Նիկոլն իրեն դատապարտում է Քադաֆիի օրհասին

Նիկոլն իրեն դատապարտում է Քադաֆիի օրհասին

Նիկոլը կա՛մ հեռանում է, կա՛մ հեռացնում են իրեն: Հեռանում է ստիպված, ճարահատ` դրսեւորելով վերջին խոհեմություն, կամ ընդդիմությունը հեռացնում է իր միջոցներով, որոնք հնարավոր է լինեն կոշտ ու ցավոտ: Ընդդիմության տրամաբանական ենթադրությունն այն է, որ կապիտուլյացիա ստորագրած վարչապետը կա՛մ ինքնասպանություն է գործում, կա՛մ հրաժարական է տալիս: Այդպես հղում են անում նաեւ պատմության արդարադատությանը: Իսկ Նիկոլն ունի իր արդարադատությունը, որ կապիտուլյացիա չի ստորագրել եւ մեր բանակի մնացած մասի կյանքն է փրկել: Ասինքն` ինքը ոչ թե նեռն է, այլ՝ փրկիչը, եւ փրկիչն ինքնասպանություն չի գործում, չի հեռանում: 

Օր-օրի, ժամ-ժամի, րոպե առ րոպե բարձրանում է երկրի վարչապետին անվստահություն հայտնող համայնքների, քաղաքների, կրթական, գիտական, հոգեւոր կառույցների ու կազմակերպությունների եւ պարզապես անհատների թիվը: Հակված չենք այստեղ կոնկրետ թիվ նշելու, քանի որ հաջորդ պահին այն կարող է հնացած դառնալ: Այս ցուցիչի հետ պետք է հաշվի նստի Նիկոլը: 
Նախ վախենալ է պետք աթոռից Նիկոլի զոռով կառչելուց, որ սպառնալիք է, նոր հետո վախենալ ընդդիմության հնչեցրած «զոռով կգնա» սպառնալիքից: Նիկոլն ամեն ինչ անում է, որ իր զոռովի դեմ դուրս գա ընդդիմության զոռովը, այսինքն` ատամ ընդ ատաման: Նիկոլը թերահավատ է եւ երկփեղկված աստվածաշնչյան այս ասույթի նկատմամբ: Առաջին․ չի վստահում ասույթին եւ չի հեռանում այն ճանապարհով, որով եկել է, ինչպես ինքը հեռացրեց Սերժին: Չի ընդունում համապատասխան արարքը իր արածի դիմաց: Երկրորդ․ իր զոռովն է հանում ընդդիմության զոռովի դեմ: Արդար է ասել, որ ստիպում է ընդդիմությանը զոռովով պատասխանել իր զոռովին: 

Նիկոլը Սերժը չէ, չի ասելու` ես սխալ եմ, եւ նամուսով գնա: Ինչպես տեսնում ենք՝  չի հեռանում, դեռ իր կողմնակիցներին է հանում փողոց, թե վատն ինքը չէ, այլ իր հեռանալը պահանջողները, եւ հենց նրանք պետք է հեռանան: Չի հեռանում, երբ դրա անհրաժեշտությունն է տեսնում երկրի նախագահը, անգամ կաթողիկոսն Էջմիածնից եւ մյուս կաթողիկոսը՝ Անթիլիասից: 

Եթե անգամ Աստված ամպի վրա նստած իջնի երկիր եւ Նիկոլին հորդորի քրիստոնեաբար հեռանալ, չի հեռանալու, ավելին, նրա հաջորդ մատնանշած մեղավորը լինելու է Աստված: Առանց մեկ վայրկյան վարանելու, Աստծուն էլ զոհ կտա` հանուն իր փրկության եւ աթոռին հետույքը սոսնձված լինելու: Նիկոլի համար կա մեկ աստված, դա ինքն է, եւ մեկ երկնային գահ, դա իր աթոռն է:   
Եթե փողոց հանած իր կողմնակիցների չհաջողված կլոնային ներկայացումները չօգնեն, Նիկոլը դիմելու է իր հնարավորությունների անօրինական օգտագործմանը՝  ուժային կառույցներին, ոստիկանության մահակներ եւ հատուկջոկատայինների տաք մահակներ: Նիկոլի հետպատերազմյան կեցվածքը ենթադրել է տալիս իրավիճակի նման զարգացում, հատկապես, որ օրեր առաջ վրեժի կոչ էր անում: Հասկանալի է, կանգ չի առնելու:

Նիկոլն իր զոռովին է դուրս բերելու փողոց, որին պատասխանելու է ընդդիմության զոռովը: Բացառված չէ, որ Նիկոլի զոռովն ինքնակամ ճեղքվի եւ միջանցք տա ընդդիմության զոռովին՝ մուտք գործելու վարչապետի աշխատասենյակ կամ բունկեր, որտեղից էլ՝  փողոց: Եվ մենք ականատես կլինենք վերջին Քադաֆիին կամ Քադաֆիի վերջին: Նիկոլն ինքն է դատապարտում իրեն այդ օրհասին` առանց գիտակցելու, որ եթե նամուսով չհեռացավ, բենամուս կհեռանա:

Հուսիկ Արա