Փող են դիզում գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, մահերի վրա

Փող են դիզում գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, մահերի վրա

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ազատության հրապարակում տեւական դադարից հետո տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի հերթական հանրահավաքը, որը բավականին բազմամարդ էր։ «Մեր շահերից է բխում մեր պայքարը, որովհետեւ մենք տեսանք նախընթաց ժամանակահատվածում՝ ինչքան այս անձնավորությունը խոսում է կեղծ խաղաղասիրության մասին, այդքան թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է զիջումներ պարտադրել մեզ, մեր երկրին։ Առայսօր նույնիսկ գերեվարված, պատանդառված, բռնի անհայտացած բազմաթիվ մեր քաղաքացիները, մեր զինվորները գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տարածքները, մեր մշակութային արժեքները պարզապես ոչնչացվում են»,- հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Այդքանից հետո, երբ սա խոսում է շրջափակման կարեւորության մասին, Նախիջեւանին ելք տալու մասին, այս ամենը վկայությունն է այն բանի, որ շարունակում ենք ապրել մի իրականության մեջ, երկրի կառավարող ուժը, իշխանությունը տանում են մեզ պարտության, արժանապատվության կորստի, նվաստացման։ Մենք իրավունք չունենք եւս մեկ անգամ խաբվելու, եւս մեկ անգամ մտածելու, որ այս անձն ի վիճակի է Հայաստանի շահերը պաշտպանել։ Նա ի վիճակի չէ։ Պետք է ազգովի բռունցք դառնալ, դիմադրություն ձեւավորել, դիմադրենք այն ճնշումներին, որ կան, եւ կարողանանք այդ ճնշումներին տուրք տվող թշնամու օրակարգով շարժվող իշխանությանը հեռացնենք, որ հաստատենք արժանապատիվ իշխանություն»,- ասաց նա։ 

«Ամեն օր տեսնում ենք, որ այս իշխանությունները ոչ միայն չեն կարողանում հաղթահարել ստեղծված իրավիճակը, այլեւ նոր սպառնալիքների առջեւ են կանգնեցնում Հայաստանը եւ Արցախը»,- նման կարծիք հայտնեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ արտաքին աշխարհում մենք ողջ աշխարհին, մասնավորապես՝ մեր թշնամիներին, պետք է ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, նա չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ «Մենք այս հրապարակից պետք է ձեւակերպենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեր կողմից լինելու է անընդունելի։ Այսօր Ազատության հրապարակից հիմք ենք դնելու համազգային դիմադրության, որը կկանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը եւ նոր կապիտուլյացիան»,- ասաց Սաղաթելյանը։ 

Հանրահավաքը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված զինծառայողների։ «Բանակն այսօր ի վիճակի է դիմադրել, պարզապես առաջադրանքներ չկան։ Ի՞նչ է նշանակում՝ այս դժվար վիճակում անցնել 1.5 տարվա ժամկետային ծառայության կամ 5 տարին մեկ մոբիլիզացիա անել։ Այդպես հնարավոր չէ։ Նայում ես հակառակորդին, պարբերաբար նոր զորանոցներ, նոր դիրքեր են կառուցում։ Ի՞նչ ենք տեսնում այստեղ․ ոչ մի բան, որովհետեւ բանակին հստակ առաջադրանք չկա»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Պիտի այսօր գիտակցենք, որ չափազանց դժվար պայմաններում ենք գտնվում, բայց այս ամենից ելք կա։ Առաջին հերթին ԱԽ-ն պետք է բոլոր ուժերն օգտագործեր, եւ վերանայում անեին, որի ընթացքում կորոշվեին յուրաքանչյուր պետական կառույցի, գերատեսչության դերը, նշանակությունը եւ գործողությունները։ Այդ դեպքում այսօրվա իշխանություններից շատերը չէին ասի, որ թող ուսանողները վերցնեն ինժեներական սարքավորումները, բահերը եւ գնան սահման՝ խրամատներ փորելու։ Նրանք կիմանային, որ պետությունն ունի այդ բոլոր հնարավորությունները, ինժեներական եւ շինարարական ամբողջ ներուժը, որ սահմանը կահավորեն։ Նրանք դա չեն արել»,- հավելեց պաշտպանության նախկին նախարարը։ 

