Նիկոլի «շվեյցարական» Հայաստանը
Արդեն երրորդ տարին է, որ ո՛չ տոնածառ է դրվում մեր տանը և ո՛չ էլ սովորականի նման սեղան գցվում: Սովորական ասելով նկատի ունեմ 2019-ի (նաև 2018-ի, 2017-ի և ավելի վաղ) դեկտեմբերի 31-ին գցված տոնական սեղանները: 2020 թվականի պատերազմի խայտառակ պարտությունից հետո մարդ պետք է անմեղսունակ լինի, որ կյանքը շարունակի այնպես, ինչպես նախկինում էր: Կարծես ոչինչ չէր պատահել՝ կարծես բազմահազար զոհերը հայաստանցի չեն եղել և ոչ էլ հայրենիքի մաս ենք կորցրել: Կամ էլ պետք է լինի պետական մտածողությունից բացարձակ զուրկ նիկոլական մեկը: Որպեսզի զոհերի, չթաղված դիերի, անհայտ կորածների և գերեվարվածների՝ թշնամու կազմակերպած «շքերթի» մթնոլորտում կազմակերպի հանդիսություններ և շքեղ հարսանիքներ: Ու ժողովրդին կերակրի կեղծ սիրո ու խոնարհումի, կեղծ բարեփոխումների և ձեռքբերումների, կեղծ առաջընթացի ու ապագայի տեսլականներով: Ասվածի համատեքստում էլ չեմ զարմանում իգական և նույնիսկ արական սեռի այն մարդկանց վարքագծի վրա, որ նկարվում են ամանորյա առատ սեղանի մոտ և նկարը տեղադրում ՖԲ-ում։ Հասկանում եմ, որ չունեն պատերազմում զոհված հարազատ, որ թքած ունեն արցախցիների վրա՝ ճիշտ այնպես, ինչպես իրենց սիրելի վարչապետը։ Այնուամենայնիվ, չեմ հասկանում նման անձանց առումով մարդկային չտեսությունն ու մարդկայնության բացակայությունը։ Ավելի ճիշտ, գիտակցելով հանդերձ՝ չեմ կարող դա ընդունել:
Անցնենք ամանորյա շնորհավորանքներին: Դա յուրաքանչյուրի անձնական գործն է, և այստեղ դժվար է ընդհանրական բանաձև գտնելը: Ասենք՝ ընդդիմադիր կամ նիկոլական: Անձամբ ես զերծ եմ մնում ամանորյա շնորհավորանքներից՝ պահելով դրանք այն պահի համար, որը կյանքի կկոչվի վարչապետի պաշտոնից Նիկոլին հեռացնելու կապակցությամբ։ Զերծ եմ մնում թե՛ իրական կյանքում և թե՛ ֆեյսբուքյան հարթակում: Որովհետև ամանորյա շնորհավորանքը ապագային միտված մանտրայանման (հնդկական աղոթանման) երևույթ է: Այն ուղղված է մեր հարազատներին կամ այն անձանց, ում նկատմամբ մենք տածում ենք դրական զգացումներ: Իսկ նման անձանց ապագան չի կարող լինել լուսավոր ու պայծառ՝ ինչպիսին ցանկանում ենք մենք, այնքան ժամանակ, որքան ժամանակ վարչապետի պաշտոնին մնալու է Նիկոլը: Եվ Նիկոլից ազատվելը կլինի այն առաջին քայլը, որ արվելու է վերը նշված ապագային հասնելու համար: Միայն այդ դեպքում է հնարավոր ուղղել մեր մեջքը, վերգտնել մեր արժանապատվությունը և մեր տարածաշրջանում ապահովել իսկական և ոչ թե պարտադրված խաղաղություն: Եվ միայն այդ պայմաններում ես ինձ թույլ կտամ ի սրտե շնորհավորանքներ հղել այն մարդկանց, ում սիրում և հարգում եմ:
Հ. Գ. Ամանորի առիթով Նիկոլի ուղերձը լսողներին երևի թվացել է, որ իրենք ապրում են նույնիսկ ոչ թե Հ1-ի Հայաստանում՝ ինչպես նախկինների օրոք էր, այլ «շվեյցարական» Հայաստանում:
Կարծիքներ