Պապիկյանը շարքային լրագրողների հարցերին չի պատասխանում

Պապիկյանը շարքային լրագրողների հարցերին չի պատասխանում

Երեկ Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ էր նշանակված։ Նախորդ նիստում ԵՊՀ ռեկտորի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանին ընտրեցին ռեկտոր՝ ԿԳ նախկին փոխնախարարը հասավ իր մուրազին, իշխանությունն՝ իր։ Իսկ երեկ արդեն հոգաբարձուների նիստում պետք է հաստատեին ԵՊՀ կառուցվածքն ու հաստիքացուցակը։ Սակայն պարզ էր, որ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը այս հարցն էլ հորով-մորով կանի։ Հոգաբարձուների խորհրդի նիստին խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ժամանեց անվտանգության մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ։ Ժողովրդավար հեղափոխական իշխանությունները ԵՊՀ նիստերը փակել են եւ լրագրողները, որոնք տարիներ շարունակ մասնակցել են Համալսարանի նիստերին եւ լուսաբանել դրանք՝ անգամ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, այլեւս հնարավորություն չունեն դրանց մասնակցելու։ Նիստից հետո տեղեկացանք, որ հոգաբարձուների խորհուրդը լսել է ռեկտորի հաշվետվությունը, ապա հաստատել ԵՊՀ կառուցվածքն ու հաստիքացուցակը։

Ավելին՝ Սուրեն Պապիկյանը դուրս գալով դահլիճից, չի պատասխանել լրագրողների հարցերին։ Նրա անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս լրագրողներին մոտենալ նրան։ Նրանք Պապիկյանին վերելակով «իջեցրին» ներքև։ Իսկ երբ լրագրողները նրա հետեւից հասան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում, Պապիկյանը կրկին չխոսեց։ «Չեմ խոսում, չեմ խոսում, չեմ պատասխանում»,- ասաց ՔՊ վարչության նախագահ Պապիկյանը, որի հարսանիքն է հունվարի 22-ին։ 

Սահմանային, անվտանգային մի շարք հարցերի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին ու հարցերին եւս Պապիկյանը չարձագանքեց, այլ նստեց իրեն սպասարկող ամենագնացն ու հեռացավ։ Նրանք արդեն վերեւում են, լրագրողները՝ ներքեւում։ Նախկին պատմության ուսուցչին պաշտոնն այս 3 տարում այնպես է փչացրել, որ նա այլեւս շարքային մահկանացուների հետ շփվելու կարիքը չի տեսնում։