Կույր մի ձեւացեք

Կույր մի ձեւացեք

Ինչպես 2018-ին էին ոմանք զգուշացնում, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի իշխանության գալով սեւ-մութ ամպեր են կուտակվում Արցախի գլխին, իսկ հաջորդիվ ահազանգում էին, որ Ադրբեջանն ամբողջ թափով պատրաստվում է պատերազմի, իսկ մենք բանակին ելակ ու մայկա-տրուսիկ ենք տալիս եւ հրճվում:

Զգուշացնում էին, որ սխալ է ռազմավարական դաշնակիցներին նեղացնելը, զրոյական կետից բանակցություններ սկսելը, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ երկակի խաղեր տալը, եւ էլի շատ ու շատ այլ զգուշացումներ էին հնչում, որոնք բանի տեղ դնող չկար: Այնպես էլ հիմա են մարդիկ զգուշացնում, որ թշնամին նենգ է ու արյունարբու, որ նա ոչ թե խաղաղություն է ուզում, այլ մեր հողն ու մեր վերանալը` այս տարածաշրջանից: Որ չի կարելի խաղաղության պայմանագիր կնքել` զիջելով այն ամենը, ինչ մեզնից պահանջում է ոսոխը: Մարդիկ հիշում են Չերչիլին` որ երբ խաղաղություն ես մուրում, ստանում ես ե՛ւ պատերազմ, ե՛ւ անպատվություն: Եվ ամենակարեւորը` ոչ մի պայմանագիր ու փաստաթուղթ մեզ անվտանգության, խաղաղության երաշխիքներ չի տալու, ինչպես չեն տվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ու դրանից հետո ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Եվ մեր գլխին կախված վտանգների մասին բազում վկայություններ կան` սկսած այն փաստից, որ մեր գերիներին մինչ օրս չեն վերադարձրել, իսկ 2 օր առաջ, ըստ  պաշտոնական տեղեկատվության, «հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը եւ առեւանգել 2 զինծառայողի»: Մյուս ապացույցն էլ Ալիեւի` ամեն չափ ու սահման անցած հռետորաբանությունը եւ լկտի պահանջն է` լուծարեք Արցախի պետական կառույցները: Ապացույցը շրջափակված Արցախն ու ճանապարհին տեղադրված անցակետն են, Գորիս-Կապան չգործող ճանապարհը: Այս ամենը չտեսնել հնարավոր չէ: