«Հրաժեշտ զենքին»
Այս խորագիրն է կրում (անգլերեն՝ A Farewell to Arms, ռուսերեն՝ «Прощай, оружие!») ամերիկյան գրող, գրականության գծով 1954 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյի վեպը, որը լույս է տեսել 1929 թվականին: Գիրքը, Առաջին համաշխարհային պատերազմի խորապատկերին, պատմում է սիրո մասին: Վեպն ինքնա-կենսագրական է. Հեմինգուեյը ծառայել է իտալական ճակատում, վիրավորվել եւ հայտնվել Միլանի հոսպիտալում, որտեղ էլ սիրավեպ է ունեցել անգլիացի բուժքույր Քեթրին Բարկլիի հետ:
Բայց այստեղ խոսքը սիրո մասին չէ, ոչ էլ՝ հեմինգուեյյան իմաստով զենքին հրաժեշտ տալու: Խոսքն այն մասին է, թե ինչ երկար «ճանապարհ» է անցել մի գաղափար, որն այժմ իրագործված լինելու փուլում է հայտնվել: Այդ գաղափարը հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ «Независимай газета»-ին տված հարցազրույցի (19 հունիսի, 1992 թ., թիվ 154) ընթացքում. «Հայաստանի գոյատեւման անվտանգության ամենահուսալի երաշխիքը ոչ թե նրա տնտեսական կամ ռազմական հզորությունն է, այլ բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերությունները: Այդ սկզբունքն էլ հենց ընկած է մեր արտաքին քաղաքական դոկտրինայի հիմքում»:
Այս գաղափարը, որոշ ժամանակ անց, որոշները կարճ ձեւակերպել են այսպես. «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»:
Թվում էր, թե աշխարհի խելացի եւ իմաստուն ազգերից մեկը հրեաներն են: Փաստորեն, դա այդպես չէ: Նրանք ուղղակի խելացի են, որովհետեւ իմաստուն լինելու դեպքում Իսրայելն այս իրավիճակում չէր հայտնվի, չէր զարգացնի իր տնտեսական եւ ռազմական հզորությունը, հետեւաբար՝ մշտական բախումներ չէր ունենա հարեւանների հետ, ստիպված չէր լինի հսկայական քանակի ռազմական արտադրանք արտահանել՝ աշխարհի այլ մասերում ցեղասպանություններն արդյունավետ իրագործելու համար:
Մի պահ պատկերացնենք, թե Իսրայելի «տնտեսական կամ ռազմական հզորությունը» նման է ՀՀ-ում տիրող վիճակին: Նման մտավարժանքները նույնիսկ կարող են առաջացնել Իսրայելի, աշխարհի հրեաների արդարացի զայրույթը: Եվ այդ ժամանակ Aerostar, Heron իսրայելական, դրանց «արյունակից» «Bayraktar» բրենդով իսրայելա-բրիտանական անօդաչուները կփակեն ՀՀ երկինքը, իսկ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ դրանց գործադրումը հեքիաթ կթվա:
Ինչեւէ, Հայաստանի ներկա իշխանությունները, հետպատերազմյան արտաքին քաղաքական դոկտրինի հիմքում, ենթադրաբար, դրել են «Հրաժեշտ զենքին» սկզբունքը: Ընդ որում, խոսքը սոսկ զենքին չի վերաբերում: Ինչպես ցույց են տալիս Արցախի եւ ՀՀ շուրջ զարգացումները, բոլոր հարեւանները, «բնականոն հարաբերություններ» հաստատելու «ազնիվ» մղումներով, մեզ հետ վարվում են այնպես, ինչպես «Տժվժիկ»-ում. «Նիկողոս աղան կովի լյարդ է գնում Ներսես աղբարի համար՝ բարեգործություն անելով վերջինիս ընտանիքին»։
Եթե տնտեսական հզորություն չկա, ուրեմն մնում է հույսը դնել Թուրքիայի, Ադրբեջանի, թեկուզեւ՝ Անդրեա Վիկտորինի գթասրտության եւ ողորմածության վրա: Դե, իսկ ռազմական հզորության բացակայության առումով էլ ավելի հետաքրքիր զարգացումներ կլինեն: Անտարակույս, դա կլինի մուտք «խաղաղության դարաշրջան». երբ բոլոր հարեւաններդ, ում հետ ցանկանում ես հաստատել «բնականոն հարաբերություններ», կարող են ուժ գործադրել, սպանել քաղաքացիներիդ, իսկ դու չես կարող պատասխան հարված հասցնել, քանի որ «հրաժեշտ ես տվել զենքին», անշուշտ, ՀՀ մասնակցությամբ պա-տերազմների էջը տարածաշրջանում կփակվի մեկընդմիշտ: Ու բոլորովին նշանակություն չունի, թե դեռեւս ՀՀ անվանվող պետական կազմավորման տարածքում քաղաքացիներն ազատ շարժվելու կամ անվտանգության երաշխիքներ կունենա՞ն, թե՞ ոչ: Նմանապես, նշանակություն չի ունենա, թե Երեւանը կանվանվի Էրիվան, թե՞ ոչ, եւ այսպես շարունակ:
Մյուս կողմից, ինչ նշանակություն ունի այս ամենը, եթե «Նիկողոս աղան չի սպանում Ներսես աղբարին»: Հավանաբար, եթե մեր բոլոր հարեւանները համոզվեն, որ «Հրաժեշտ զենքին» սկզբունքը լիարժեք գործում է, ապա մենք «կովի լյարդի» պակաս չենք զգա:
Այնպես որ, «Прощай, оружие!» Սա արդեն կլինի հայ տղայի եւ ադրբեջանուհու կամ ադրբեջանցի տղայի եւ հայուհու սիրո պատմություն: Վեճ կառաջանա միայն, թե «Հեմինգուեյը» որտեղից պետք է լինի: Թեեւ այս հարցն էլ, կարծես, դյուրին կլուծվի. առաջին դեպքում նա կլինի ազգությամբ հայ (Հայաստան գրելը բացասաբար կանդրադառնար մեր հարեւանի հետ բնականոն հարաբերությունների վրա՝ նկատի ունենալով, որ այնտեղ արդեն արգելված է Արցախի տարածքը որպես առանձին վարչական միավոր դիտարկելը), երկրորդ դեպքում՝ Ադրբեջանից:
Իսկ այդ ընթաքում Թուրքիայի պետական հետազոտական գործակալությունը սկսել է Bayraktar TB2-ի համար մինիատյուր զինամթերքի զանգվածային արտադրությունը…
Բարի գալուստ, զենք…
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