ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու առաջին տեղում ռուսներն են, նրանց զիջում են ամերիկացիներն ու իրանցիները

ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու առաջին տեղում ռուսներն են, նրանց զիջում են ամերիկացիներն ու իրանցիները

Թավշյա հեղափոխությունից հետո զբոսաշրջիկների թիվն ավելացել է, համենայնդեպս, այդ մասին են վկայում պաշտոնական վիճակագրություններն ու ներկայացվող թվերը։ Երկարացել է նաեւ զբոսաշրջության սեզոնը՝ հասնելով մինչեւ հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներ։

Մենք տեղեկություններ ենք ստացել, որ զբոսաշրջիկների հոսքին զուգահեռ, նաեւ մեծացել է նրանց կողմից Հայաստանում սեփականություն ձեռք բերելու ցանկությունն ու վիճակագրությունը, հատկապես այդ գործում ակտիվ են իրանցիները, որոնք տարվա մեջ մի քանի ամիս անցկացնում են հիմնականում Երեւանում։

Մենք դիմեցինք Կադաստրի պետական կոմիտե՝ տեղեկանալու, թե վերջին շրջանում օտարերկրացիների, մասնավորապես՝ իրանցիների կողմից սեփականություն ձեռք բերելու թվի աճ կա՞։ Այնտեղից մեզ տրամադրեցին իրենց կողմից իրականացրած վերջին վիճակագրությունը այս տարվա սեպտեմբերի ամսվա համար։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձիք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Հողային օրենսգրքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձիք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն մեր հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցողները։

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձիք կարող են ձեռք բերել սեփականության իրավունք միայն տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի նկատմամբ։

Այսպիսով, 2019 թվականի սեպտեբեր ամսվա տվյալների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 186 բնակարան, 72 բնակելի տուն, 2 արտադրական նշանակության շինություն, 9 հասարակական նշանակության շինություն, 121 կտոր հողատարածք։

Ըստ մեզ տրամադրած վիճակագրության՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու առաջին տեղում ռուսներն են, հետո՝ ամերիկացները եւ եռյակը եզրափակում են իրանցիները։ Այդ թիվը 2018 թվականի աեպտեմբեր ամսվա համեմատությամբ աճել է։ Եթե անցյալ տարի ՌԴ քաղաքացիները գնել էին 76 անշարժ գույք, ապա այս տարի սեպտեմբեր ամսին՝ 114, պատկերը մի փոքր փոխվել է ամերիկացիների եւ իրանցիների դեպքում անցյալ տարվա համեմատ։ ԱՄՆ-իւ քաղաքացիներն անցյալ տարի նույն ամսին ձեռք են բերել 27, իսկ այս տարի նույն ժամանակահատվածի համաձայն՝ 24 անշարժ գույք, իրանցիները անցած տարի 14, այս տարի՝ 11 անշարժ գույք։