Երբեք այդպիսի պրոբլեմ չի լինի, որ մենք ուշանանք վակցինայի շուկայից

 Երբեք այդպիսի պրոբլեմ չի լինի, որ մենք ուշանանք վակցինայի շուկայից

Կորոնավիրուսի բոլոր փորձարկումներն անցած պատվաստանյութ դեռեւս չկա, հիվանդությունն ինքնին ուսումնասիրված չէ, նույնիսկ փոխանցման ճանապարհները հայտնի չեն, նախարարի սիրելի Առողջապահության միջազգային կազմակերպության՝ ԱՄԿ-ի խոստովանությամբ, վերջնականապես պարզված չեն: Եվ այս պայմաններում կառավարությունը բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար, որը, փաստորեն, պարկով կատու է, ինչպես կասեին ռուսները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի բացատրությունը, թե ինչու է ինքն անձամբ բանակցում Moderna ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է, հետեւյալն է. «Այդ վակցինան` MRN 1723, եթե չեմ սխալվում՝ այդպես է արտադրական անվանումը, ամենահավանական թեկնածուներից մեկն է»: Նախարարի այս արտահայտությունը հերթական քննարկում-ալեկոծությունն է առաջացրել, նրան մեղադրում են ամերիկացիների արտադրած կասկածելի դեղերը հայ ժողովրդին վաճառելու մեջ: 

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը հարցրինք․ ճի՞շտ է արդյոք, որ մենք սկսել ենք բանակցել մի բանի համար, որը դեռեւս գոյություն չունի, քանի որ վախենում ենք, թե վակցինայի հերթ կգոյանա, ու մեզ այն ուշ կհասնի: 

«Չշտապելով, մենք պետք է հետեւենք վակցինաների շուկային, եւ ես կարծում եմ, որ երբեք այդպիսի պրոբլեմ չի լինի, որ մենք ուշանանք: Այս պահի դրությամբ իմ ունեցած տեղեկություններով, պաշտոնապես գրանցվել է եւ թույլատրված է մասսայական օգտագործման համար միայն չինական վակցինաներից մեկը: Ուրիշ որեւէ վակցինայի վերաբերյալ գրանցման թույլտվություն ստանալու փաստ ինձ հայտնի չէ: Չինաստանում արվում է ամենամեծ վակցինացիան: Արդեն մի քանի հարյուր հազար զինվոր բանակում պատվաստվել է, իսկ չինական բանակը 2 մլն 500 հազար է: Չինաստանն առաջիկա ամիսներին հույս ունի վերջացնել պատվաստումները: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն վակցինան որ արդարացված լինի Չինաստանում, Չինաստանը մեզ հանգիստ տրամադրելու է»:

Հարցին, թե ինչ կասի «Մոդեռնայի» վակցինայի մասին, որի շուրջ նախարարն անձամբ է սկսել բանակցել, պարոն Բագրատյանը պատասխանեց. ««Մոդեռնան» այն ընկերություններից մեկն է, որը 481 մլն դոլար է ստացել ամերիկյան պետությունից՝ վակցինա պատրաստելու համար: Իմ տվյալներով, հունիսի 7-ի դրությամբ «Մոդեռնան» վակցինացիա է արել միայն 50 կամավորների: Հայտնի են մոտ 300 տեսակի վակցինաներ, եւ ո՞վ ասաց, որ «Մոդեռնայինն» ամենալավն է: Նույն ԱՄՆ-ն մի քանի ընկերությունների է տվել դրամաշնորհներ՝ կորոնավիրուսի դեմ վակցինաներ մշակելու համար: Պետերբուրգում կան ռուսական վակցինաներ, որոնցից մեկը փորձարկված է մոտ 1000 հոգու վրա: Խոշոր, հաջող պրոյեկտներից մի քանիսը կան Արեւմտյան Եվրոպայում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Հոլանդիան, որը փորձարկված է ավելի քան 100 հոգու վրա»:
Հիշեցնենք, որ վակցինայի փորձարկումը մի քանի փուլեր ունի՝ կենդանիների վրա դրվող փորձերից մինչեւ վերջինը, երբ նյութի փորձարկմանը մասնակցում է 100 հազար մարդ եւ ավելի: