Քամուց քշված, կառավարությունից տուժած

Քամուց քշված, կառավարությունից տուժած

Կոտայքի մարզի Ակունք գյուղում 40 տանիք է վնասվել գարնանային քամիներից: Մայիսի 24-ին մարդիկ ահազանգել էին Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն, որ քամու հետևանքով վնասվել են նրանց կտուրները, որ ծառերն ընկել են տների վրա: Այն ժամանակ արձանագրվել էր, որ փոթորիկների հետևանքով մոտ 40 տան տանիք է վնասվել, 2 զրուցարան, մոտ 240 պտղատու ծառ, 4 ջերմատուն, մոտ 100 գծամետր գազատար, տների պարիսպներ, գոմերի տանիքներ, խորդանոցներ, էլեկտրական մալուխներ, ավտոմեքենաներ: Մարզպետարանից եկել էին, չափագրումներ արել, ակտավորել էին գյուղացիների կրած վնասը: Մարդիկ հույս ունեին, որ որոշ չափով այն կփոխհատուցվի, բայց ձմռան բերան հույսերը գրվեցին սառույցին: 

Ակունքի բնակիչներից Ռուստամ Կարապետյանը, որը քամուց տուժածներից է, դիմել է կառավարություն: Այնտեղից Ակունքի բնակիչներին ուղարկել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մոտ, որը լուսաբանել է բնակիչների համար կառավարության նոր սոցիալական քաղաքականությունը, որի համաձայն որևէ փոխհատուցում բնական աղետներից տուժածների համար նախատեսված չէ:

«Երեկ մեզ մարզպետը ասեց, որ փոխհատուցման ծրագիր չի գործում: Վերջինը գործել է մինչև 2020 թվականի սեպտեմբերը: Դրանից հետո ոչ մի փոխհատուցումներ չեղան: Մե մանեթ չի, երկու մանեթ չի, ոչ էլ մենք հացի փող, կամ դեղի փող ենք իրենցից ուզում: Ընդամենը ասում ենք, որ մի փոքր մաս գոնե մեր վնասից փոխհատուցեն, չէ՞ որ մեր մեղքով չենք տուժել, քամի էր», - ասում է Կարապետյանը:  

Նա նաև հայտնեց, որ մարզպետը խոստացել է հարցը այս երկու օրը ներկայացնել վարչապետին: