Չի ֆայմել պայմանավորվել իրանական բեռնատարների առումով

Չի ֆայմել պայմանավորվել իրանական բեռնատարների առումով

Մարդ քիչ է մնում արդեն գժվի. պարզվում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի ֆայմել պայմանավորվել իրանական բեռնատարների չվերթների առումով: Երբ բանավոր պայմանավորվածությունների մեջ էր մտնում «կիրթ ու կառուցողական» Իլհամի հետ, Նիկոլը չի ֆայմել պայման կապել, որ Իրանից բեռնատարներն անարգել եւ առանց որեւէ ֆինանսական փոխհատուցման պետք է մտնեն Հայաստան եւ դուրս գան Հայաստանից: Դե, իսկ «կիրթ ու կառուցողական» Իլհամն էլ «մոռացել» է հայաստանցի գործընկերոջը հուշել դրա մասին: Եվ քանի որ այդ հարցում ջենթլմենական (այսինքն՝ բանավոր) պայմանավորվածություն չի եղել, Ադրբեջանի իշխանությունը իրանական բեռնատարների վարորդներից 150-300 ԱՄՆ դոլարի «օրինական» մաքսավճար է գանձում: Իսկ իրանցի վարորդը բողոքում էր, որ ինքն ընտանիք ունի, երկու երեխա, յուրաքանչյուր չվերթի (ռեյսի) համար ստանում է 600 դոլար եւ դրա կեսն էլ ստիպված է տալ ադրբեջանցուն: 

Եթե երկար շարունակվի այդ գործընթացը, ապա իրանցին կարող է եւ դադարեցնել մեր երկրի ուղղությամբ աշխատելը: Իսկ ի՞նչ է անում այդ հարցում ադրբեջանցու եւ թուրքի հետ խաղաղության դարաշրջանի հաստատման մունետիկը: Ոչինչ՝ ուրիշ ի՞նչ կարող է անել: Հա, ներողություն, կարող է խաղաղություն մուրալ, լավագույն դեպքում էլ իրանցի վարորդներին առաջարկել սպասել առնվազն մեկ տարի: Մինչեւ այլընտրանքային նորմալ ճանապարհ կառուցելը: Հիշում եք, չէ՞, ինքը նույն ձեւով մի քանի ամիս առաջ Ադրբեջանում պահվող գերիներին եւ նրանց հարազատներին առաջարկում էր սպասել եւս մեկ-երկու ամիս, մինչեւ կարողանա լուծել գերիների հարցը: Արդյունքում գերիները մնացել եւ մնում են մի քանի անգամ ավելի երկար, քան նրանցից խնդրում էր երկրի վարչապետ կոչվածը:

Իսկ նրա ուսապարկերն ասում են, որ բեռնատարների վարորդները կարող են օգտվել շրջանցիկ գրունտային ճանապարհից, որը նման մեքենաների համար բացարձակ անանցանելի է: Սակայն լավագույն առաջարկն արել է նիկոլական գրպանային ընդդիմության կուսակցապետերից մեկը. Արամ Սարգսյան անուն-ազգանունով այդ անձն առաջարկել է հարցի լուծումը հասցեագրել իրանական իշխանությանը: Թող նրանք Ադրբեջան-Իրան-Նախիջեւան չվերթի մաքսային գումարների հավասարակշռման հաշվին լուծեն այդ խնդիրը: Հետաքրքիր է՝ Իրանի համապատասխան պետական գերատեսչությունը չի՞ սկսել արդյոք այդ խնդրի վերաբերյալ նման առաջարկի քննարկումները... 

Եթե իշխանափոխությունից հետո մեր երկրում մի օր հայտարարվի նիկոլական իշխանության ներկայացուցիչների արտաբերած անհեթեթությունների մրցույթ, ապա լավագույն տասնյակում տեղ գրավելու հնարավորություն ունի հետեւյալ «դատողությունը». «Եթե ձեզ թվում է, որ կյանքը պետք է կանգնեցնել, ոչինչ չանել եւ միայն զբաղվել այդ մի ճանապարհի հարցերով, չշնչենք, չքնենք, ապա դա ամենեւին  ճիշտ չէ»: Հեղինակը, հիշեցնեմ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյան Վահանն է: Ինչ մնում է այդ «դատողությանը» պատասխանելուն, ապա ասեմ, որ մեր կյանքը կշարունակվի շատ ավելի նորմալ տարբերակով, եթե ՀՀ էկոնոմիկայի նախարարը չլինի Քերոբյան Վահանը, իսկ վերջինիս վերադասը՝ Փաշինյան Նիկոլը:

Բայց վերադառնանք իրանական բեռնատարների չվերթների առումով ֆայմելու խնդրին: Ավելի քան երկու եւ կես տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որը սովորություն էր դարձրել տնտեսության զարգացման 100-ական փաստեր (թե որքան էին դրանք իրական՝ դա այլ հարց է) հրապարակելը, չի ֆայմել այդ հարցը քննարկել Իլհամի հետ: Իսկ բանավոր պայմանավորվածությունները, չմոռանանք, տեղի էին ունեցել պատերազմի ավարտից բավական ուշ, ենթադրաբար՝ դեկտեմբերին: Այսինքն՝ խայտառակ պարտության առաջնային շոկն արդեն անցել էր, նա դուրս էր եկել թաքստոցից եւ կառավարության նիստեր էր վարում:

Եվ նրա շրջապատում չկար որեւէ մեկը, որ խորհուրդ տար այդ հարցը ներառել ընթացող պայմանավորվածությունների օրակարգում: Թե՞ դա գաղտնի է պահվել նույնիսկ սեփական ուսապարկերից ու կառավարությունից: Երկու դեպքում էլ ֆայմելու հարցը կդառնա լուրջ քննարկման խնդիր իշխանափոխությունից հետո, ինչը, չեմ կարծում, թե սարերի հետեւում է: