Ոչ թե ժողովրդի հայր, այլ՝ կառավարիչ

Ոչ թե ժողովրդի հայր, այլ՝ կառավարիչ

Սովետմիությունից ժառանգած ավանդույթ է՝ ով դառնում է երկրի ղեկավար, համարվում է ժողովրդի հայր՝ ընտանիքի ղեկավար: Եվ քանի որ հետխորհրդային տարածքում իշխում է հայրիշխանությունը, ընտանիքի անդամները պետք է ենթարկվեն «հորը»: Նա իրավունք ունի պատժելու յուրաքանչյուրին, ով «խելոք» չի մնա, եւ տնօրինելու «ընտանիքի»  ունեցվածքն ու բյուջեն: 

Ստալինը չէր թաքցնում իր՝ «ժողովուրդների հայր» լինելը, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ժողովուրդն իր ընտանիքն է: Եվ քանի որ հենց ինքն է այդ ժողովրդի առաջնորդը եւ երկրի ղեկավարը, հետեւաբար, հենց ինքն է այդ ընտանիքի «հայրը»: 

Ստալինի եւ Փաշինյանի ժամանակաշրջանների արանքում կառավարած անձինք չէին բարձրաձայնում այդ չգրված օրենքի մասին, բայց օգտվում էին «հայրության» իրենց իրավունքներից: Մասնավորապես, ըստ իրենց խղճի չափի, տնօրինում էին երկրի ունեցվածքն ու ֆինանսները: 

Այդ պատճառով է, որ հենց որ ժողովուրդը մի քիչ հարստանում էր, կամ «հոր» սխալ գործողությունների պատճառով ճգնաժամ էր սկսվում, տարբեր պատրվակներով խլում էին «ընտանիքի»  անդամների փողերն ու ունեցվածքը: 

Այդ պատրվակները բազմաթիվ էին. կուլակաթափություն, կոլեկտիվիզացիա, աշխատավարձերի մի մասի փոխարեն՝ ետ չընդունվող պարտատոմսեր գնելու պարտադրանք, դենոմինացիա՝ հին թղթադրամների փոխանակում նոր թղթադրամներով, ամենամեծ նոմինալ արժեք ունեցող թղթադրամների զրոյացում, բանկային հաշիվների սառեցում, չնչին գներով հանրային ունեցվածքի սեփականաշնորհում, պետության գերակա շահ անվան տակ մարդկանց անշարժ գույքը ոչ համարժեք գումարներով մեկ ուրիշին փոխանցելը, անորոշ ապագա ունեցող կուտակային կենսաթոշակ պարտադրելը եւ այլն: 

Հայաստանցիներն այդ ամենին ծանոթ են: 

Հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ վաճառելու եւ սեփականաշնորհելու հանրային, այսինքն՝ անտեր, շատ քիչ բան է մնացել: Դրսից դրամաշնորհներ եւ ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր այլեւս չեն տալիս: Չեն առաջարկում նաեւ «Հազարամյակի մարտահրավերների» նման «յուղոտ» ծրագրեր: Պետական պարտքը, եթե օրենքում «պետական պարտք» բառերը չփոխարինեին «կառավարության պարտք» բառերով, վաղուց արդեն գերազանցած պետք է լիներ օրենքով նախատեսված թույլատրելի շեմը: Հետեւաբար, Հայաստանն այլեւս պարտքեր անելու իրավունք չէր ունենա եւ վերջին 3 տարում շուրջ երկու միլիարդ դոլարով չէր կարողանա ավելացնել մեր արտաքին պարտքը: 
Այդ 2 միլիարդից 1 միլիարդ 250 մլն դոլարը Հայաստանին հաջողվեց ստանալ եվրապարտատոմսերի վաճառքի շնորհիվ, եւ հիմա ապագա կառավարությունները ու մենք՝ բոլորս, պետք է փակենք այդ պարտքը: Ընդ որում, չի բացառվում, որ այդ պարտատոմսերը հայտնվեն ադրբեջանցիների մոտ, որոնք կպահանջեն պարտքը փակել ՀՀ տարածքների հաշվին:  

Եթե այդ 2 միլիարդն օգտագործվեր տնտեսության զարգացման, եկամտաբեր, աշխատատեղեր ապահովող նոր ձեռնարկությունների ստեղծման, բանակի հզորացման նպատակով, ամեն ինչ լավ կլիներ: Բայց այդ գումարների մի զգալի մասը ծախսվել է նոր վերնախավի եւ նրանց մերձավորների բարձր աշխատավարձերի, պարգեւավճարների, անօգուտ գործուղումների, անիմաստ, բյուրոկրատիան ուռճացնող աշխատատեղեր ստեղծելու, նրանց շքեղություններով ապահովելու, ընդդիմության դեմ պայքարի, սեփական փիառն ապահովելու համար: Հայաստան հոսող՝ վերը նշված եկամուտների ցամաքումն էր, երեւի, հիմնական պատճառներից մեկը, որը դրդեց Սերժ Սարգսյանին հեշտությամբ զիջել իշխանությունը: 

Պետք է դադարեցնել այսպիսի կառավարումը, երբ պետության ղեկավարին համարում են ժողովրդի հայր եւ անխոս ենթարկվում են նրա բոլոր հրամաններին: Իսկ նա պետբյուջեն համարում է իր գրպանի փողը եւ ծախսում՝ ինչպես ցանկանա՝ չվախենալով, որ իր ձեռքը բռնող կլինի: 
Մենք բոլորս պետք է հասկանանք, որ երկրի ղեկավարը ոչ այլ ինչ է, քան սոսկ կառավարիչ, որին ընտրել է ժողովուրդը: Եվ պետք է պայքարենք, որ ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք հնարավորություն կտան ժամկետից շուտ փոխել կառավարչին, եթե նա չարդարացնի մեր սպասումները:

Գրիգոր Էմին-Տերյան