ՊԵԿ-ում ծանոթ-բարեկամով աշխատանքի ընդունվելու ավանդույթները շարունակվում են․ բաց նամակ ՊԵԿ նախագահին

ՊԵԿ-ում ծանոթ-բարեկամով աշխատանքի ընդունվելու ավանդույթները շարունակվում են․ բաց նամակ ՊԵԿ նախագահին

Քաղաքացի Հասմիկ Ադամյանը մասնակցել է ՊԵԿ թափուր պաշտոնի մրցույթին եւ որոշել է բարձրաձայնել մի շարք «անարդարությունների» մասին։ Նա բաց նամակ ունի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ուղղված, որը ներկայացնում ենք ստորեւ․

«Հարգելի պրն. Անանյան, մասնակցել եմ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթին: Մրցույթի առաջին ` թեստավորման փուլը հաղթահարել եմ առավելագույն միավորներով, անցել մրցույթի բանավոր փուլ, որին մասնակցելուց ապրել եմ մեծ հիասթափություն (ի դեպ արդեն երկրորդ տարին է ինչ դիմում և մասնակցում եմ): Պրն. Անանյան խնդրում եմ ասեք՝ արդյոք իրավազոր է հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողովի ըստ օրենքի 9 հոգանոց անդամներից բանավոր փուլին հանձնաժողովի 6 անդամների մասնակցությունը, գնահատումը և կայացրած որոշումը, քանի որ ըստ Կառավարության օրենքով սահմանած կարգի հանձնաժողովի անդամների թվաքանակը պետք է լինի 9-ը, հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն յոթ հոգի (տրամաբանորեն էլ զույգ թիվ չի կարող լինել):

Իմ պարագայում 2 դեպքում էլ ձայները կիսվել են` 3 կողմ, 3 դեմ և ինձ հայտնել են, որ ձայների հավասար բաշխվածության պարագայում ես մրցույթում հաղթող չեմ ճանաչվում (ունեմ ձայնագրություն): Պրն. Անանյան եթե Ձեր ժամանակի սղության պատճառով չեք կարող ծավալուն պատասխանել, խնդրում եմ գոնե ասեք 6 հոգանոց հանձնաժողովի կայացրած որոշումը իրավազոր է, թե ոչ, քանզի իմ շահերը պաշտպանելու համար մտադրություն ունեմ դիմել դատարան: Ես թեստավորումից ստացել եմ 100-ից 100, 95-ից 95 և իմ ունեցած չորս հնարավորություններից վերջին 4-րդի բանավորին միայն մի կերպ անցկացրեցին, այն էլ 2-րդ, 3-րդ տեղով (խղճներին չնստեց երևի չորրորդ անգամ կտրել), քանզի նախապես որոշված էր, որ առաջին տեղով պետք է անցկացնեին հարկայինում աշխատողի քրոջը, ում պետը հանձնաժողովի մեջ էր և բազմիցս պատասխաններում ուղղեց, հուշեց, նրա փոխարեն պատասխանեց հարցերին ու այդ ներկայացմանը ես ներկա էի:

Մի խոսքով դա մրցույթ չէր, այլ մրցույթի իմիտացիա։ Իսկ ես հավատում էի, որ իրավիճակ է փոխվել ու այս անգամ լինելու է այլ կերպ, բայց արի ու տես որ այդ համակարգում ինչպես եղել է՝ ծանոթ- բարեկամով աշխատանքի ընդունվելու լավագույն ավանդույթները, այդպես էլ շարունակվում է։ Ինչպես ասաց ՊԵԿ-ում աշխատող իմ ծանոթներից մեկը « Եւ չագուճն է իրենց ձեռքում, եւ մեխը»։ Հստակ հաշվարկ է, գիտեն ում որտեղ պետք է նշանակեն ու որտեղ գործի տեղավորեն։ Եթե թեստավորման փուլում ոչինչ չեն կարող անել, քանի որ բացառվում է մարդկային միջամտության գործոնը, ավարտից հետո սեղմում ես համակարգչի ստեղը ու տեսնում քո ճիշտ կամ սխալ պատասխանները, ապա բանավորի դեպքում այդ հնարավորությունից դու զրկված ես: Ավելին քո անուն ազգանունով տոմսը նախապես իրենք են կազմում ու քննասենյակ մտնելուց հրամցնում քեզ, որի իրավունքը իրենք չունեն, խախտվում է գաղտնիության սկզբունքը։

Պետք է քո ներկայությամբ, քո հարցերը պատահականության սկզբունքով համակարգիչը ընտրի, կամ գոնե ինչպես բուհերի քննություններում է քո ձեռքով տոմսդ քաշելու հնարավորություն ունենաս՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար։ Թե չէ ստացվում է ծանոթ-բարեկամների հարցատոմսերում ներառում են ոլորտին վերաբերող մանկապարտեզային հարցեր, իսկ անծանոթներին՝ այնպիսի բարդության հարցեր, որոնց նույնիսկ համակարգում երկար տարիներ աշխատողները չեն կարող պատասխանել ։ Ու որ առավել աբսուրդ է 6 հոգանոց հանձնաժողովի կայացրած որոշումները։ Ես հանձնվող տեսակ չեմ ու պայքարելու եմ իմ իրավունքների համար»։