Նույնիսկ զավեշտալի չէ

Նույնիսկ զավեշտալի չէ

Իշխանությունների բանը բուրդ է, եւ դրա մասին են վկայում Ազգային ժողովի իշխանական թեւի առանձին պատգամավորների վերջին օրերին հաճախացած անհեթեթ հայտարարությունները (օրինակ՝ Անդրանիկ Քոչարյան), ապուշ դատողություններով (Մարիա Կարապետյան), կեղծ պնդումներով (Նազելի Բաղդասարյան), նաեւ այն հանգամանքով, որ հրապարակային գործունեության ասպարեզ են մղվում ակնհայտորեն ոչ-ինտելեկտուալները։ Եվ քանի որ նրանք այդպիսին են, ապա զարմանալի չէ, որ վերջիններիս «հայտնությունը» համարյա առանց բացառության ավարտվում է զավեշտով, ավելին՝ նրանց կողմից որպես դիֆերամբ հղացված խոսքն ու բառը, իրենց համար էլ անսպասելի, վերածվում են պասկվիլի՝ հենց իրենց դեմ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ահավասիկ, նույնիսկ «այս սեւ օրերում» իր նվիրվածությունն «իմքայլականների ցեղի» առաջնորդին հավաստելու այլ եղանակ չի գտել, քան ֆեյսբուքում մի ցնցող գրառում կատարելը։ «Ահա թե ինչ է եղել հեղափոխության արդյունքում,- վեհապանծ ոճով գրում է «իմքայլականը»։- Հայաստան սկսել են ավելի շատ ժամանել, քան մեկնել Հայաստանից։ Ամենախոսուն պատկերը, որ կանգնեցրել ենք աղետալի արտագաղթը եւ միտում կա ներգաղթի»։ Պատգամավորը գրառմանի կից ներկայացրել է նաեւ համապատասխան գծապատկերը։ Վերոբերյալ գրառման՝ մեր այս եղերական ժամանակներին եւ հանգամանքներին, քաղաքական իրավիճակին եւ ընդհանուր մթնոլորտին բացարձակ անհամարժեքությունից այն տպավորությունն է ստացվում, թե Հայաստան աշխարհում վերջին ամիսներին ո՛չ պատերազմ է եղել, ո՛չ աղետ, եւ աղետի անունն էլ «նիկոլ» չի եղել։ Տպավորություն է ստացվում, թե մեր երկրի համար հիմա «աղետալին» սոսկ արտագաղթն է, այլ ոչ թե հազարավոր հայորդիների կորուստը, անդառնալի հայրենազրկումը։ Եվ ինչպե՞ս չզարմանաս, որ կորստյան անդունդը գլորվող երկրի ցավը մի կողմ դրած՝ ինչ-որ  տհաս ուրախանում է արտագաղթի տեմպերի իբր նվազմամբ՝ դրանով «փաստելով» հեղափոխության իրական լինելը։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մուտք ու ելքի պարզ թվաբանությամբ արտագաղթ կամ ներգաղթ որոշելու «իմքայլական» այս մեթոդիկան ծիծաղելի է եւ շատ հեռու հավաստիությունից, սակայն ամբողջ հարցը ներքաղաքական լարված իրավիճակում «հեղափոխություն եղել-չի եղել» դիսկուրսն ակտիվացնելն է, ընդ որում՝ ինտելեկտուալ մի անձեռնհասի ձեռքով։ Իսկ որ նա անձեռնհաս է, ապացուցվում է իր հրապարակած գծապատկերի ժամանակագրությամբ, որտեղ ներգաղթ-արտագաղթի վերջին համեմատելի տարին․․․ 2019 թվականն է։ Այսինքն՝ մարդը ետ է մնում իրադարձություններից, դեպքերից, պատերազմներից, պարտություններից, համազգային խայտառակությունից․․․ մի ամբողջ տարով։ Ի դեպ, տպավորություն կա, թե դեպի «ետ» հայտնվելու ժամանակային կոմֆորտին են այսօր ձգտում ուրիշ շատերը պատգամավորներից, ինչպես նաեւ ՔՊ-ական իշխանությունից։ Նրանք ջանում են 2020 թվականից «սրբագրել» սեպտեմբեր-նոյեմբերի զարհուրանքը եւ մարդկանց գիտակցությունը բեւեռել միայն ձեռնտու անցյալին, ինչպես վերոհիշյալ օբյեկտը (Նիկոլի կողքին սուբյեկտներ չեն լինում)։ Ժամանակը «սրբագրելու» իշխանական այս ջանքը լավագույնս արտահայտվում է երկրի ղեկավարի վարքում ու մանիպուլյատիվ գործողություններում։ 

Իսկ սույն քննարկելի երիտասարդը, 2019-ի ներգաղթի նիկոլյան «նվաճումը» հրապարակ բերելով, անկասկած ջանում է տպավորություն գործել թերուսների, միամիտների, անմիտների,  ողջ գաղափարազուրկ զանգվածի՝ զոմբիների վրա։ 

Գուցե դա նրան նույնիսկ հաջողվել է, բայց գիտակից մարդկանց ասպարեզում հայտնվել այս ինտելեկտուալ թշվառությամբ՝ նույնիսկ զավեշտալի չէ։