Թե ինչու կարելի է վստահաբար ասել, որ միջանցք չի լինելու․ քաղաքագետ
Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը «բավարար» բառով բնութագրեց Սոչիում Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման արդյունքները, հայտարարության բնույթը և մասնակիցների հռետորաբանությունն ու տոնայնությունը։ Բավարար, որովհետև սպասումներն վա՞տն էին։ «Չի բացառվում, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանի նկատմամբ կային ճնշումներ և շրջանառում էր, որ անպայման ինչ-որ նոր փաստաթղթեր պետք է ստորագրվեն, որոնք կվերաբերեին միջանցքի տրամադրմանը և այլն։ Բայց տեսանք, որ նման փաստաղթերի տրամադրություն չեղավ։ Հետևապես, արդյունքը գնահատվում է բավարար՝ հաշվի առնելով մեր ներուժը»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանi, ՌՎլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ հղում է արվում նախորդ՝ Նոյեմբերի 9-ի և Հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքին,նշվում է, որ պայմանավորվել են ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկման և գործընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ մղելու շուրջ։
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ողջ Հայաստանին (նաև Թուրքիային և Ադրբեջանին) ամենից շատ հետաքրքրում էր միջանցքի հարցը, որի մասին որևէ հիշատակություն նոր եռակողմ հայտարարության տեքստում չկա, ինչպես նաև՝ որպես տերմին չօգտագործվեց մասնակիցների բանավոր խոսքում։
«Այնպես որ, Ադրբեջանը թող առաջ տանի իր պատկերացումը, բայց փաստն այն է, որ նման տերմին, որպես այդպիսին որևէ փաստաղթում, որ էսքան ժամանակ ստորագրվել են, գոյություն չունի»,-նկատեց քաղաքագետը։
Այս համատեքստում ներկայացնենք Նիկոլ Փաշինյանի ընդգծումը, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տարընթերցումներ չկան։ Ի վերջո, մենք հիշում ենք նրա վերջին հեռուստաասուլիսում հնչեցրած մեկնաբանությունը, որ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք գոյություն չունի, եթե լիներ, ապա կօգտագործվեր, ինչպես նույն փաստաթղթում գտագործվում է «Լաչինի միջանցք» բառակապակցությունը։ Այնուամենայնիվ, միայն դա բավարա՞ր է, որպեսզի թեթևացած շունչ քաշենք, որ միջանցք չի լինելու։ Դա ինչ-որ բան երաշխավորո՞ւմ է, ի վերջո, ինչպես հայտարարեց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, այդ կոմունիկացիան կարելի է ոչել տարբեր կերպ՝ միջանցք, ճանապարհ և ալյն։
«Անվանումները՝ միջանցք, չգիտեմ՝ զանգեզուրյան միջանցք և այլն, ինչպես թուրքադրբեջանական կողմն է մեկնաբանում, կարևորը հաղորդուղու կարգավիճակն է, և այն, ինչպես նշվեց՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մասին։ Եվ այդ մասին ոչ միայն երեկվա հանդիպմանն էր նշվել, այլև նախորդիվ։ Հիմա մեկ այլ կարևոր հարցի մասին․ եթե Հայաստանով անցնում է մի հաղորդուղի և դա ՀՀ սուվերեն տարածքն է, դա նշանակում է, որ «միջանցք» ձևակերպումը, որը ենթադրում է ՀՀ վերահսկողությունից դուրս և այդ միջանցքից օգտվող կողմերի վերահասկողության ներքո հաղորդուղի, դա ուղղակի լինել չի կարող։ Եվ մի կարևոր հանգամանք էլ, որին անպայման պետք է ուշադրություն դարձնել, որ եթե Հայաստանով անցնելու է ինչ-որ ուղի և դա շարունակվելու է Ադրբեջանով դեպի Ռուսաստան, պարզ է, չէ, որ Ադրբեջանը երրրորդ կողմին չի ներգրավելու, որ գա այն վերահսկի իր պետության սուվերեն տարածքում։ Այնպես որ, այստեղ հավասարության սկզբունքն ուղղակիորեն բացառում է ՀՀ տարածքով անցնող որևէ ուղու՝ Հայաստանի վերահսկողությունից դուրս լինելու հանգամանքը»։
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ հայ-ադրեբաջանական սահմանին և Արցախում հայ-ադրբեջանական բախումները այո, եղել են, բայց համակարգային բնույթ չեն կրել, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ նա պարզապես փորձում է արդարացնել իր գործողությունները և միևնույն ժամանակ հեղինակազրկել նաև խաղաղարար առաքելություն իրականացնող կողմ Ռուսաստանին։ «Եվ ուզում եմ ընդգծել, որ առաջինը ՌԴ նախագահն իր բացման խոսքում նշեց, որ սահմանային միջադեպերը պետք է ոչ թե նվազեցվեն, այլ վերացվեն։ Եվ սա ակնարկ էր նաև այն մասին, որ Ադրբեջանը չի պահում, համենայնդեպս, կրակի դադարեցման հանձնառությունը լիարժեքորեն»։
Պետության առաջին դեմքերի արարարողակարգային հանդիպումների ժամանակ կարևոր են անգամ մանրուքները և խորհրդանիշները։ Հաշվի առնելով այն, որ Վլադիմիր Պուտինը հայտնի է խորհրդանիշների հանդեպ իր թուլությամբ։ Իսկ նա հանդիպման ավարտին կողմերին նվիրեց ձիթենու (խաղաղության ճյուղեր)։ Սա որպես խորհրդանի՞շ, թե այնուամենայնիվ, այլ իմաստ էլ ուներ։ Որ, օրինակ, ՌԴ-ն այլևս չի հանդուրժելու այդ սահմանային բախումները։
«Սիմվոլիկ բնույթ կրող բաները կողմերից որևէ մեկին որևէ բանով չեն պարտավորեցնում։ Հետևապես, մենք պետք է վերլուծենք քաղաքական գործընթացները․ եթե առաջիկայում այլևս չեն լինի նման միջադեպեր, ուրեմն՝ այդ սիմվոլիկան ինչ-որ տեղ համարենք աշխատել է, բայց եթե ոչ, դա զուտ սիմվոլիկ բնույթ ուներ։ Չնայած, ավելորդ է անգամ նշել, որ մենք երբեք խաղաղություն չենք խախտել, և դա խախտել է բացառապես Ադրբեջանը»,-ասում է Էմիլ Օրդուխանյանը։
Կարծիքներ