Եթե էս նույն բանն աներ որեւէ այլ իշխանություն, չպատկերացնենք՝ Փաշինյանն ինչ կաներ

Եթե էս նույն բանն աներ որեւէ այլ իշխանություն, չպատկերացնենք՝ Փաշինյանն ինչ կաներ

Հարցազրուց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ

- Դուք տեւական ժամանակ է՝ ակտիվ չէիք քաղաքականության մեջ, բայց վերջին օրերին կարծես թե կրկին ակտիվացել եք, Ձեզ նկատում ենք միտինգներում, հարցազրույցներ եք տալիս։ Ինչո՞վ է պայմանավորված նախկին պասիվությունը, իսկ այժմ էլ՝ ակտիվությունը։

- Նախ՝ չէի ասի, որ պասիվ եմ, երկուսուկես տարվա մեջ պարբերաբար տվել եմ հարցազրույցներ, տեսակետներ եմ հայտնել տարբեր իրավական թեմաների հետ կապված։ Բայց ամենակարեւորը՝ կուզենայի նշել, որ ցանկացած նոր եկած իշխանությանը պետք է առնվազն տաս հնարավորություն, բայց մենք տեսանք, որ շատ կարճ ժամանակահատվածում օրվա իշխանությունն այդ հանրության գրեթե անսպառ վստահությունը մսխեց։ Սկզբնական ժամանակաշրջանում դա մեր քաղաքացիների համար տեսանելի չէր, ինչու եմ դա ասում, որովհետեւ, երբ որ իրենք ասում էին՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, կամ աշխատավարձերը, թոշակները պիտի բարձրանան եւ այլն, բայց նման խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը գրեթե մատը մատին չտվեց, այլ հակառակը՝ տեսախցիկները շատացան, տուգանքները մեծացան, եւ տեսանք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ է։ Բայց էս ամենի վերջակետը նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթն էր։ Ես չեմ պատկերացնում մի հայ մարդ, որը կարող է հանդուրժել այս ամենը եւ չպահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- Օրերս հրապարակված ձայնագրությունը մեծ աղմուկ առաջացրեց, խոսքը Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի մասին է, եւ իմքայլականներից ոմանք հարց բարձրացրին՝ որտեղի՞ց պիտի Սերժ Սարգսյանն այդ 6 միլիարդ դոլարը տար, եթե Ալիեւը համաձայներ նրա առաջարկին։ Դուք ինչպե՞ս կպատասխանեք սրան։

-Դե, գիտե՞ք ինչ, իմքայլականների մեջ էնքան ցայտուն է դրսեւորվում ցինիզմը, որ ցանկացած հարց կարող է առաջանալ։ Վերջին հարցազրույցները նայեք՝ Պուտինի հրաժարականն են պահանջում, հոգեւոր առաջնորդները չեն ներկայացնում ժողովուրդը եւ այլն։ Իսկ կապված այդ հայտնի ձայնագրության հետ՝ ես վստահ եմ, որ այս 30 տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են եղել, եւ կարող ենք ասել, որ իրենք համաձայնել էին՝ սկզբից հինգ շրջանը տային, հետո՝ այդ երկուսը։ Բայց փաստն այն է, որ չեն տվել։ Փաստն այն է, որ արցախյան գոյամարտի օրվանից մինչեւ վերջին այս պատերազմը զոհվել է նույնքան մարդ, որքան այս մեկ ամսվա ընթացքում էս ապիկար, ապաշնորհ, անկարող իշխանության պատճառով, երբ կազմակերպչական զրո ունակություն ունեցող, պատերազմից, մարտարվեստից, զինվորից, զենքից, զորքից, բանակից զրո ունակություն ունեցող մարդիկ փորձել են ղեկավարել բանակը։

- Դուք ի՞նչ եք կարծում՝ այդ 5 միլիարդն առաջարկվել է նաեւ Փաշինյանի՞ն, քանզի նման ակնարկներ հնչեցին։

- Ես չեմ կարող պնդել նման բան, բայց, գիտե՞ք ինչ, եթե առանձին հանդիպել են, ուղիղ կապ էին հաստատել, չէ՞, իրենք ասացին, որ չգիտես՝ շատ տարօրինակ ձեւով էդ երկու տարին ինքն ու Ալիեւը վերահսկեցին, որ պատերազմ չլինի, եւ մատի փաթաթան էին սարքել, որ այս տարիների ընթացքում մեր միակ ձեռքբերումը թող յուրաքանչյուր զինվոր հասկանա, որ առաջնագծում զինվոր չի մահանում։ Բայց 44 օրվա ընթացքում 5 հազարից ավելի զոհ ունեցանք, անհետ կորածների ու գերիների մասին՝ էլ չեմ ասում։

- Ընդդիմության պահվածքն ինչպե՞ս եք գնահատում, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկը՝ ԲՀԿ-ն, փողոցային պայքար է մղում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, իսկ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական մակարդակով է փորձում հասնել դրան՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ այդ խնդիրն առաջ քաշելով։

- Նախ ընդդիմության պահվածքը՝ ԲՀԿ-ն փողոցում է, պայքարում է, դա հասկանալի է, ես «Լուսավոր Հայաստանի» երեկվա հարցուպատասխանը չհասկացա․․․

- Կարծում եք՝ լեգիտիմացնո՞ւմ են Փաշինյանի չհեռանալը։

- Շատ ճիշտ եք, ես հենց դրա մասին էի ուզում ասել, երբ հարցուպատասխանը նայում էի, թեպետ հարցերը շատ ճիշտ էին, եւ դրանց պատասխան չկար, բայց ես կոչ կանեմ «Լուսավոր Հայաստանին» եւ Էդմոն Մարուքյանին՝ այլեւս չլեգիտիմացնել ոչ լեգիտիմ կառավարությանը եւ իշխանությանը։ Եթե մասնակցում եք, մասնակցեք էնտեղ՝ բոյկոտով, պաստառներ պարզելով, այլ մեթոդներով եւ ոչ թե հանդարտ, հանգիստ նստելով։

- Իրենք ձեր դեմ էլ այդպես չէին պայքարում, ձեր դուրը կգա՞ր, որ Էդմոն Մարուքյանը ձեր դեմ ցույց աներ։

- Ես մի հարց տամ, հա՞, եթե էս նույն բանն աներ որեւէ այլ իշխանություն, եւ Նիկոլ Փաշինյանը լիներ Ազգային ժողովում, չպատկերացնենք, թե ինչ կաներ։ Կնստեր ու հանգիստ տոնով հա՞րց կտար, թե ինչպես պատահեց, որ Դուք ստորագրեցիք, արդյոք դա ճի՞շտ էր, թե՞ ոչ։ Հա՞։ Էդպիսի հանգիստ տոնով հա՞րց կտար։ Ես չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կաներ նույն Նիկոլ Փաշինյանը, ում հետ ես եղել եմ պատգամավոր եւ տեսել եմ, թե առանց որեւէ հիմքի ինչպիսի աղմուկ կարող էր բարձրացնել։ Եվ էսօր ԼՀԿ-ն նստում՝ հանգիստ տոնով հարց է տալիս։