Ողբամ զքեզ, Հայաստան աշխարհ

Ողբամ զքեզ, Հայաստան աշխարհ

«Գերիների հարցն ուզում են մեր դեմ, պետության եւ ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պահանջելու համար: Այդ տղաները… մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն իրենց ազատության զիջենք երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»: Մեջբերվածը հատված է (չնայած՝ կրճատ, սակայն առանց մտքի խեղաթյուրման) հունիսի 7-ի Նիկոլի քարոզչական ճառից: Խոսքը, ենթադրաբար, ուղղված է թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ թե՛ ընդդիմադիր գործիչներին: Ընդդիմադիրների մասով, բնականաբար, շահարկում է գնում, իսկ Իլհամի մասով, առաջին հայացքից ճշմարիտ խոսքեր են, երկրի՝ պետական մտածողության տեր ղեկավարի խոսքեր: Սակայն ավելի խոր դիտարկման դեպքում առաջանում են մի շարք հարցեր:  

Առաջին․ եթե գերի լիներ հենց Նիկոլի տղան, ինքը նորից նույն կարծիքին կլինե՞ր, թե՞ ամեն ինչ կաներ որդուն գերությունից ազատելու համար: Համացանցում կարելի է գտնել նյութեր, ըստ որոնց՝ քարոզչական նպատակով առաջնագծում հայտնված որդուն շրջապատումից դուրս բերելու համար հատուկ գործողություն է իրականացվել: Դրա ընթացքում զոհաբերվել է բազմաթիվ զինվորականների կյանք, որպեսզի Նիկոլի որդին չընկներ գերության մեջ:
Երկրորդ․ փաստորեն, տղաները ոչ թե մեկ կամ երկու ամիս ավելի մնացին գերության մեջ, այլ՝ 7-8 ամիս: Եվ մնացին ոչ թե հանուն երկրի անկախության ու ինքնիշխանության, այլ Նիկոլի վերարտադրության: Մնացին, որպեսզի քվեարկությունից մեկ շաբաթ առաջ Նիկոլը նրանց մի փոքր մասին փոխանակեր ադրբեջանցիների ձեռքում հայտնված ականապատ տարածքների քարտեզների հետ ու դրանով վարկանիշ բարձրացներ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Ու դա ներկայացներ իբրեւ թե իր կողմից քայլ ադրբեջանցիների քայլին ընդառաջ: Այն է՝ ադրբեջանցիները խոստացել են ազատել գերեվարված տղաների մի մասին, ինքն էլ խոստացել է դրա դիմաց նրանց հանձնել Ակնա (Աղդամի տարածքի քարտեզները): 

Եվ այդ հարցում հերթական անգամ դրսեւորվել է Փաշինյան Նիկոլ անձի հակապետական մտածողությունը: Պարզվել է, որ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Մուրադովը հետաքրքրվել է, թե Հայաստանի ղեկավարությունն ունի՞ արդյոք նման քարտեզներ, եւ ստացել է բացասական պատասխան: Այնինչ պարզվում է, որ ունեցել է եւ պահպանել է հարմար ժամանակի համար, իսկ հարմար ժամանակն Ազգային ժողովի ընտրությանն ընդառաջ քարոզարշավն էր: Իսկ եթե քարտեզները մի քանի ամիս առաջ տրվեին ռուս գեներալին, ապա չէր բացառվում, որ կվերադարձվեին բոլորը գերիները, եւ դա տեղի կունենար շատ ավելի վաղ: Այդպիսի մարդկային անբարոյականություն…      

15 գերու վերադարձին ոչ մի խոսք չհնչեց այն մասին, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ՝ ահաբեկիչ: Իսկ մենք հիշում ենք, որ Իլհամն անընդհատ հայտարարում էր, որ Ադրբեջանում չկան ռազմագերիներ՝ եղածներն ահաբեկիչներ են, որոնք հայտնվել են իր երկրի սուվերեն տարածքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Եվ ըստ այդմ՝ նրանք պետք է դատվեն Ադրբեջանի համապատասխան օրենքներով: Ի դեպ, այդ դատավարություններն արդեն սկսվել են, եւ հունիսի 14-ին հրապարակվել է առաջին վճիռը՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: 

Ներկա պահին էլ Ադրբեջանում շարունակվում է մեր տղաներից Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների իրականացման մեջ: Մկրտչյանը մեղադրվում է ադրբեջանցի գերեվարված 11 զինվորներին խոշտանգելու, Խոսրովյանը՝ ադրբեջանցի հինգ գերիների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունքի մեջ: Կասկած չկա, որ նրանց եւս սպասում է Էուլջեքջյանի նման ճակատագիր: Հունիսի 16-ից սկսվել է եւս 14 հայ գերիների դատավարությունը:

Իսկ Հայաստանում շարունակվում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն անօրինականորեն գրաված անձի քարոզարշավը: Սյունիքում այն իրականացնելու համար, ըստ ընդդիմադիրների, նրան ուղեկցում էր 1400 անձից բաղկացած ոստիկանական «բանակը»: Եվ որպեսզի ընտրություններին ընդառաջ բարձրացնի ցած ընկած վարկանիշը, գործարքի է գնում Իլհամի հետ՝ 15 գերի վերադարձնելու նպատակով: Այս դեպքի համար է ասվում՝ ողբամ զքեզ, Հայաստան աշխարհ, որ ղեկավարդ է անբարոյական…