Ծախսերը կավելանան, աշխատավարձերը՝ ոչ

Ծախսերը կավելանան, աշխատավարձերը՝ ոչ

Առողջապահության համակարգի ֆինանսավորումը 2022-ին կկազմի շուրջ 120 մլրդ դրամ, 2021-ի համեմատ կավելանա 4.7 տոկոսով կամ 5 մլրդ 730 մլն դրամով։ Գումարներն առաջնահերթ ուղղվելու են քովիդի դեմ պայքարին, սակայն սա չնչին ավելացում է՝ հաշվի առնելով մարտահրավերները։ Հարցին, թե չի՞ կարծում, որ ավելացումը քիչ է, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Իհարկե, կարծում եմ, որ քիչ է, եւ մեր կողմից ներկայացված հայտն էլ եղել է 122 մլրդ 165 միլիոն, բայց մենք համաձայնություն ունենք, որ կախված մեր կատարողական տեմպից` առաջին եւ երկրորդ եռամսյակների, հնարավորություն ենք ունենալու դիմելու ավել միջոցների հատկացման։ Բացի դրանից, նախարարության կատարողականը վերջին տարիներին մշտապես 95 տոկոսից բարձր է եղել։ Այսինքն՝ միջոցները, որոնք հատկացվել են, պատշաճ կերպով սպառվել են, ծրագրերն ամբողջովին իրականացվել են։ Միանշանակ, առողջապահական բյուջեն տարեցտարի պիտի ավելի մեծ աճ գրանցի, ինչի հույսը մենք ունենք»։

- Հայտը ներկայացնելիս հաշվի առե՞լ եք նոր ծրագրերի իրականացումը, թե՞ հիմնվել եք քովիդի դեմ պայքարի եւ պատերազմի հետեւանքները մեղմելու ծրագրի վրա։

- Քովիդով պայմանավորված ծախսային հատվածն առանձին է հաշվարկվում, այդ մոտ 120 միլիարդի մեջ ներառված չէ։ Դրանք զուտ մեր ծրագրային հատվածն են փակելու։ Իսկ քովիդի մասով գումար է հատկացվում պահուստային ֆոնդից... մենք փաստացի ծախսերի կատարողական ենք ներկայացնում եւ  այդ շրջանակներում էլ ֆինանսավորումը ստանում ենք: Ամիսներ ենք ունեցել, երբ մեր ծախսերը կազմել են մինչեւ 1 միլիարդ, իսկ հիմա, օրինակ, դրանք 2 միլիարդից ավելի են` հասկանալի պատճառներով. 27 ԲԿ այս պահին սպասարկում է քովիդով հիվանդներին։ Նույն տրամաբանությամբ առաջնորդվում ենք նաեւ պատվաստանյութերի գնման հարցում` հիմնական հատվածը ձեռք է բերվել միջազգային դոնորական հատկացումների շնորհիվ։

- 2021-ին պետպատվերով բուժվողների դիմելիության աճ եղավ, եւ նախարարությունը հավելյալ միջոցների համար դիմեց կառավարությանը։ 2022-ի բյուջեում այդ ռիսկերը հաշվի առնվե՞լ են։

- Նման ռիսկերը՝ դիմելիության աճը, շատ հաճախ դժվար է կանխատեսել։ Շատ ծրագրեր կան, որ վերջին 1-2 տարվա ընթացքում են ներդրվել, եւ բնակչության կողմից հետաքրքրության աճ է գրանցվել։ Իհարկե, նաեւ պիտի հասկանանք՝ աճի եւ գերակատարումների հիմքում ո՞ր հատվածն է օբյեկտիվ մասը կազմում եւ ո՞ր հատվածն է, որ մենք պիտի մեր չափորոշիչները վերանայենք, որ հոսպիտալիզացիայի գերածախս չունենանք։

- Իսկ նախատեսո՞ւմ եք բուժանձնակազմի, այդ թվում՝ շտապօգնության բժիշկների եւ վարորդների աշխատավարձի բարձրացում։

- Աշխատավարձերի ավելացումը մշտապես մեր առաջնահերթություններից է, պիտի հասկանանք, թե քայլ-քայլ ինչպես ենք մեր կառավարության ծրագրում ամրագրված խոստումն իրականացնելու եւ ընթացիկ բարձրացումներ անելու։ Մենք քաղաքապետարանի հետ հարցը քննարկում ենք՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ինչ-որ առումով մեղմել նրանց սոցիալական վիճակը, ծանրաբեռնվածության աճը։ Բայց պիտի հասկանանք, որ ամեն բողոքի հետ կապված՝ չենք կարող հատվածական մոտեցում կիրառել։ Համակարգն ընդհանրական է, բոլոր օղակների բուժաշխատողների վերանայմանը համակարգված պիտի մոտենանք։

- Այսինքն` 2022-ի բյուջեում աշխատավարձի ավելացում չի նախատեսվում։

- Այս պահին՝ ոչ, արտացոլված չէ։