«Հրապարակ». Իրանում կարծում են, որ Հայաստանն ինքնասպանություն է գործում

«Հրապարակ». Իրանում կարծում են, որ Հայաստանն ինքնասպանություն է գործում

Հարցազրույց Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանի հետ։

- Իրանի հայ համայնքում ինչպե՞ս են վերաբերվել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ու, այսպես կոչված, անկլավներն Ադրբեջանի մաս ճանաչելուն։

- Հայկական համայնքը եթե 2 մասի բաժանենք, մեկն ընդդիմադիր դաշտն է, որ մեծամասնությամբ Դաշնակցության շարքերն են։ Բնականաբար, նրանք չէին կարող լավ վերաբերվել նման հայտարարությանը եւ այս հարցի վերաբերյալ շատ պարզ ասացին։ Նաեւ մեր սրբազան հայրն էր, որ շատ պարզ ասաց, որ ոչ ոք իրավունք չունի իր կողմից եւ մեկ ստորագրությամբ Արցախը հանձնի Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է սովորական ժողովրդին՝ իր դժգոհությունն արտահայտել է նաեւ համացանցում։

- Իրանական կողմն ինչպե՞ս է վերաբերվել այս հայտարարություններին։

- Պարսիկ լրատվամիջոցները, ոչ կառավարական մասնագետները շատ թունդ են քննադատել այս քայլը։ Բազմաթիվ վերլուծաբաններ են հայտարարել, որ սա ինքնասպանություն է Հայաստանի կողմից՝ հատկապես անկլավների հարցով։ Իրենք հայտարարում են, որ անկլավների հանձնումն Իրան-Հայաստան միջպետական ճանապարհն է վտանգում։

- Արցախի վերաբերյալ մտահոգություններ չե՞ն հնչել։

- Արցախի հարցով վերլուծաբաններն են հիմնականում անդրադարձել, բայց ոչ պաշտոնական տելեգրամյան աղբյուրների արձագանքների չեմ հանդիպել, պարզապես լուրն են տարածել, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

- Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները եւ, ընդհանուր առմամբ, Փաշինյանի քաղաքականությունն Իրանի քաղաքական վերին շրջանակների կողմից ինչպե՞ս են ընկալվում։

- Իրենք ուղղակի չեն խոսում դրա մասին, ակնարկներ կան, որ Հայաստանի իշխանությունները կատարում են Արեւմուտքի հրամանները, եւ ՀԱՊԿ-ից դուրս գալն էլ են այդ շրջանակում տեսնում։ Բայց պաշտոնական օղակներից ես նման հայտարարություն չեմ տեսել։ Իրանում փորձում են ավելի ցածր օղակներով իրենց խոսքն ասել։

- Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակ խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին։ Իրանը շարունակո՞ւմ է դա կարմիր գիծ համարել։

- Ես փոփոխություն չեմ նկատել։ Վերլուծաբանների շրջանակներում Ալիեւի եւ Փաշինյանի այդ լեզվակռիվը համարում են բեմադրություն։

- Այսինքն՝ կարծում են, որ փոխհամաձայնեցվա՞ծ են Ալիեւի նախօրեի հայտարարություններն ու Փաշինյանի երեկվա ասածները։

- Իմ կարծիքով, այդ լեզվակռիվը, որ եղավ Մոսկվայում, եւ հետո Ալիեւի հայտարարությունը համաձայնեցված բեմադրություն էր, բայց երեկ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ իրանական կողմի որեւէ արձագանքի չեմ հանդիպել։

- Ի՞նչ է սպառնում Արցախին՝ Ալիեւի երեկվա հայտարարության ֆոնին։

- Մենք բազմաթիվ անգամներ զգուշացրել ենք, ասել ենք, որ այս իշխանությունը գնում է Արցախը հանձնելու եւ ձեռքերը լվանալու։ Սփյուռքը, ընդդիմադիր դաշտն ու վերլուծաբանները շուրջ 2 տարի է՝ դա են ասում, եւ մենք տեսանք, թե ինչ եղավ։

- Սփյուռքում հնարավոր համարո՞ւմ են այս իշխանությունների հեռացումը։

- Սփյուռքը մենակ կարող է դրսից աջակցել։ Մինչեւ Հայաստանում ժողովուրդը ոտքի չկանգնի, սփյուռքը ոչինչ չի կարող անել, համատեղ պիտի լինեն Սփյուռք-Հայաստան բողոքի ակցիաները։

- Փաշինյանը սփյուռքին էլ մեղադրեց հողեր հանձնելու մեջ։

- Բնականաբար, ինքն իր գործն է անում, ինչն իրեն հանձնարարվում է, լավագույն ձեւով անում է։ Սփյուռքին էլ կմեղադրի, իր թիմակիցներին էլ կմեղադրի։ Այն, ինչը որ պարզ է 2001-ից, երբ Դավութօղլուի գիրքը հրապարակվեց, այնտեղ նշված էր․ եթե ուզում ենք Հայաստանի, Արցախի ու Ցեղասպանության հարցից ազատվենք, պետք է թիրախ դարձնենք սփյուռքը, սփյուռքն է Հայաստանի մեջքին։ Ես չեմ զարմանում, որ այդ քաղաքականությունը` 2001 թվականին մշակած, հիմա գործադրվում է։