Իրենք չեն արդարացրել գերագույն գլխավոր հրամանատարի պահանջները

Իրենք չեն արդարացրել գերագույն գլխավոր հրամանատարի պահանջները

Անցյալ տարվա օգոստոսի 2-ին ԱԱԾ-ն անվտանգության ծառայության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից կոռուպցիոն դրսեւորման մի դրվագ էր բացահայտել, որի շրջանակներում քրեական գործ էր հարուցվել ԱԱԾ Էրեբունու բաժնի պետի տեղակալ (այդ ժամանակ՝ պետի ԺՊ) Էդիկ Ափոյանի եւ բաժնի օպերլիազորի նկատմամբ։ Ըստ հաղորդագրության՝ վերոնշյալ անձինք ՀՀ-ում բնակվող Հնդկաստանի քաղաքացուց առանձնապես խոշոր չափերի՝ 20 հազար 300 դոլար կաշառք էին շորթել։ Ափոյանն ու օպերլիազորը կալանավորվել էին։ Սակայն ամիսներ անց՝ այս տարվա սկզբին, Ափոյանն ազատ է արձակվել կալանքից։ Մեզ ասացին, որ նա կալանավորվել է Արթուր Վանեցյանի ժամանակ եւ հիմա սերտորեն համագործակցում է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի հետ։ ԱԱԾ-ն նրան խոստացել է կարճել քրեական գործն ու վերականգնել աշխատանքում (ԱԱԾ-ում), եթե արժեքավոր տեղեկատվություն հաղորդի Արթուր Վանեցյանի մասին, որը կարող են օգտագործել ԱԱԾ նախկին տնօրենի դեմ քրեական գործ հարուցելու կամ առնվազն նրան վարկաբեկելու համար։ ԱԱԾ-ի հույսերը, կարծես թե, չեն արդարացել՝ ելնելով նրանից, որ Վանեցյանի դեմ մինչ այժմ քրգործ հարուցելու որեւէ լուրջ հիմք ձեռք չեն բերել։ Բայց «օպերատիվ հետախուզական աշխատանքները», ինչպես սիրում են ասել ԱԱԾ-ում, շարունակվում են։ Ի դեպ, ԱԱԾ-ի վերաբերյալ այս ընթացքում որոշ գրառումներով է հանդես եկել նաեւ ՀԿ սեկտորից Դանիել Իոաննիսյանը։

Այս թեմայով երեկ զրուցեցինք Էդիկ Ափոյանի հետ, որի խոսքից հասկացանք, որ բավականին տպավորված է «գերագույն գլխավոր հրամանատարի» կադրային քաղաքականությամբ ու նրա նշանակած երիտասարդ ԱԱԾ տնօրենի աշխատանքով։

- Պարոն Ափոյան, Դուք անցյալ տարվա օգոստոսին կալանավորվել էիք, հիմա ազատության մեջ եք, ինչպե՞ս ստացվեց դա, եւ ինչո՞վ եք զբաղվում հիմա։

- Ճիշտն ասած՝ խափանման միջոցն է միայն փոխվել, այսինքն՝ կալանավորումն ապրիլի 8-ին փոխվեց 5 մլն դրամ գրավով։ Ներկա պահին դատաքննության փուլում եմ, ես 2019թ․ օգոստոսի 3-ից ԱԱԾ տնօրենի հրամանով չվճարվող կադրերի ռեզերվում եմ, այսինքն՝ դեռ գրանցված աշխատող եմ այնտեղ համարվում։

- Իսկ հիմա կապ պահո՞ւմ եք համակարգի, ԱԱԾ նոր տնօրենի հետ։

- Չէ, ճիշտն ասած՝ ես նախ նոր տնօրենին չեմ ճանաչում, հետո` մի քիչ սուբորդինացիայի հարց էլ կա, էլի։

