Կրակոցների դադարեցման տրամաբանությունը

Կրակոցների դադարեցման տրամաբանությունը

Ադրբեջանական ցաքուցրիվ կրակոցները ոչ թե հիստերիկ դրսևորումներ են, ինչպես ասել է իրեն ստրատեգ պատկերացնող քպկական մեկը, այլ խիստ հանգիստ, գիտակցված և նպատակաուղղված քայլեր: Դրանց նպատակը Նիկոլին «աջակցելն» է, որպեսզի Տավուշի մարզի «վիճելի» տարածքները խաղաղ ու անխոչընդոտ հանձնի իրենց: Պարզ է նաև, թե ինչու է թշնամին նախընտրում այդ տարբերակը և չի իրականացնում ռազմական ագրեսիա: Չնայած տարածքները պետք է հանձնվեին շաբաթներ առաջ: Պատճառը նրա վախն է, որ դա կարող է հանգեցնել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի պաշտոնի կորստին: Իսկ դա էլ կարող է բերել իրավիճակի փոփոխություն ոչ միայն Հայաստանում, այլև Բաքվի հաշվարկներում: Ինչը, բնականաբար, չի կարող ձեռնտու լինել այդ երկրի բռնապետին: Որովհետև պաշտոնից նրա զրկվելը բերելու է նաև պարտության խորհրդանիշ երևույթի անհետացմանը: Իսկ թե ինչ աստիճանի կարևորություն են տալիս խորհրդանշային երևույթներին Ադրբեջանում՝ մենք տեղեկացանք 44-օրյա պատերազմի ընթացքում:  

Ասվածը նշանակում է, որ Իլհամի ու Նիկոլի գործողությունները նախապես ծրագրավորված են ու համադրված: Բայց քանի որ Նիկոլն անընդհատ փորձում է ետ կանգնել Իլհամին տված իր նախկին խոստումներից, դրանց վերաբերյալ Բաքվից գալիս են հիշեցումներ: Ինչպես, օրինակ, այս վերջինը Տավուշի մարզի տարածքների առումով: Մնում է այն հարցը, թե ինչու է դա արվել Ադրբեջանի փոխվարչապետի կողմից՝ երբ նախկինում բոլոր այդ «հաղթական» սպառնալիքները բարձրաձայնում էր անձամբ Իլհամը: Ենթադրում եմ, որ դա պայմանավորված է ո՛չ միայն և ո՛չ այնքան սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքով: Դրա նպատակը հերթական անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին և դրանով նաև մեր ողջ ժողովրդին ստորացնելու ձգտումն է: Ստացվում է աննորմալ, սակայն արևելյան բռնակալներին խիստ հարազատ պատկեր. ստորացնելով հանդերձ՝ պահպանել իր վասալին:  

Վերադառնալով ցաքուցրիվ կրակոցների թեմային՝ արձանագրենք, որ դրանց նպատակը նաև Նիկոլին հիշեցնելն է տրված խոստումների մասին: Եվ դրանք, իսկապես, ինքնին վտանգ չեն ներկայացնում: Սակայն վտանգ է ներկայացնում դրանք շարունակական արհամարհելու վարքագիծը, որովհետ մի օր կարող են դադարել ոչ թե կրակոցները, այլ դրանց ցաքուցրիվ բնույթը: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ վարչապետի աթոռից կառչած անձը ստիպված է լինելու կնքել 100 տոկոսանոց կապիտուլյացիոն պայմանագիր թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Եվ դրանք կդադարեն ոչ թե այն հանգամանքի շնորհիվ, որ «Երևանն ամեն ինչ կանի, որպեսզի կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ եվրադիտորդների մակարդակով»,- ինչպես ասել է «ստրատեգը»:

Եվրադիտորդների առկայության պայմաններում կրակոցները, նախ, եղել են նախկինում: Դրանք շարունակվել են հետագայում: Երկրորդ, դրանք չեն դադարի «ստրատեգի» ասած՝ իրենց կողմից կատարվող՝ անորոշ ինչ-որ աշխատանքի արդյունքում: Ինչը նման է մեկ-երկու տարի առաջ սահմանագծում կատարվող այն վիրտուալ աշխատանքներին, որ նկատելի էր միայն իրենց համար: Սակայն որպեսզի կրակոցներն իսկապես ու իսպառ դադարեցվեն՝ դիրքերը պահող մեր զինվորները պետք է պատասխանեն դրանց: Այնպես, ինչպես եղել է նախկինների օրոք: Սակայն որպեսզի նրանք կարողանան անել դա՝ նրանց չպետք է տրվի չկրակելու հրաման: Իսկ որպեսզի նրանց չտրվի չկրակելու հրաման՝ պետք է փոխվի հրաման տվող անձը: Եվ այդ անձն էլ պետք է պատրաստի երկիրը պատերազմի և ոչ թե պատերազմի սպառնալիքով տարածքներ զիջի թշնամուն: Ահա այդպիսին կարող է լինել կրակոցների դադարեցման տրամաբանությունը: Եվ ոչ թե այն հանգամանքը, որ «կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ եվրադիտորդների մակարդակով», ինչպես ասել է ինքն իրեն ստրատեգ համարող քպկական մեկը: