«Հրապարակ». Թե՛ 50 հազար, թե՛ 300 հազար ստորագրությունները, և թե՛ հանրաքվեում դրական արդյունքը ռեալ եմ համարում

«Հրապարակ». Թե՛ 50 հազար, թե՛ 300 հազար ստորագրությունները, և թե՛ հանրաքվեում դրական արդյունքը ռեալ եմ համարում

Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունման պահանջով շուտով ստորագրահավաք կհայտարարվի։ Նախաձեռնողը «Հայաքվե» շարժումն է։ Հիշեցնենք՝ դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Զրուցեցինք նախաձեռնության անդամ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ: Ի՞նչ խնդիրներ են լուծում շարժման առաջին փուլում` մինչեւ հավաքված ստորագրությունները ԿԸՀ հանձնելը․

«Առաջին փուլի համար տրված է 60 օր, որից հետո 15 օր տրված է, որ նախաձեռնության անդամները ստորագրությունների թղթերը ի մի բերեն, և դրանից հետո 15 տրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ հաստատի կամ չհաստատի ստորագրությունների փաթեթի իսկությունը։ Եթե 50 հազար ստորագրությունը հաստատվում է, ապա որոշում է ընդունվում որպես օրենսդրական նախաձեռնություն նախագիծը մտնում է ԱԺ օրակարգ»,- ասաց Օրբելյանը։

- Ազգային ժողո՞վն է քվեարկությամբ որոշելու՝ հանրաքվե լինի, թե ոչ։

- Ընթացակարգը հետևյալն է․ միանգամից հանրաքվեի դնելու հնարավորություն չի տրվել, ասում է՝ եթե ուզում եք հանրաքվեի դնել ինչ-որ հարց, ապա սկզբում, որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ, պետք է դիմեք Ազգային ժողովին, եթե ԱԺ-ն ընդունի, դրա համար հանրային ռեսուրսներ ծախսելու կարիք չի լինի։ ՀՀ-ում օրենսդրական նախաձեռնությունների 3 աղբյուր կա՝ ԱԺ պատգամավորներն են՝ որպես այդ գործընթացի հիմնական աղբյուր, ծավալի առումով ամենամեծը կառավարությունն է, և երրորդը` 50 հազար ստորագրություններով հանրային նախաձեռնությունն է։ Եթե ԱԺ-ն նստաշրջանի ընթացքում չի քվեարկում կամ մերժում է, այդ ժամանակ նախաձեռնությունը կարող է պահանջել, որ ուզում է հարցը դնել հանրաքվեի, և դրա համար ևս 300 հազար ստորագրության կարիք կա։ Այսինքն՝ 50 հազար + 300 հազար։

- Ինչպես է կազմակերպվում ստորագրահավաքը, կա՞ն օրենքով սահմանված կոնկրետ վայրեր, որտեղ պետք է ստորագրահավաքը անցկացվի, թե՞ կարող են նաև Օպերայի բակում կազմակերպել:

- Այն պարզապես ստորագրահավաք չէ, ավելի ֆորմալացված գործընթաց է․ ստորագրման ձևաթուղթը, պրոցեսը ԿԸՀ-ն պետք է որոշի։ Դեռևս հարցեր կան, որոնք մինչև վերջ հստակեցված չեն՝ կապված ձևաթղթերի հետ և այլն: Բայց օրենքը հետևյալն է ասում, որ նախաձեռնող խումբը կարող է դիմել ցանկացած համայնքապետարան, խոշորացված համայնքների դեպքում նաև վարչական ղեկավարի նստավայր՝ կոպիտ ասած նախկին գյուղապետարաններ։ Երևանում՝ վարչական շրջանի ղեկավարի մոտ, նոտարի մոտ։ Այսինքն՝ որոշակի վայրեր կան, որոնք օրենքով նախատեսված են։ Դա ունի 2 նպատակ․ առաջինը, որ նախաձեռնության հեղինակները հնարավորություն ունենան հանրային տարածքը օգտագործել գործընթացը կազմակերպելու համար, և երկրորդը, որ ստորագրությունների կարգավորման որոշակի գործընթաց լինի մինչև ԿԸՀ ներկայացնելը։ Բացի դրանից կա նաև էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձանց կողմից ստորագրելու տարբերակը, որի համար վայր, որպես այդպիսին, չկա, որտեղ կգտնվեն, այնտեղից էլ կստորագրեն։ Սա նշանակում է, որ քաղաքապետարաններում կամ գյուղապետարաններում քաղաքացիների համար նախատեսված վայր է լինելու` քաղաքացիները մոտենալու են, ստորագրեն։ Երբ նախաձեռնությունը սկսվի, այսինքն՝ երբ մուտք կանենք ԿԸՀ, ձևաթղթերը և մնացածը արդեն պարզ կլինի, ավելի հստակ կներկայացվի, թե որ հասցեներում և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա։ Երբ նախաձեռնությունը գրանցվի ԿԸՀ կողմից, լինելու են մանդատներ, այսինքն՝ անձինք, որոնք հանդես են գալու նախաձեռնության անունից, և կազմակերպելու են այդ ամբողջ գործընթացը։

- Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ մարդիկ կգնան հատկացված վայրեր և կստորագրեն։

- Ես գտնում եմ, որ 50 հազարը բավականին արագ կհավաքվի, թե ինչքան արագ, տեխնիկական ինչպիսի խոչնդոտներ կփորձեն իրագործել, դժվարանում եմ հստակ ասել: Բայց ամեն դեպքում, գտնում եմ, որ 50 հազարը բավականին հեշտ պետք է հավաքվի։ 300 հազարի մասով նույնպես գտնում եմ, որ կա հանրային տրամադրություն ստորագրելու: Բայց ԱԺ-ում քննարկումներ պետք է լինեն, որից հետո դրան կհասնենք։ Ես ամեն դեպքում ռեալիստական եմ համարում և՛ 50 հազարը, և՛ 300 հազարը, և հետո էլ հանրաքվերում համապատասխան դրական արդյունք ամրագրելը։

- Ինչ պրոցես է տեղի ունենալու 300 հազար ստորագրություն հավաքելուց հետո։

- 300 հազար ստորագրություն հավաքելուց հետո հարցը դրվում է հանրաքվեի, այսինքն՝ ձևավորվում է «Այո» և «Ոչ»-ի պայմանական շտաբnեր։ Նախաձեռնող խումբը երբ հավաքում է ևս 300 հազար ստորագրություն, հարցը դրվում է հանրաքվեի։ Հանրաքվեի օր է նշանակվում, սկսվում է քարոզարշավ կողմ և դեմ շտաբների կողմից։ Չգիտեմ, թե ով կվերցնի դեմ քվեարկելու ուղղությունը, բայց կարող են գրանցվել և ստանալ։ Կլինի հանրային հեռուստաընկերության և մյուս ռեսուրսների օգտագործմամբ գործընթացներ, որոնց արդյունքում եթե հանրաքվեի արդյունքներով ստացանք դրական արդյունք, այսինքն՝ անհրաժեշտ ձայները ստացվեցին, ապա նախագիծը դառնում է օրենք։

- Իսկ հանրաքվեում հաջողության հասնելուց հետո նախագիծը պե՞տք է նախագահի կողմից ստորագրվի օրենք դառնալու համար։

- Նախագահը չի ստորագրում, որովհետև, ի տարբերություն մնացած բոլոր մարմինների, սա իշխանության առաջնային աղբյուրի կողմից իրականացված գործընթաց է, ի տարբերություն, օրինակ, Ազգային ժողովի կամ նույն ԲԴԽ-ի, որտեղ նախագահը պետք է ստորագրի կամ դիմի Սահմանադրական դատարան։ Այս դեպքում նախագիծը ՍԴ-ի կողմից արդեն քննարկված է լինում, և քանի որ իշխանության առաջնային աղբյուրը ժողովուրդն է, այս նախագիծն էլ պատկանում է ժողովրդին, ուրեմն ուրիշ որևէ մեկի կողմից գործընթաց չկա։ Այդ փուլին հասնելուց հետո չեմ պատկերացնում, թե ինչ խոչնդոտներ կարող են լինել, մինչև այդ փուլը, իհարկե, բավականին փորձեր կարվեն, բայց նույնիսկ այդ դեպքում խոչընդոտներ չեմ տեսնում, որովհետև սա այն յուրահատուկ դեպքերից է, երբ հենց իշխանության աղբյուրից է գործընթացը սկսվում, այսինքն՝ սա ոչ թե դատարանի կամ ԱԺ խմբակցության որոշում է, ոչ թե ՍԴ-ի կամ նախագահի, այլ հենց ժողովրդի նախաձեռնությունն է։

- Ինչպիսի՞ պահանջներ կան քվեների թվի մասով, այսինքն՝ մասնակիցների մեծամասնության քվեո՞վ է որոշվում, որ հանրաքվեով նախաձեռնությունը անցել է, թե՞ այլ պահանջներ էլ կան։

- Քվեարկելու իրավունք ունեցողների նվազագույն 25 տոկոսը պետք է «Այո» քվեարկի, բայց միևնույն ժամանակ ավելի շատ «Այո» պետք է լինի, քան թե ոչ։ Այսինքն՝ մոտ 600 հազարից ավել մարդ կողմ պետք է քվեարկի։ Հանրաքվե նշանակելու ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող անձանց ցուցակը կվերջնականացնի ոստիկանությունը, և այդ թվի 25 տոկոսը պետք է կողմ քվեարկի, ինչը մոտ 600 հազար ձայն է կազմում։