- Պարզապես մեզ տեղեկություն էր հասել, որ Ձեզ հրավիրել են ԱԱԾ, առաջարկել համագործակցել իրենց հետ, նաեւ` նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ որոշակի ինֆորմացիաներ եթե ունեք, տրամադրեք, որի դիմաց խոստացել են գործը «ջրել», Ձեզ էլ վերականգնել աշխատանքում։

- Առաջինը Ձեզնից եմ լսում նման տեղեկություն, կարող ա պետք ա հրավիրե՞ն։ Չեմ իմանում, ճիշտն ասած, էլի։ Կարող ա նման ծրագիր ունեն, բայց դեռեւս չեն հայտնել էդ մասին։

- Այսինքն՝  ծրագիր ունեն, որ Ձեզ հրավիրեն եւ առաջարկեն նախկին ղեկավարների դեմ տեղեկությո՞ւն տալ։

- Չէ, քանի որ Դուք նշում եք, որ սենց տեղեկություն ունեք, ասում եմ՝ կարող ա տենց տեղեկություն իրոք կա, բայց ինձ հայտնի չի դա։ Համենայնդեպս, էդ թեմայով ինձ հետ որեւէ մեկը կապ չի հաստատել, էլի։

- Այսինքն՝ Դուք որեւէ մեկին ինֆորմացիա չե՞ք տվել նախկին ղեկավարների մասով։

- Չէ, չէ, ոչ մեկի։ Ես աշխատում եմ, ո՞նց ասեմ, քանի դատական փուլը դեռ ընթացքի մեջ ա, ես ոչ մեկի հետ շփում չեմ պահպանում, որ հետո շահարկման թեմա չլինի։

- Եթե հիմա ԱԱԾ նոր ղեկավարության կողմից Ձեզ առաջարկ լինի՝ վերադառնալ համակարգ եւ նորից պաշտոն ստանձնել ԱԱԾ-ում,  կհամաձայնե՞ք։

- Հիմա ես կադրերի ռեզերվում եմ, օրենքը սենց ա՝ եթե արդարացնեն, սենց թե նենց, պիտի վերականգնվեմ։ Եթե չարդարացվեմ, այսինքն՝ դատավճիռ կայանա, սենց թե նենց, չեմ կարա աշխատեմ, որովհետեւ դատված մարդը չի կարա ԱԱԾ-ում աշխատի։ Իսկ եթե արդարացվեմ, միանշանակ՝ վերականգնվելու եմ, ուրիշ ձեւ չկա, օրենքի պահանջն ա դա։

- Իսկ կարդարացվե՞ք, ի՞նչ եք կարծում՝ Դուք արդա՞ր եք այդ կաշառքի գործով։

- Չգիտեմ, թե որքանով եք տեղյակ մանրամասներին, երկու շաբաթը մեկ դատաքննություն ա գնում, բաց ա դատը, նախավերջին դատին որ լինեիք, կտեսնեիք, թե ինչ կրկես ա, ինչպես են գործը սարքել, էդ գործով գլխավոր վկաները ձերբակալումից տասը օր հետո լքում են երկիրը։ Շատ հետաքրքիր բաներ կան, էլի, իսկ ինչ վերաբերում է կաշառք տալուն եւ վերցնելուն, նման բան չի եղել ընդհանրապես, ու գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նույնիսկ չեն անցկացվել։ Հնդիկը գալիս, հուլիսի 31-ին հաղորդում ա տալիս, ու նույն օրը քրեական գործ են հարուցում, հաջորդ օրն արդեն ձերբակալում են։

- Իսկ ո՞ւմ կողմից է այդ «կրկեսը»։

- ԱԱԾ-ի նախկին պաշտոնյաների։ Դատաքննությունն ինչի՞ հիման վրա է գնում՝ նախկին պաշտոնյաների սարքած գործի, չէ՞։ Այսինքն՝ օգոստոսի 1-ին ո՞վ է եղել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը, տնօրենը, տեղակալները, վարչության պետերը, որոնք արդեն նախկին են։ Չնայած կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց ինձ թվում ա՝ դա ժամանակի հարց ա, էլի։

