Միայն սեռով պայմանավորված աբորտներին են դեմ, թե՞ առհասարակ աբորտներին

Միայն սեռով պայմանավորված աբորտներին են դեմ, թե՞ առհասարակ աբորտներին

Մինչ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում Զարուհի Հովհաննիսյանը, լրագրողների հետ հանդիպումների ժամանակ դատապարտում են սեռով պայմանավորված աբորտները՝ համարելով այն խտրականություն և միաժամանակ կողմ հանդիսանում ոչ սեռով պայմանավորված աբորտներին՝ նշելով՝ «Քո մարմնի տերը դու ես և եթե ցանկություն չունես երեխա ունենալու, ապա այդ դեպքում աբորտն ընդունելի է», օրեր առաջ ԱՄՆ-ի Շառլոտ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու կիսասարկավագ, emaxhealth.com կայքի խմբագիր Արմեն Հարոյանն իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը՝ «Երեկ ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում ամբողջովին արգելվեցին գրեթե բոլոր տեսակի աբորտները: Նոր օրենք ընդունվեց, որով աբորտը համարվեց հանցագործություն... վերջապես այս երկիրը սկսում է ճիշտ ուղղությամբ շարժվել: Հիմա գանք մեր երկրին:

Ըստ Johnston Archive-ի Հայաստանում տարեկան 11․000-13․000 աբորտներ են լինում: Պատկերացնո՞ւմ եք: Մեր երկրում, ծնողներն ու բժիշկները փողի, թե սեռի, թե պարզապես երեխա չունենալու համար տարեկան 12 հազար չծնված երեխա են սպանում: Իմացե՛ք, Աստծու առաջ մեղավոր են բոլոր այն բժիշկները, տատիկներն ու պապիկները, բարեկամներն ու ընկերուհիները և բոլոր նրանք ովքեր քաջալերել, արել, կամ ֆինանսավորել են այս աբորտները: Եթե այս տողերը կարդում են պետական պաշտոնյաներ կամ պատգամավորներ, խնդրում եմ ձեր ձայնը բարձրացրեք ընդդեմ աբորտի: Օրենք ընդունեք և արգելեք աբորտները մեր երկրում: Մի գուցե Թուրքիան կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, եթե նախ մենք ինքներս դադարենք մեր ազգը աբորտներով ցեղասպանելուց: Ալաբաման գրեթե 6 միլիոն բնակչություն ունի: Հիմա այնտեղ բնակիչների թիվը կտրուկ կավելանա: Հայաստանը գրեթե 3 միլիոն ունի: Մենք էլ թվով կավելանանք, եթե տարեկան 12․000 աբորտների դեմն առնենք օրենքով»:  

Հայ Առաքելական եկեղեցին դեմ է ցանկացած տեսակի աբորտներին, իսկ պետական մարմինների հետ սերտ համագործակցող հասարակական կազմակերպությունների մեծ մասը, որոնց ներկայացուցիչներից շատերը, ըստ շրջանառվող լուրերի, աթեիստներ են՝ դեմ են միայն սեռով պայմանավորված աբորտներին։

Երբ Զարուհի Հովհաննիսյանին հարց ուղղեցի, թե ինչպես կհիմնավորի իր տեսակետը, որ կինն իրավունք չունի սեռով պայմանավորված ընդհատել հղիությունը, սակայն եթե այն սեռով չի պայմանավորված, ապա ընդունելի է, քանի որ կինն է իր մարմնի տերը, բայց փաստացի երկու դեպքում էլ կինն է իր մարմնի տերը և երկու դեպքում էլ պետք է որոշումը իրենը լինի, վերջինս մատնանշեց, որ սեռով պայմանավորված աբորտը խտրականություն է: Այսինքն, այստեղ խոսքը ոչ թե անմեղ էակի ծնվելուն է վերաբերում, այլ օրենքին, որով էլ ամրագրված է սեռերի միջև խտրականության դրսևորման արգելքը։

Խտրականության արգելքն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ, սակայն մեր իրավապաշտպանները հավանաբար չեն դիտարկել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մեկ այլ հոդված՝ կյանքի իրավունքը։ Եվ եթե ըստ համակարծիք իրավապաշտպանների, սեռով պայմանավորված աբորտն անընդունելի է, քանի որ այն խտրական մոտեցում է և հետևաբար չպետք է թույլ տալ օրենքի խախտում և տվյալ սեռի պտղի կյանքն ընդհատել, ապա ոչ սեռով պայմանավորված աբորտը ևս օրենքի խախտում է, քանի որ ներարգանդային կյանքով ապրող պտուղն անկախ ամեն ինչից ունի կյանքի իրավունք և այդ իրավունքն իրենն է, քանի դեռ հղիության ընթացքը բարեհաջող ավարտին հասցնելու վտանգ՝ մոր կամ պտղի կյանքին սպառնացող վտանգ, բժիշկների կողմից չի արձանագրվել։

Նարա Մարտիրոսյան