Մի պատ լիներ՝ այս պատմությունն ավարտվեր

Մի պատ լիներ՝ այս պատմությունն ավարտվեր

Հետբրյուսելյան օրերին մեր ժողովուրդը շատ կարեւորվեց, ինչի համար ես միայն ուրախ եմ: Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բարոյական, այլեւ իրավական որեւէ շանս չունի` ինքնագլուխ տնօրինելու ՀՀ տարածքներն ու Արցախի ինքնորոշման իրավունքը: ՀՀ սահմանադրությամբ` ՀՀ տարածքների հետ կապված որոշումներ կարող է կայացնել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, դե իսկ Արցախի ճակատագրի հետ խաղալու համար Փաշինյանը պետք է չեղարկի ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հայտնի որոշումը, ըստ որի` ՀՀ ոչ մի ղեկավար չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Դե ուրեմն Նիկոլի անձը դնենք մի կողմ ու տեսնենք` է՞լ ինչ կարող է անել ժողովուրդը, որ մինչ այս պահը չի արել եւ գուցե չանի էլ, որովհետեւ ինքն ուրիշ ժողովուրդ է՝ սրտից թույլ, անսահման բարի, տեղ-տեղ` ընտրակաշառք վերցնող, տեղ-տեղ` իշխանամետ, տեղ-տեղ` միամիտ, տեղ-տեղ` շուստրի: Մի խոսքով՝ հայ ժողովուրդ, որ վերջին 10 հազար տարում իր իրավունքներով հետաքրքրվել է այնքանով՝ որքանով: Մի շատ պարզ օրինակ բերեմ, որ դուք էլ համոզվեք դրանում: 44-օրյա պատերազմից հետո, երբ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը խայտառակել է ոչ միայն իրեն, այլեւ բոլորիս, մեր ժողովրդի միայն մի մասը ոտքի կանգնեց եւ պահանջեց Փաշինյանի հրաժարականը: Մյուս մասն էն իշխանամետներն էին, ընտրակաշառք վերցնողներն ու շուստրիները, որոնք խցանումների մեջ հայտնված ավտոբուսների պատուհաններից հորթի անտարբեր հայացքով ամիսներ շարունակ հետեւում էին փողոցային երթերին ու հանրահավաքներին: Փաշինյանը հրաժարական չտվեց եւ այդ նույն մասսայի շնորհիվ էլ 2021թ. հունիսի 20-ին վերարտադրվեց վարչապետի պաշտոնում: Ահա այսպիսի բաներ կարող է անել հայ ժողովուրդը:

Եթե չեք մոռացել, Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ ինքը կկանգնի գնդակահարության պատի տակ, եթե դա պահանջի ժողովուրդը: Դեռ մարդիկ էլ եղան, որ ասացին՝ ժողովուրդը չի կարող նման բան որոշել, նման ընթացակարգ չկա: Այս մարդիկ, ձեզ ասեմ, ամենաշուստրիներն են, որ Նիկոլից առաջ են ընկնում ու ժողովրդին համոզում, թե նա չի կարող Նիկոլի գնդակահարության որոշում կայացնել: Կարող է, հարգելիներս, ժողովուրդը կարող է ամեն որոշում էլ կայացնել: Այլ հարց է այդ որոշման իրագործումը, որն արդեն ժողովրդից կախված չէ: Մեր իրավապահ համակարգի հույսին թողնես՝ ժողովրդին կասեն՝ պատի տեղն էլ պիտի դուք որոշեք… Մինչդեռ պետք է ընդամենը պաշտոնական հարցում անցկացնել՝ դուք կո՞ղմ եք, արդյոք, Փաշինյանին պատի տակ գնդակահարելուն. «Այո», «Ոչ»: Իսկ որպեսզի հարցախույզի մասնակիցներն ավելորդ հարցեր չտան, քվեաթերթիկի դարձերեսին կարելի է մի քանի կետով ներկայացնել Նիկոլի կերած բողկերը.

1. 2018թ. զավթել է ժողովրդի իշխանությունը:

2. 2020թ. 44-օրյա պատերազմում խայտառակ պարտություն կրել, հանձնել Արցախի մի մասը եւ կապիտուլյացիա ստորագրել:

3. Չկատարելով հայ ժողովրդի անվտանգության երաշխավորի իր պարտականությունները՝ հսկայական տարածքներ է զիջել թշնամուն հենց Հայաստանի Հանրապետությունից:

4. Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս՝ ուրանալով արցախցիների ինքնորոշման եւ մյուս բոլոր իրավունքները:

5. Ամեն ինչ անում է՝ Ադրբեջանին Սյունիքը կամ Սյունիքով անցնող միջանցք տալու ուղղությամբ:

6. Ձեզ խաբել է մինչեւ կոկորդներդ, իսկ ինքն իր թիմով հարստացել ու հաբրգել, ներքաշվել տրանս-կոնտինենտալ հանցագործությունների մեջ (Իտալիայում բռնված 3 տոննա կոկաինը՝ վկա):

Այս 6 կետը լիուլի բավարար է, որպեսզի Նիկոլի պես մի քանի Նիկոլի կանգնեցնեն գնդակահարության պատի տակ, միայն թե ժողովուրդն ասի՝ «Այո»: Իսկ ժողովրդին այս մասին պետք է հարցնի ո՞վ՝ պետությունը, իշխանությունը, գլխավոր դատախազը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Դա կարող են անել ինչպես միասնաբար, այնպես էլ առանձին-առանձին: Սակայն չեն անում, որովհետեւ իրենք ու Նիկոլը մեկ ամբողջական համակարգ են եւ չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի:

Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կաներ ֆրանսիացի ժողովուրդը, եթե Մակրոնը Ֆրանսիայից մեկ թիզ հող զիջեր կամ կապիտուլյացիա ստորագրեր: Այո, Մակրոնը չէր սպասի, մինչեւ ժողովուրդը դա աներ, հրաժարական կտար ու կկանգներ Ֆրանսիայի դատարանի առջեւ: Մինչդեռ Նիկոլը երեսը պնդացրեց ու մնաց իր պաշտոնում: Ինչո՞ւ… Որովհետեւ Նիկոլը գիտեր, որ հայը ֆրանսիացի չէ, որ հայն ուրիշ է՝ սրտից թույլ, անսահման բարի, տեղ-տեղ՝ ընտրակաշառք վերցնող, տեղ-տեղ՝ իշխանամետ, տեղ-տեղ՝ միամիտ, տեղ-տեղ՝ շուստրի, իսկ հիմնականում՝ իր իրավունքների տեղը չիմացող: