Խոսնակ, որն իր լիազորությունների սահմանները չի պատկերացնում

Խոսնակ, որն իր լիազորությունների սահմանները չի պատկերացնում

Նոր իրողությունների հետ գործ ունենք՝ նախկին իշխանությունների սպասարկուները, նոր իշխանությունների գործիքի դեր ստանձնած տարբեր թափթփուկներ սկսել են թաքնվել ազգայնականության, հայրենասիրության, պետական շահի անվան տակ եւ դասեր տալ լրատվամիջոցներին։ Իրենց սահմանափակ մտավոր կարողություններով եւ տեսահորիզոնով որոշում են, թե որն է ազգային, պետական շահը, ինչ պիտի գրեն ու լուսաբանեն լրատվամիջոցները, ինչ չպիտի լուսաբանեն։ Սրանք, որ հիմնականում կազմված են չկողմնորոշված, որեւէ մարդկային խմբի ու թիմի իրենց պատկանելությունն այդպես էլ չորոշած անձանցից ու պաշտոնյաներից, պարզվում է, մեզնից լավ գիտեն՝ որն է պետական գաղտնիքը եւ այդ գաղտնիքը պահպանելու հոգսը դրված է միայն իրենց ուսերին։

Ասենք, պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում ՊՆ նախարարները ժառանգում են որպես պետական գույքի մի մաս, որոշել է, որ Խաղաղապահների զորամասից հրաժարականներ տվող, իրենց ծառայությունից դժգոհ զինծառայողների բողոքը մենք իրավունք չունենք հրապարակել։ Ինքը որոշել է, որ դա պետական գաղտնիք է՝ հրապարակման ոչ ենթակա։ Այսինքն զինծառայողները մարդ չեն, իրավունքներ չունեն եւ մամուլին դիմելու իրավունք նույնպես չունեն։ Ի դեպ, նման խոսակցություններ անցյալում շատ ենք լսել՝ բանակի թեման տաբու էր։ Կոռուպցիան ու ամենաթողությունը տիրում էր բանակում, բայց մեր՝ լրագրողներիս բերանը փակում էին։ Չի կարելի գրել՝ թշնամին էլ է կարդում։ Բայց եթե եկել է երկիրը մաքրելու, փակ դռներ բացելու ժամանակը, բանակն ու պաշտպանական համակարգն էլ պետք է մաքրվեն ու բացվեն։ Նաեւ մաքրվեն՝ հին մտածողությամբ մարդկանցից, փակ դռների հետեւում կոռուպցիոն գործարքները կոծկողներից։

Մամուլի խոսնակների ինստիտուտն, իրականում, վաղուց կարիք ունի բարեփոխվելու, կանոնակարգվելու։ Այս պաշտոնը զբաղեցնող անձանց մի մեծ խումբ չի պատկերացնում իր եւ մեր իրավունքների սահմանները։ Չգիտի՝ ինչ կարող է ասել, ինչ ոչ։ Անգամ չգիտի, որ իր ասած յուրաքանչյուր խոսք վերագրվում է իր ղեկավարին։ Եւ ինքն ինքնուրույն որեւէ կարծիք հայտնելու իրավունք չունի պարզապես, քանզի ինքն ընդամենը ԽՈՍՆԱԿ է։ 
Երբ մենք ձեր կարծիքն իմանալու կարիքն ունենանք՝ անպայման կդիմենք ձեզ։ Մյուս բոլոր դեպքերում ձեր պարտականությունն է մեր հարցերին պատասխանելը եւ ձեր ղեկավարների հրահանգները սրբորեն կատարելը։ Վերջ։