Հայաստանի վարկանիշն ամենացածրերից է աշխարհում

Հայաստանի վարկանիշն ամենացածրերից է աշխարհում

Մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը մի շարք առումներով Հայաստանն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող երկիր էր համարվում: Շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ տարում, չափազանց արագ այդ վարկանիշը սկսեց իջնել, եւ մենք դարձանք ամենացածր վարկանիշն ունեցող երկրներից մեկը: Դա ինքնաբերաբար չի եղել, այլ եղել է մեր գործողությունների պատճառով: Իսկ պատճառները շատ-շատ են։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝ ըստ կարեւորության եւ ըստ ժամանակագրության: Արցախյան 44-օրյա պատերազմ: 

Պատերազմում չափազանց շատ բան բացահայտվեց: Մեր վարած անկազմակերպ՝ ցաքուցրիվ պատերազմը, որի ընթացքում բացակայում էր կառավարելիությունը, քանզի ում մտքով ինչ անցել, այն էլ արել է, որը հարեւնման է հանկարծակի ծագած փողոցային կռվի: Թե որքան սուղ են եղել մեր զորքի զինտեխնիկան, զինամթերքը եւ պատերազմի համար անհրաժեշտ մյուս պարագաները, նման վիճակագրության չեմ տիրապետում, բայց որ եղածն էլ ճիշտ չի օտագործվել, ակնհայտ է: Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ հայկական որոշ միավորումներ դուրս են եկել հայկական այլ միավորումների դեմ եւ իրար վրա կրակել: 

Այսինքն՝ պատերազմի օրերին իրական քաոս է տիրել մեր զինված ուժերում, եւ նման իրավիճակներում չարդարացված զոհեր էլ ենք տվել, անկախ նրանից, թե մեր հերոս՝ իրենց կյանքը չխնայող զինվորները որքան հերոսաբար են մարտնչել թշնամու գերժամանակակից զինտեխնիկայի եւ զորքի դեմ: Կամավորների եւ զորքի գործողությունները բացարձակապես կանոնակարգված չեն եղել, անփորձ ու անհայտ անձինք միանգամից հայտնվել են առաջնագծում, երբեմն էլ պարզվել է, որ նրանց մի մասը գնացած է եղել ավար բերելու: Եղել են դավաճաններ ու դավաճանական խմբեր, որոնք նպաստել են թշնամուն՝ լրտեսության եւ մեր տարածքների հանձնման առումով: Շուշի, Հադրութ եւ շատ այլ տարածքների հանձնումը եղել է նաեւ նման գործողությունների արդյունքում: Զարմանալի է, որ վստահ լիելով, որ վաղ թե ուշ անխուսափելի է պատերազմը, այնուամենայնիվ,  նախապատերազմյան ողջ ժամանակահատվածում մերոնք որեւէ լուրջ զինտեխնիկայի հարց չլուծեցին, քանզի դա պետք է լիներ մերոնց թիվ 1 գերխնդիրը, եւ պետք է փակեին բոլոր ծախսերն ու բոլոր միջոցներն ուղղեին զինտեխնիկայի գնմանը: 

Եթե նորմալ մոնիթորինգ արվի այդ ժամանակվա բյուջեի միջոցների ծախսերի ուղղությամբ, ապա կպարզվի, որ այդ ծախսերն արվել են համարյա այնպես, ինչպես արվում են խաղաղ ժամանակներում: Փաստորեն, մերոնք չափազանց վստահ են եղել, որ պատերազմը վաղ թե ուշ լինելու է, սակայն այդ ուղղությամբ նախապատրաստական լուրջ քայլեր չեն ձեռնարկել: Թե ինչի վրա է եղել իշխանության հույսը, անհասկանալի է: Աշխարհն ուշադիր հետեւում էր այդ պատերազմի ընթացքին եւ օր-օրի զարմանում, որ Արծրուն Հովհաննիսյանի նման մեկն ազդարարում էր, որ մերոնք փառահեղ մարտեր են անցկացնում, եւ մենք հաստատ հաղթելու ենք… Աշխարհն այդպես էլ չհասկացավ, թե որն էր մեր նպատակը, որ 44 օր շարունակ անհիմն հայտարարում էին՝ հաղթելու ենք, սակայն արդյունքում խայտառակ պարտություն կրեցինք: Պարզ բան չհասկացանք, որ աշխարհն ուշադիր հետեւում է պատերազմի ընթացքին, եւ նա իրական վիճակը լավ էր տեսնում ու իր համար փաստեց, որ հայերն ընդամենը օդի մեջ բառեր նետող, անլուրջ ժողովուրդ են, որն էլ դարձավ մեր նկատմամբ նրանց կարծիքի առաջին բաղադրիչը: Աշխարհը տեսավ նաեւ մեր անկազմակերպվածությունը, մեր դավաճանությունները, մեր վարած պատերազմի քաոսայնությունը, մեր զինվորների աննկուն հերոսությունը, սակայն չտեսավ պատերազմ վարելու մեր լրջությունը: Նոյեմբերի 9-ի, այսպես ասած, հրադադարից հետո տեսավ նաեւ մեր դիվանագիտական անկարողությունը, որը բերեց նրան, որ 2021թ. մայիսի 12-ից սկսած՝ թշնամին անարգել կերպով մտավ Հայաստանի մի շարք տարածքներ եւ օր-օրի էլ ավելի է խորանում մեր տարածքում: Անգամ վերցրին Կապան-Գորիս ճանապարհահատվածի 20 կմ-անոց հատվածը եւ սկսեցին մաքսակետեր կառուցել, մաքսային վերահսկողություն իրականացնել: 

Վերջին հարձակումը նոյեմբերի 16-ին էր, երբ մի շարք ուղղություններով  հարձակվեցին, եւ մենք զոհեր ունեցանք, գերեվարված զինվորներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտ է: Փաստորեն, այսօր թելադրողն Ադրբեջանն է, իսկ մենք պաշտպանվողի կարգավիճակ էլ չունենք: Զարմանում եմ, թե այսքանից հետո ինչ սահմանազատման եւ սահմանագծման մասին կարող է խոսք գնալ: Ցավալի է, սակայն զգոնության բազմաթիվ կոչերը մեր իշխանությունների վրա որեւէ ազդեցություն չեն ունենում, ամեն ինչ շարունակվում է նույն ընթացքով: Այս ամենը հերթական անգամ վկայում է, որ մենք մենակ ենք այս աշխարհում, եւ պետք չէ իզուր օգնության հույսեր փայփայել: 
Մտածել ու սթափվել է պետք․․․

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