- Իսկ ԱԱԾ-ում շա՞տ բան է փոխվել, եւ նորմա՞լ եք համարում, որ երկու տարվա ընթացքում ԱԱԾ-ում երեք տնօրեն է փոխվում։

- Դե, գիտե՞ք ինչ, էդ արդեն չեմ կարող մեկնաբանել, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ոնց որոշում ա, տենց էլ, ինձ թվում ա, ճիշտ ա։ Եթե փոխվում են, ուրեմն, ինձ թվում ա, չեն արդարացնում, չէ՞։ Այսինքն՝ սպասելիքներ կան, ու իրենք չեն արդարացնում գերագույն գլխավոր հրամանատարի պահանջները։ Իսկ ինչ վերաբերում ա՝ երիտասարդ աշխատող կամ ծեր աշխատող, ստաժով աշխատող, ԱԱԾ տնօրենը պետք ա կառավարիչ լինի, իհարկե, պետք ա ներսից էլ տեղյակ լինի, բայց ինձ չի թվում, որ տենց ներսի 30 տարվա ստաժով լինի, բայց վատ կառավարիչ լինի, կկարողանա կառավարել ԱԱԾ-ն։ Իհարկե, չի կարա կառավարի, ինչքան էլ ուզում ա ստաժ ունենա։

- Հիմա 29-ամյա Արգիշտի Քյարամյանին, Ձեր կարծիքով, հաջողվո՞ւմ է կառավարել ԱԱԾ համակարգը։

- Ինձ թվում ա՝ այո։ Ճիշտն ասած՝ ես հիմա չեմ աշխատում, ներքին խոհանոցից տեղյակ չեմ, բայց ոնց երեւում ա գործերից, համացանցում որ երեւում ա՝ ում դեմ ա գործեր հարուցվում, ինչ հոդվածներով ա հարուցվում, որոնք որ նախկինում չէին հարուցվել, էդ արդեն ինչ-որ բաների մասին ա, չէ՞, խոսում։

- Այո, իսկապես ինչ-որ բանի մասին խոսում է, թե տվյալ քաղաքական իշխանության կողմից նշանակված ԱԱԾ տնօրենն ում դեմ է քրեական գործեր հարուցում, ինչպես է հարուցում, ինչու է հարուցում։

- Չէ, ոչ թե ում դեմ, ինչպես, այլ էստեղ ավելի ակնհայտ ա դառնում, թե որ ամսաթվերին վերաբերող ա դա եղել։ Կոնկրետ գործով ասեմ, ասենք՝ Ծառուկյանի հետ կապված գործով էդ գործի վերաբերյալ նյութերը դեռ փետրվարին են ի հայտ եկել խուզարկության արդյունքում, էդ ժամանակ ուրիշ տնօրեն ա եղել, բայց արդեն նոր տնօրեն որ եկավ, նոր զարկ տվեց էդ գործին, նոր շունչ տվեց։ Ինձ թվում ա՝ նախադրյալները հենց դրանք են եղել, որ վարչապետը որոշել ա, որ ԱԱԾ տնօրենը պիտի փոխվի։

- Այսինքն՝ նախկինում Ծառուկյանի դեմ գործ չէին հարուցում, հիմա որ հարուցեցին, արդեն լա՞վ են աշխատում։

- Չէ, ոչ թե նախկինում, տեսեք՝ փետրվարին խուզարկության արդյունքում Ծառուկյանի վերաբերյալ փաստաթուղթ ա ի հայտ գալիս, բայց չորս ամիս ոչինչ չի արվում։ Բայց նոր տնօրեն ա գալիս, ու սկսում են ինչ-որ գործողություններ ի հայտ գալ։ Բայց դե, մարդկանց անմեղության կանխավարկածը պետք չի, էլի, ոտնահարել։