«Հավաքվել ենք ասելու, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, եւ Հայաստանը չի թուրքացվելու։ Մեր տղերքը կռվել են, իրենց երկրային կյանքն են տվել, որ մենք արժանապատիվ ապրենք»,- ասաց արցախյան պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրը՝ Էլիզաբեթա Բուդաղյանը։ «Մենք իրավունք չունենք խեղճանալու, խեղճի դիրքերից հանդես գալու։ Իսկ այսօր ՀՀ ղեկավարությունը խեղճի դիրքերից է հանդես գալիս։ Նրանք այնքան են խեղճացել, որ ինչ պարտադրում են, այդպես էլ անում են։ Կամավոր մարտի դաշտում հայտնված իմ Արմանը դեռ հոկտեմբերի սկզբներին համոզված էր եւ ասում էր՝ մամ, իմացիր, այս հողերն ու մեր կյանքերն էլ հետը այս իշխանությունները նվիրելու են Ադրբեջանին։ Իմ 23 տարեկան Արմանը, որ արդեն հասցրել էր ամուսնանալ ու մի հրաշք տղա ունենալ, կամավոր մեկնեց, իսկ այսօր չկա։ Հիմա ես եմ դիմում Ձեզ՝ հերոսածին մայրեր, հայրեր, գլուխներդ բարձր պահեք։ Այդ թշնամին է ուզում, որ մենք խեղճանանք, կոտրվենք ու սգի մեջ ապրենք»,- ասաց զոհված հայորդու մայրը։ 

«Դատական իշխանությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի կամակատարը՝ կալանավորելով բոլորին, հաշվի չառնելով, թե փաստաբանն ու օրենքն ինչ կասեն, ապացույցներ կա՞ն, թե՞ ոչ։ Իշխանությունը դատարանը վերածում է մարդկանց կալանավորելու հարթակի, վախեցնելու հարթակի, դատախազության կցորդի, բայց ես ձեզ այսօր վստահեցնում եմ՝ դա երկար չի ստացվի»,- իր ելույթում ասաց պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ 

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմում պարտվելու համար։ Գիտակցաբար, թե ոչ՝ այլեւս կարեւոր չէ։ Իր սխալ քայլերով, հիմարություններով։ Մեր պարտությունը շատ ավելի շուտ է սկսվել։ Դա ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ երբ սկսեցին հետապնդել հերոսներին, երբ սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում։ Նրանց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, այլ պետք էր իրենց հավատարիմ բանակ։ Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող մարտունակ լինել։ Այս իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ 44 օրվա ընթացքում մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ։ Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել։ Ոչ մի երկիր չի դատապարտել ագրեսիան սկսող պետությանը»,- ասաց նա։ «Այն, ինչ կատարվեց երկրի հետ, Ղարաբաղի հետ, կատարվեց մի իշխանության կողմից, մի քաղաքական խմբակի կողմից, որոնք իշխանության գալուց խոստացել են թռիչքաձեւ տնտեսական աճ, անզիջում պայքար մենաշնորհների եւ օլիգարխիայի դեմ: Ստացել ենք նոր մենաշնորհների ձեւավորում, նոր օլիգարխիաների կայացում: Խոստացել են բարգավաճում, ներդրումներ` ստացել ենք աղքատության թռիչքաձեւ աճ: Խոստացել են ներգաղթ, ասում էին՝ ամբողջ աշխարհից հայերը գալու են Հայաստան: Ստացել ենք թռիչքաձեւ աճ արտագաղթի: Խոստացել են կոռուպցիայի եւ թալանի դեմ պայքար, այսօր իրենք թալանի առաջատարներն են: Այսօր մտել են ձեր բոլորի գրպանը, փող են դիզում գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, մահերի վրա, հիվանդների վրա: Քերթում են՝ ինչ հնարավոր է քերթել: Ղարաբաղում ասում են՝ ձվից մազ են խուզում: Այդ աստիճանի են խրվել ժողովրդի թալանի գործում… Արդյոք պատրա՞ստ ենք այս ամենը հանդուրժել, ընդունել, որ ՀՀ-ում թռիչքաձեւ աճ է ունենում միայն զոհերի թիվը, մահերի, գերեզմանների թիվը, աղքատությունը: Չենք կարող հանդուրժել: Սա է իրավիճակը, եւ սրա դեմ մենք դուրս ենք եկել ուղիղ պայքարի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին, ապա խնդիրն է՝ համոզել ժողովրդին, ցույց տալ, որ իրենց խաբել են, որ այս իշխանությունը դավաճանել է սեփական կարգախոսներին: «Սա երկար չի տեւելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու։ Ամեն ինչ կախված է ձեզնից, այստեղ կանգնած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուց»,- ընդգծեց նա եւ սկսեց վանկարկել՝ «Հայաստան, Հայաստան»: