ մարդիկ են եղել, ովքեր ցանկացել են մասնակցել հանդիպմանը, սակայն նրանց թույլ չեն տվել։ Ովքե՞ր են որոշել, թե ով կարող է մասնակցել հանդիպմանը, ով՝ ոչ։

-Տեսեք, որքան ես հասկանում եմ, խոսքը գնում է մի հասարակական գործչի մասին, ես ենթադրում եմ, որ խոսքը Վեներա Գասպարյանի մասին է։ Որպեսզի Դուք հասկանաք, երկար տարիների ընթացքում այս անձը ամբողջ հայկական համայնքի հետ ոչ այնքան հարթ հարաբերություններ ունի։ Այս անձը իր ընտանիքի երեք անդամների անունների վրա գրանցել է երեք հասարակական կազմակերպություններ, նա ասում է, որ ինքը հանդիսանում է համայնքի ղեկավար, սակայն իր հետևում ոչ ոք չկա։ Ամբողջ համայնքն այդքան էլ շատ չէ, որոշ տվյալներով Մոլդովայում ընդամենը 6-7 հազար հայ է մնացել։ Մեր կազմակերպությունը, որ գլխավոր համայնքային կառույցն է՝ 450-500 մարդ կա, իսկ Քիշնևում մոտավորապես հազար։ Թե ով է մասնակցելու Փաշինյանի հետ հանդիպմանը՝ ցուցակները համաձայնեցվել են համայնքի լիդերների հետ, դա իմ որոշումը չի եղել, ես կողմ եմ արտահայտվել այն բանին, որ հնարավորինս շատ մարդ գա, բայց հասկանում էի նաև, որ մենք բոլորին չենք կարողանա ընդունել և ցուցակը համաձայնեցվել է այդ մարդկանց հետ։ Այդ պատճառով երևի թե ցուցակը կազմողները մտածել են, որ 1-2 այդ մարդկանց ներկայությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ՝ Մոլդովայի հայ համայնքի ճիշտ ներկայացմանը։ Ոնց հասկացա, ցուցակը համաձայնեցվել է նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպանության հետ, որպեսզի հասկանա, թե կոպիտ ասած, հանրության ո՞ր շերտն է գալու՝ գործարարներն են լինելու, գիտական հանրույթը, սովորական մարդիկ, բժիշկներն ու ուսուցիչները։

-Բայց փաստացի ստացվեց՝ հակառակ կարծիք ունեցողների մուտքը չի թույլատրվել, ոչ մի հակադարձող խոսք հանդիպման ժամանակ չի հնչել։

-Ես դա գիտեի, ես դա հասկանում էի և ասացի, որ թող գան մարդիկ, ովքեր սկեպտիկ վերաբերմունք ունեն Փաշինյանի ու նրա գործունեության նկատմամբ։ Կային բավականին հստակ հարցեր՝ դելիմիտացիայի մասով, սահմանների մասով, գրեթե չկային հարցեր, որոնք որ կգովեին նրան, հարցնում էին, թե բանակցությունները որքանով են լուրջ և արդյունքում ինչ ենք մենք ստանում։ Կարծում եմ, որ հանդիպման ներկաների գոնե 30 տոկոսը նրա մոլի երկրպագուները չէին, և այս հարցում մենք փորձեցինք հնարավորինս տարբեր կարծիքներ ունեցող մարդիկ ներկայացված լինեին հանդիպմանն ու այնպես չէ, որ միայն Փաշինյանին սիրողներն ու երկրպագուներն են հնարավորություն ստացել նրան հանդիպել։ Ես որպես քաղաքական գործիչ հիասքանչ հասկանում եմ բոլոր այն ռիսկներն ու դժվարությունները, որոնց միջով հիմա անցնում է Փաշինյանը։ Դրա համար էլ ես ամեն ինչ արեցի, որ տարբեր կարծիք ունեցող մարդիկ ներգրավված լինեն հանդիպմանը։ Որպես քաղաքական գործիչ ես չեմ կարող ամբողջությամբ համաձայն լինել նրա քաղաքականության հետ, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, ես շատ եմ եղել Հայաստանում, ես գիտեմ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ես գիտեմ, թե Հայաստանի բնակիչների մի մասը ինչ է մտածում նրա մասին, թե ՀՀ բնակչության մեծամասնությունը ինչ է մտածում նրա մասին։ Ես հասկանում եմ, Դուք ինչ նկատի ունեք՝ ոչ դա հանդիպում չէր, որին ներկա են գտնվել միայն Փաշինյանի համակիրներն ու երկպագուները՝ դա այդպիսի հանդիպում չի եղել։

-Մեզ ասացին, որ Դուք Փաշինյանին ասել եք, որ Դուք և Մոլդովայի համայնքը աջակցում են իրեն, այդպե՞ս է։

-Ես նման բան չեմ ասել, ինչ-որ մեկը կարծեմ իր անունից նման բան է ասել, որ աջակցում է Փաշինյանին, այսինքն, կային մարդիկ, ովքեր ելույթ էին ունենում և Փաշինյանին ասել են, որ աջակցում են իրեն, դրանք առանձին արված արտահայտություններ էին։

-Իսկ Դուք նման բան ասե՞լ եք Փաշինյանին։

-Ես փորձում եմ վերհիշել, եթե ես հենց այդպես եմ ասել։ Որքան հիշում եմ, ես ասել եմ, որ մենք աջակցում ենք բոլոր այն ձեռնարկներին, որոնք կբերեն էկոնոմիկական․․․․այսինքն, ես ընդհանուր առմամբ փորձում էի փոխել թեման և ավելի շատ բան իմանալ տնտեսական գործունեության մասին։ Որովհետև ես հասկանում եմ, որ բանակցությունների թեման շատ բարդ թեմա է և ամեն չէ, որ իրենից է կախված։ Մենք հասկանում ենք, որ դա կախված է գերտերություններից և բանակցությունները միայն իրենից կախված չեն, ինքը իր կողմից իր գիծը տանում է։ Իմանալով Մոլդովայի հայ համայնքի ընդհանուր տրամադրությունները համայնքի կեսից ավելին, գոնե այն հատվածը, որ եկեղեցի է գալիս, նրանք համակրում են։ Կան մարդիկ, ովքեր նաև քննադատում են նրան, նրա քաղաքականությունը, որ կարող ենք տարածքներ կորցնել, բայց մեծամասնությունը նրան աջակցում է։

-Իսկ ինչո՞ւ Մոլդովայի հետ հայ համայնքի հետ հանդիպումը հետաձգվեց՝ սկզբում մի ժամ էին ասել, հետո՝ այլ։

-Ես գիտեմ, որ հանդիպման ժամերի ու ամսաթվերի մի քանի տարբերակ է եղել, կամ առավոտյան կամ երեկոյան, դա պրոտոկոլով է որոշվում, կապ ուներ, թե ինչպես կանցներ ամսի 1-ը, Դուք էլ եք հասկանում, որ ամեն ինչ կախված էր նրանից, թե բանակցություններն ինչպես կանցնեին, այսինքն, կարևորագույնը հնգակողմ բանակցություններին էին, իսկ համայնքի հետ հանդիպումը դա լավ, հաճելի բոնուս էր առաջին հերթին մեզ համար, որովհետև մենք ուզում էինք առաջին ձեռքից իմանալ, թե ինչ փուլում են բանակցությունները, և ոչ թե լուրերից ու տելեգրամյան ալիքներից։ Դրա համար, ինձ համար նշանակություն չուներ՝ ամսի 1-ին կլիներ, թե ամսի 2-ին, ինչպես և բոլորի համար։