Իտալիայում արթնացել է Էթնա հրաբուխը

Իտալիայում արթնացել է Էթնա հրաբուխը

Իտալիայում, Սիցիլիա կղզում արթնացել է Էթնա հրաբուխը։ Տեսախցիկները ֆիքսել են հրաբուխի ժայթքման տպավորիչ կադրերը։ Կադրերում երեւում են, թե ինչպես հանկարծակի արթնացած հրաբուխի խառնարանից արտանետվում են լավայի շիթեր։ Այս մասին հայտնում է Կատանիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտը։

Հրաբխի վրա երկնքում ահռելի մոխրասյուն է առաջացել, որն ունի ոչ պակաս, քան չորս կիլոմետր երկարություն։ Ժայթքումն ուղեկցվել է ստորգետնյա ցնցումներով եւ ամպի գոռոց հիշեցնող ձայներով։ Ներկայումս ժայթքումն ու ստորգետնյա ցնցումները դադարել են։ Մասնագետները, չնայած տեղի ունեցածին, կարծում են, որ Եվրոպայի ամենաբարձր եւ գործող հրաբուխը դեռ վտանգ չի ներկայացնում մարդկանց համար, սակայն տեղացիներին հորդորում են պահպանել զգուշավորություն։