Այսկերպ Ալիևը գուցե հող է նախապատրաստում` ռուսական կողմից զենքի նոր խմբաքանակներ ձեռք բերելու համար

Այսկերպ Ալիևը գուցե հող է նախապատրաստում` ռուսական կողմից զենքի նոր խմբաքանակներ ձեռք բերելու համար

Հայաստանը պատրաստվում է պատերազմի, եւ շփման գծում հայկական զինուժի խտացումը դրա ապացույցն է․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս մի շարք աղմկոտ հայտարարություններ է արել, այդ թվում այն մասին, որ  Փաշինյանը գիտակցաբար դիմում է տարատեսակ պրովոկացիաների՝ ղարաբաղյան խնդրի սրացման նպատակով: «Հայաստանն իրականացնում է ապօրինի վերաբնակեցում: Ծ․․․Ինչ-որ տեղից մարդկանց բերելն ու բռնազավթված տարածքներում վերաբնակեցնելը հանցագործություն է: Փաշինյանի ռեժիմը սա անում է միտումնավոր, սա պրովոկացիա է, մեզ էլ ներքաշում են պրովոկացիայի մեջ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում օրերս ասել է Ալիեւը: Նաև հայտարարել է, թե 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային բախումները եւս հայկական կողմի պրովոկացիայի հետեւանք էին:

«Ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն սկսել է Հայաստանը: Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի բարձրաստիճան մի պաշտոնյա եւս բացահայտ հայտարարեց այդ մասին»,-հայտարարել էր Ալիևը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին ու ըստ ամենայնի՝ թաքնված ուղերձներին, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն ասաց, որ, 1993 թվականի տարեվերջից սկսած, ադրբեջանական դիվանագիտությունը հետևողական ջանքեր էր գործադրում, որպեսզի արցախյան պատերազմի առաջին 1,5 տարվա ընթացքում ձևավորված Ադրբեջան-Արցախ բանակցային ձևաչափը վերածվի Ադրբեջան-Հայաստան երկկողմ ձևաչափի, և Արցախը, որպես ինքնուրույն պատերազմող ու բանակցող կողմ, չեզոքացվի: «Հընթացս պաշտոնական Բաքուն սկսեց իր բանակցային մոտեցումները կառուցել Հայաստանն ագրեսոր-օկուպանտ պետություն հռչակելու հիմքի վրա՝ իրեն վերապահելով ցանկացած պահի նախահարձակ լինելու իրավունքը, որը և կիրառեց 2016-ի ապրիլին և այս տարվա հուլիսին: Երկու անգամն էլ, ըստ էության, անհաջող: Չգիտեմ, որքանով է պարոն Ալիևը դա գիտակցում, սակայն այդ ագրեսիվ գործողությունները նախաձեռնելով՝ նա իր իսկ ձեռքով հայկական կողմերին իրավունք տվեց՝ որպես վտանգավոր գնահատելով ընթացիկ իրավիճակը կամ դրա վերլուծության հիման վրա արված ստույգ երկարաժամկետ կանխատեսումների հիման վրա կատարել ռազմական բնույթի նախահարձակ-կանխարգելիչ գործողություններ: Հավանաբար հասկացել է, որ մեր ձեռքերն այլևս արձակ են, և դրա համար ինքն է հենց պատասխանատու: Այս պայմանով պատերազմական գործողությունների վերսկսմանը նա, թերևս, պատրաստ չէ և փորձում է ինչ-որ կերպ իրեն ապահովագրել նմանօրինակ քաղաքական հայտարարություններ անելով»,-բացատրում է  Արման Մելիքյանը։ Սա նրա պատասխանն էր հարցին, թե ինչու են ալիևյան այս հայտարարությունները։

Իսկ ինչի՞ մասին էր «կիրթ» Ալիևի մուննաթը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ի՞նչ սպասումներ ուներ, որ չարդարացան։ Արցախի նախկին արտգործնախարարի կարծիքով, Ալիևին լայնածավալ պատերազմն իրականում պետք չէ՝ Ադրբեջանը հիմնովին կործանելու գնով Արցախը ձեռք բերելու ծրագիր նա չունի, սակայն, հավանաբար, հույսեր է  փայփայել, որ Հայաստանում իշխանության եկած նոր, քաղաքական ու դիվանագիտական պատշաճ փորձառությունն ու միջազգային կապերը չունեցող թիմը կարող է որոշակի սխալներ անել, ինչ-ինչ զիջումների գնալ: Ասաց՝ դա տեղի չունեցավ, և Ալիևի հիասթափությունն ակնհայտ է: Ինչո՞ւ է Բաքուն սկսել կոշտացնել ՌԴ-ի հետ բառապաշարը՝ ասելով, որ Հայաստանին սպառազինություն են մատակարարում։ Արման Մելիքյանի հայացքով՝ սա իրոք տարօրինակ տրտունջ է․ Հայաստանը Ռուսաստանի մերձավորագույն ռազմական դաշնակիցներից մեկն է, և Մոսկվան այս հարցում փոխադարձության հիմունքներով շատ որոշակի պարտավորություններ ունի Երևանի հանդեպ: «Չեմ բացառում, որ այսկերպ Ալիևը գուցե հող է նախապատրաստում` ռուսական կողմից զենքի նոր խմբաքանակներ ձեռք բերելու համար»,-ասում է Մելիքյանը։  

«Հրապարակը» ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովին ևս հարցրել էր Ալիևի հայտարարություններից։ Տարասովի համար Ալիեւի վերջին հայտարարությունները հանելուկ են։ Մասնավորապես, թե ինչու է Ալիեւը սկսել գաղտնազերծել։Նա կարծում է, որ պատճառը կա՛մ ներքին խնդիրն է, որի մասին կարող է միայն տեսականորեն դատողություններ անել, եւ կա՛մ արտաքին գործոնը։

«Ալիեւը, ըստ ամենայնի, վախենում է հետխորհրդային տարածքում ինչ-որ պրոցեսներից՝ փոփոխություններից, եւ փորձում է Թուրքիայի հետ ուղղակի բաց դաշինքի մեջ մտնել։ Սա, թերեւս, պայմանավորված է Բելառուսի դեպքերով։ Մեկ այլ տարբերակ․ ինչ-որ մտավախություններ ունի՝ ՌԴ-ի հետ կապված․ Ադրբեջանի փոխարտգործնախարարի Վրաստան այցի նախօրեին Ալիեւը հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռները սպառազինություններ են փոխադրել Հայաստան։ Այսինքն՝ նման խնդիրներ կան, բայց նա ամեն ինչ խառնում է։ Նախ, ՌԴ-ն պետք է Հայաստանին զենք մատակարարի, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ մեզ հետ ունի ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր։ Երկրորդ․ Ադրբեջանը՝ ինքը, տարբեր երկրներից՝ թուրքերից, Իսրայելից, ստանում է սպառազինություն եւ, չգիտես ինչու, մեր քայլերին հիվանդագին դիրքերից է նայում»։ Ամեն դեպքում, Ալիեւի այդ քայլերի հետեւում Տարասովը տեսնում է հետեւյալը․ «Նախապատրաստվել էր ինչ-որ ինտրիգ, որը տապալվել է եւ որը նյարդայնացնում է Ադրբեջանի նախագահին։ Այստեղ էլ, նրա ձեւակերպմամբ, «մերկապարանոց հայտարարություններ, թե Հայաստանը նախապատրաստվում է պատերազմի»։ Տարասովն այնուհետեւ ավելացնում է․ «Այդ ո՞ր մի ապուշը կարող է մտածել, որ Երեւանը կարող է նախահարձակ լինել։ Լավ է՝ չեն ասում՝ ուզում է Բաքուն զավթել»։