Նիկոլական «սկզբունքայնությունը»

Նիկոլական «սկզբունքայնությունը»

Ենթադրում եմ, որ արևմտյան երկրների ղեկավարներից հետո Փաշինյան Նիկոլի համար հեղինակություն է նաև Թուրքիայի ղեկավարությունը: Այլապես, բան ու գործ թողած՝ չէր վազի Էրդողանի երդմնակալությանը: Ու հերթական անգամ չէր հայտնվի ստորացված վիճակում՝ վկա համացանցում շրջանառվող լուսանկարները: Եվ եթե առաջնորդվեի անմեղսունակության սկզբունքով, ապա կենթադրեի, որ նա դա անում է, որպեսզի ցույց տա, թե ինչ տեսք կունենա թուրքերի հետ անպայման լեզու գտնելու՝ Ժ. Լիպարիտյանի տեսլականը: Ինչ-ինչ, բայց վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլին անմեղսունակ համարել չեմ կարող: Անսկզբունքայնությո՞ւն՝ այո, սակայն ոչ անմեղսունակություն: Սակայն նրա վարքագիծը դիտարկելը ցույց է տալիս, որ ինքը բռնել է մի գիծ ու դրանով գնալու է մինչև վերջ: Դա հենց սկզբունքայնություն է, որ կա: Ուղղակի մարդիկ սովոր են այդ եզրույթի ներքո ընկալել դրական իմաստ: Ու այդ պատճառով էլ Փաշինյան Նիկոլի վարքագիծը բնութագրվում է որպես սկզբունքայնության բացակայություն:

Բայց նիկոլական «սկզբունքայնությունը» զերծ չէ շեղումներից: Դա էլ հիմնականում դրսևորվում է արցախցիների՝ իրենց նախնիներից ժառանգություն ստացած տարածքներում ապրելու անհրաժեշտությամբ: Որովհետև իրենք չեն ցանկանում գաղթել Հայաստան, իսկ այնուհետև Ռուսաստան կամ այլ երկրներ: Իսկ Նիկոլն էլ ստիպված է դիմել միջազգային հանրությանը: Ստիպված է միջազգային ինչ-որ մեխանիզմ փնտրել արցախցիների անվտանգությունն ապահովելու առումով: Ու հենց այստեղ է դրսևորվում նիկոլական «սկզբունքայնության» առաջին լուրջ շեղումը: Որովհետև եթե վերջինս համաձայնել է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ապա պետք է ընդունի, որ միջազգային մեխանիզմի փնտրտուքն արդեն իսկ միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին: Կարծում եմ, որ ինքը դա հստակ գիտակցում է: Եթե չգիտակցեր էլ, ապա թե՛ ադրբեջանական և թե՛ թուրքական գործիչները նրան դա անընդհատ հիշեցնում են: Օրինակ, այս վերջինը (թուրքականը). «Հայաստանը դեռևս փորձում է միջազգային կազմակերպությունների միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Դա ճիշտ չէ» (ՄԱԿ-ի 75-րդ (2020-2021 թթ.) Գլխավոր ասամբլեայի նախագահ Վոլքան Բոզքըր)։ Ընդ որում, թուրք դիվանագետի կողմից դա ասվել է «դժգույն և դժբախտ» Շուշիում: 

Իսկ հիմա, եթե դժվար չէ, կրկին ընթերցե՛ք հոդվածի առաջին նախադասությունը: Կարծում եմ, որ թուրք դիվանագետ Բոզքըրին կարող եմ դիտարկել որպես Թուրքիայի ղեկավարության մաս: Եվ, ըստ այդմ, եթե «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանը» ցանկանում է տեղ գրավել Թուրքիայի գործընկերների՝ թեկուզ տասներորդ, շարքում, պետք է ականջալուր լինի թուրք քաղաքական գործչի խոսքին: Իսկ, դա ենթադրում է, օրինակ, որ Հայաստանը չպետք է «խոչընդոտի Նախիջևանի հետ կապի հաստատմանը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացմանը»: Իսկ Փաշինյան Նիկոլը, ինչպես հայտնի է, շարունակ փորձում է ձգձգել ադրբեջանա-թուրքական այդ պահանջի իրականացումը: Ինչը նշանակում է, որ այդ առումով նիկոլական «սկզբունքայնությունը» շեղում է թույլ տալիս գլխավոր գծից՝ խաղաղության օրակարգի անշեղ իրականացման սկզբունքից: Իհարկե, Հայաստանի Հանրապետության շահերի տեսակետից շատ ավելի օգտակար կլիներ, որ ոչ թե դա լիներ շեղում, այլ ընդհանրապես չլիներ հայությանը թշնամի՝ թուրք-ադրբեջանական զույգին «մեր» մերձեցումը: Համենայն դեպս, պարտվողականության դիրքերից: Բայց դա այլ խոսակցության նյութ է, և հուսով եմ, որ մենք շուտով ականատես կլինենք նաև այդ գործընթացին: