Նիկոլ Փաշինյանը դարձել է մեր օրերի Զենոնը

Նիկոլ Փաշինյանը դարձել է մեր օրերի Զենոնը

Մեկ-մեկ ինձ թվում է, որ մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է մեր օրերի Զենոնը։

Հույն փիլիսոփա, Էլեաթների դպրոցի ներկայացուցիչ Պարմենիդեսի աշակերտ Զենոնին հիշում եք, չէ՞, որ դեռ էն հի՜ն՝ մ․թ․ա․ Սերժի թվերից հայտնի էր իր «գալուստսահակյանական» ոճի տարօրինակ մտքերով։

Օրինակ՝ այս մեկը․ «Շարժվողը չի շարժվում այն տեղում, որտեղ գտնվում է և չի շարժվում այն տեղում, որտեղ չի գտնվում»։ Էսպիսի հանճարեղ միտք կարող էին արտաբերել մեկ էլ Գալուստ Գրիգորիչը, Հովիկ Աղազարյանն ու Թագուհին, եթե, իհարկե, ծամոնը բերանից հանի, մազերի գույնը մի քիչ մգացնի և ուղեղին էլ դույզն-ինչ զոռ տա (ամեն դեպքում, նույնիսկ նման հանճարեղ մտքերի համար պետք է որոշակի ուղեղ ունենալ, որին երբեմն հարկ կլինի զոռ տալ)։

Լավ, չշեղվենք։ Ուրեմն էս մեր Զենոնը տարօրինակ խասյաթ ուներ՝ որ պարապ էր մնում, սկսում էր ինքն իր համար ապորիաներ, այսինքն՝ անլուծելի խնդիրներ առաջադրել ընդդեմ տարբեր բաների։ Օրինակ՝ ապորիաներ ընդդեմ շարժման գոյության, ապորիաներ ընդդեմ բազմության գոյության, ապորիաներ ընդդեմ տարածության գոյության և այսպես շարունակ։

Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ կարծես թե իր հերթին է սկսել ապորիաներ առաջադրել, որոնք ոնց որ թե ոչ մի կերպ չեն լուծվում։

Օրինակ՝ ապորիաներ ընդդեմ արդարադատության գոյության, ապորիաներ ընդդեմ ժողովրդավարության գոյության, ապորիաներ ընդդեմ տղամարդկության գոյության, ապորիաներ ընդդեմ բազմակարծության, ապորիաներ ընդդեմ խելամտության և այսպես շարունակ։

Ընդդեմ արարադատության գոյության ապորիաները հորինելու ժամանակ, ենթադրում եմ, Փաշինյանը արտահայտած կլինի 50 միլիոնով բիլբորդին փակցնելու արժանի հետևյալ միտքը․ «Արդարադատություն չի կարող տեղի ունենալ մի երկրում, որտեղ դատարանների դռները բաց են, և չի կարող արդարադատություն իրականացնել այն դատարանը, որի դռները բաց չեն»։ Չի բացառվում նաև այս միտքը արտահայտած լինի․ «Երբեք չի կարող անաչառ լինել այն դատավորը, որը վնգստում է, և պատերի տակ վնգստացող դատավորը չի կարող անաչառ լինել, եթե չի վնգստում»։