«Ակտիվ քաղաքացի» հարթակը փակվում է, ի՞նչ առաջարկներ կան

«Ակտիվ քաղաքացի» հարթակը փակվում է, ի՞նչ առաջարկներ կան

Երևան քաղաքի բարեկարգմանը ու հենց երևանցիների նախաձեռնությամբ քաղաքում հետաքրքիր գաղափարներ ունենալու համար ստեղծված ակտիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակը փակվում է, նյութը գրելու պահին մնացել էր 1 օր 14 ժամ։ Անցած երեք ամիսներին այս հարթակին՝ այս պահի դրությամբ ներկայացվել է 204 առաջարկ՝ 8206 քաղաքացիների կողմից։ Նախագծերի համար, որոնք անձնական ու բիզնես հետաքրորթյուններ չեն ունենա, ու կլինեն ամենահետաքրքիրը, կտրամադրվի մինչև մեկ միլիոն դոլար։

Ամենաշատը քվեարկվել են «վերականգնենք Կարմիր բլուրը» , ««Իմ քայլը»՝ հանուն Խարբերդի » և էլի երկու-երեք առաջարկներ։ Այս հարթակին ներկայացված առաջարկները ներկայացնելիս, արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ քաղաքացիները երբեմն ներկայացնում են էկզոտիկ ու «շատ կրեատիվ» առաջարկներ՝ վարդերով պատված ծաղկող աղամաններ, հայկական հեքիաթներով պատկերազարդված շենքեր, ցայտաղբյուրներ շների ու մարդկանց համար, երգող ու կանաչող նստարաններ  և այլն։ Մի քաղաքացի էլ, օրինակ, առաջարկել է Հյուսիսային պողոտայում տեղադրել «ծիրան մրգի արձանը և ընդգծել նրա հայկականությունը, որպեսզի Հայաստան այցելող զբոսաշրջիկները Հայաստանի ԲՐԵՆԴ ճանաչեն»։

Քաղաքացին առաջարկում է , որպեսզի տարբեր լեզուներով էլեկտրոնային գիդը պատմի Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը,որի շնորհիվ էլ տվյալ միրգը ստացել է իր լատինատառ անվանումը՝ «Prunus Armeniac»: Նաև արձանի մի մասնիկն էլ լինի հայկական դուդուկը, որը նույնպես պատրաստվում է բացառապես ծիրանափողից: Սա, ըստ հեղինակի,կնպաստի տուրիզմի զարգացմանը:

Կոնկրետ առաջարկ՝ հայտարարել տենդեր և ընդունել ամենակրեատիվ նախագիծը։
Մի շատ պարզ ու շատ խելացի առաջարկ՝ տեղադրել փականներ՝ քաղաքի ցայտաղբյուրների վրա։ Վատը չէ նաև հետևյալ առաջարկը՝  Երևան քաղաքի  դիտահորերի կափարիչները զարդարել գեղեցիկ և յուրօրինակ նկարազարդումներով՝ որպես իսկական փողոցային արվեստի նմուշներ։Որպես  լուծում առաջարկում է  հայտարարել «Ամենագեղեցիկ  փողոցային  արվեստը» մրցույթը: Այդ գաղափարը կառաջացնի մրցակցություն՝ Երևանի վարչական շրջանների միջև: Նրանք կմրցեն միմյանց  հետ՝ զարդարելով քաղաքի դիտահորերը վառ, մեկը մյուսից գեղեցիկ և բազմաբնույթ նախշերով:

Կան նաև այլ  բավականին հետաքրքիր առաջարկներ,օրինակ, քաղաքում ունենալ բնական քարերով, խիճով, այլ բնական նյութերով այգի, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան բոբիկ քայլել և շփվել հողի հետ։Կամ՝ այլընտրանքային փոխադրամիջոցների կիրառման մշակույթի՝ հեծանվային տրանսպորտի զարգացման ու Կենտրոն վարչական շրջանը բեռնաթափելու համար քաղաքացիների և զբոսաշրջիկների հեշտ տեղաշարժի համար առաջարկվում էմ երկարաձիգ և բարձրադիր երթուղիների հանրային տրանսպորտի առջևի մասում տեղադրել 2/3 հեծանվի տեղափոխման համար կախիչներ, որոնք հնարավորություն կտան բարձրադիր գոտիներում բնակվող քաղաքացիներին հեշտությամբ տեղափոխել իրենց հիմնական տրանսպորտային միջոցը՝ հեծանիվը, որն էլ նպաստող հանգամանք կարող է հանդիսանալ մայրաքաղաքում հեծանվային մշակույթի զարգացման՝ հեծանվային երթևեկության կազմակերպման համար: