Հաղթանակը չի կերտվում պատշգամբից ճառելով

Հաղթանակը չի կերտվում պատշգամբից ճառելով

Վերնագրի ֆրազն ասվել է Թուրքիայի՝ մայիսի 14-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Ընտրատեղամասերը փակվելուց հետո մի քանի ժամ տեւած քվեաթերթիկների հաշվարկից եւ հաղորդվող արդյունքներից հետո արդեն պարզ էր, որ Էրդողանը 50% ձայն չի հավաքում, եւ լինելու է նախագահական ընտրության երկրորդ փուլ: Այդուհանդերձ, 2002-ից ի վեր առաջին անգամ համապետական ընտրություններում չհաղթած Ռեջեփ Թայիբ Էրդողանը, չցանկանալով տարիներ կրկնած ընտրական սովորությունները որեւէ կերպ փոխել, կեսգիշերն անց, ինչպես միշտ, Կ. Պոլիսի (Istanbul) AK կուսակցության կենտրոնական գրասենյակի պատշգամբից հետընտրական ելույթ է ունեցել եւ, չցանկանալով պաշտոնապես հայտարարել, որ չի հաղթել, ասել է. «Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չկան, բայց մենք առջեւում ենք, կարող ենք արդեն առաջին փուլում հաղթել, եթե չհաղթենք, ուրեմն երկրորդ փուլի կգնանք…»: 

Այդ հայտարարությանն ի պատասխան՝ Էրդողանի մրցակիցը` Քեմալ Քիլիչդարօղլուն, հրապարակավ հակադարձել է, թե «հաղթանակը պատշգամբից ճառելով չի արձանագրվում», եւ ավելացրել, թե «իրենք ողջունում են նախագահական ընտրության երկրորդ փուլը, եւ եթե նման արդյունք լինի, ապա բացարձակապես վստահ են, որ այդ փուլում կհաղթեն», քանի որ Էրդողանին չընտրած 50%-ից մեծ ընտրազանգվածը փոփոխություն է ցանկանում:
Ընտրությունների երկրորդ փուլը, ինչպես պաշտոնապես հայտարարվեց, կայանալու է մայիսի 28-ին, եւ երեկվանից նախընտրական քարոզչությունը Թուրքիայում վերսկսվել է: Եվ, իհարկե, մինչեւ երկրորդ փուլը չկայանա, մրցակիցներից յուրաքանչյուրը` թե՛ Էրդողանը, թե՛ Քիլիչդարօղլուն, հայտարարելու են, որ հաղթանակը վստահաբար իրենցն է:

Էրդողանը, ինչպես կազինոյի խաղային ավտոմատը, փորձում է հնարավորինս նսեմացնել եւ չհիշեցնել, որ ինքը չի հաղթել, այն պարագայում, երբ իր ամբողջ ընտրարշավը, ոչ միայն հանրահավաքներում եւ ճառերով, այլեւ կատարելապես վերահսկվող մեդիադաշտով կառուցվել էր հենց առաջին փուլում անվարան հաղթանակ տոնելու քարոզչության վրա: Մոտավորապես «եթե քվեաթերթիկին Էրդողանի անունն է գրված, ուրեմն չի կարող գործը երկրորդ փուլի հասնել» ոգով, եւ Էրդողանին արդեն կարելի է հաղթանակած համարել: Երկու ամիս շարունակ սա էր ներշնչում ամբողջ պրոէրդողանական քարոզչությունը` ջանալով խլացնել ամեն հակաճառություն եւ կասկած:

Այդուհանդերձ, ուղեղների լվացման եւ հոգեբանական պրեսինգի այդ ամբողջ արշավն արդյունք չտվեց եւ տապալվեց: Այո, Էրդողանն առավել մեծ քանակով ձայներ հավաքեց` 49%-ից ավելի, սակայն 50%-ի չհասավ եւ չհաղթեց, ինչը որպես երաշխավորված իրողություն էր ներկայացվում ու քարոզվում ամբողջ ընտրարշավի ընթացքում: Երկրորդ փուլի հավանականություն նույնիսկ չէր քննարկվում: Մինչդեռ դեպի հաղթանակ Էրդողանի քարոզվող ընթացքը կոտրվեց եւ կասեցվեց: 

Ընդ որում, միայն նախագահական ընտրարշավում չէ, որ Էրդողանը 50%-ի շեմը չհաղթահարեց, խորհրդարանական ընտրություններում էլ Էրդողանի առաջնորդած People’s Alliance դաշինքը նույն 49% արդյունքը գրանցեց: Նախորդ` 2018-ի խորհրդարանական ընտրության համեմատությամբ Էրդողանի դաշինքը կորցրեց 23 մանդատ (344-ի փոխարեն այժմ ստանալով 321 աթոռ): Փոխարենը Քեմալ Քիլիչդարօղլուի առաջնորդած National Alliance դաշինքը 24 աթոռով բարելավեց իր դիրքերը խորհրդարանում (2018-ի 189 մանդատի փոխարեն այժմ ստանալով 213 մանդատ): Սակայն խորհրդարանական ընտրարշավում նույնիսկ դա չէ առավել ուշագրավը, այլ փաստը, որ որքան էլ People’s Alliance-ի բոլոր կուսակցությունները միասին հավաքել են 49%, բուն Էրդողանի առաջնորդած AK կուսակցությանը մայիսի 14-ի ընտրություններում տրվել է միայն 35% ձայն: 

AK-ին տրված այս 35% ձայնն ամենաուշագրավն ու խոսունն է՝ Թուրքիայում մայիսի 14-ի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքում գրանցված բոլոր ցուցանիշներից եւ թվերից: Ընդ որում՝ պետք է պատկերացնել, թե ինչ մասշտաբի պրոէրդողանական քարոզչության, հոգեբանական ճնշման եւ Էրդողանի հաղթանակի անխուսափելիության միջավայրում է այդ առավելագույնը՝ 35% արդյունքը գրանցվել: Իմիջիայլոց, ընդդիմադիր National Alliance-ին տրված ընդհանուր ձայներն էլ (CHP-ին եւ IYI-ին միասին) դարձյալ կազմել են 35%: 

Հետեւաբար, եթե Էրդողանը շարունակի դատարկախոսել, թե ինքը 3-4% ձայնի առավելություն է արձանագրել նախագահական ընտրության առաջին փուլում, հետեւաբար՝ երկրորդ փուլում հաղթելու նախադրյալ ունի, ապա ընդդիմադիր ճամբարն էլ ավելի մեծ հիմքեր ունի պնդելու, թե իրենք կոտրել են Էրդողանի 20-ամյա հաղթարշավի ավանդույթը եւ խորհրդարանական ընտրությանն էլ ստացել են այնքան ձայն, որքան Էրդողանի AK կուսակցությունը, ինչը երկրորդ փուլում հաղթելու լուրջ պլացդարմ է: Այժմ հետաքրքիրն այն է, թե առաջիկա երկու շաբաթում ինչ զարգացումներ կլինեն, եւ, իհարկե, ինչ արդյունք կլինի մայիսի 28-ին: