Ղարաբաղյան կլանի ուրվականը

Ղարաբաղյան կլանի ուրվականը

Հայաստանում քաղաքական դաշտը կրկին լարված է, այս անգամ՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի դատավարությամբ: Դատարանի բակում 2 ճամբարի են բաժանվել Քոչարյանի աջակիցները եւ մերժողները: «Քոչարյան՝ մարդասպա՛ն» եւ «Քոչարյան՝ հերո՛ս»  իրար հակասող վանկարկումները կարծես արձագանքն են հայաստանյան իրականության: Դժվար է հույս ունենալ, որ այս մթնոլորտում ընթացող դատավարությունն ազատ կլինի, եւ դատավորը՝ անկաշկանդ: Դա են փաստում Փաշինյանի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսումները, Փաշինյանի հրապարակավ հայտարարությունը, թե «այդ ո՞ր դատավորը կարող է․․․»:

Այսօր դատավորին կաշկանդում է նաեւ փողոցը: Թեեւ նախորդ իշխանությունների օրոք նման գաղտնալսումներ չեն բացահայտվել, եւ նրանք հրապարակավ չեն հոխորտացել դատավորների դեմ, սակայն բոլորս գիտենք, որ այն ժամանակ էլ Հայաստանում գործել է հեռախոսային արդարադատությունը: Այս դատավարությունը չի կարող անկողմնակալ լինել, քանի դեռ իշխանության ղեկին են Մարտի 1-ի բարիկադների այս կամ այն կողմում հայտնված ուժերը: Եվ կախված այն բանից, թե տվյալ պահին ով է իշխանություն, դատարանը նրա սրտով որոշում էլ կկայացնի: Մարտի 1-ի գործը դարձել է հայաստանյան քաղաքական կյանքի քաղցկեղը, որը տարիներ շարունակ քայքայում ու ջլատում է հասարակությանը: Հիմա այդ քայքայիչ բջիջները հասել են Արցախ եւ սպառնում են ՀՀ-Արցախ ներքին հակամարտությամբ:

Դա պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի գործոնով, որի կալանավորումը ծանր են տանում Արցախի նախկին եւ գործող նախագահները եւ առհասարակ՝ արցախցիները: Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ջանք չեն խնայում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու: Փաշինյանը դա ներքուստ ընկալում է որպես ՀՀ ներքին գործերին միջամտություն եւ «հակահեղափոխության» սպառնալիք: Ու սպառնում է, որ եթե այնտեղ հակահեղափոխություն անեն, ապա Արցախի ժողովուրդը հեղափոխություն կանի: Իհարկե, դա անթույլատրելի հայտարարություն է մեր հայրենիքի մի հատվածի հանդեպ, որն ունի աշխարհաքաղաքական շատ խնդիրներ եւ մշտապես պատերազմի վտանգի մեջ է: Առկա է ակնհայտ փոխադարձ անվստահություն հայկական երկու հանրապետությունների իշխանությունների միջեւ: Արցախի իշխանությունների համար հայաստանյան նոր իշխանությունն օտար ու խորթ է: Դա պայմանավորված է ոչ միայն ՀՀ երիտկառավարության անփորձ ու անհասկանալի անդամներով, նրանց վարքուբարքով, օտար արժեքների դավանմամբ եւ այլն:

Այդ ամենն անվստահություն է առաջացնում նաեւ հայաստանյան հասարակության մոտ: Արցախի իշխանություններին մեկ այլ մտահոգող հարց էլ կա. Արցախում արդեն երկու տասնամյակից ավելի սովորել են, որ Հայաստանը պետք է ղեկավարեն ծագումով արցախցի ղեկավարներ, որոնք իրենց համար վստահելի են ոչ միայն ԼՂ անվտանգության ապահովման առումով, այլեւ այն, որ Հայաստանի բոլոր հարցերը՝ սկսած տնտեսական, քաղաքական եւ այլ հարցերից, պետք է լուծեին արցախցիները: Ճիշտ չեն այսօր Արցախից հնչող այն հավաստիացումները, թե Հայաստանը եւ Արցախը չեն միջամտում մեկը մյուսի ներքին գործերին: Հայաստանը 20 տարուց ավելի ղեկավարվել է հենց Արցախից: Այն ժամանակ, երբ Հայաստան եկավ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես վարչապետ, նրա հետեւից շարվեշարան հայտնվեցին նաեւ մյուսները։

Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց ղարաբաղյան կլանը, որոնց թույլատրված էր գրեթե ամեն ինչ՝ անգամ օրենքից դուրս: Ղարաբաղցի լինելը կանաչ լույս էր վառում եկածների համար, եւ դա նրանք չէին թաքցնում: Մի օրինակ բերեմ լրագրողական անցյալիցս․ զանգում եմ մի գծատիրոջ, որից բողոքներ կան, եւ նա հոխորտում է. «Ախչի, տյու գիդում ե՞ս, որ ես ղարաբաղցի եմ, հո՞ւնց ես ռիսկ արել ինձ զանգել»: Կամ՝ խողովակներն ապօրինաբար հողատարածքներից հանող-տանող մարդկանցից մեկը պատասխանում է. «Էսա մի զանգ կգա, որ ամեն ինչ տեղը կընկնի․ ատոմային ռումբ է պայթելու»: Հարցին, թե ով է զանգելու, պատասխանում է. «Ղարաբաղից: Գիտես, չէ՞, որ Ղարաբաղի քաղհան անող կնիկն էլ Հայաստանի նախարարից ուժեղ ա»:

Եվ այդ ամենաթողությունը ստեղծվել էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, շարունակեց Սերժ Սարգսյանը: Այսօր Քոչարյանին պատժել ցանկացողներից շատերն անգամ չգիտեն, թե ինչպես են եղել մարտի 1-ի իրադարձությունները, ով ում վրա է կրակել․ նրանք մերժում են ղարաբաղյան կլանը, գործում է դրա վերադարձի վախը: Անհերքելի է, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանության գալով՝ կարողացավ տնտեսությունը որոշակիորեն ոտքի հանել, նա ղարաբաղյան հարցում բանակցություններում վստահելի եւ ուժեղ ղեկավար էր, արժանապատիվ կեցվածք ուներ դրսում, բայց ղարաբաղյան կլանը թույլ չտվեց, որ հայաստանյան հասարակությունը նրան սիրի եւ ընդունի ըստ արժանվույն: Ու այսօր հասարակության զգալի մասը հենց ղարաբաղյան կլանի վերադարձի վախից է ուզում, որ Քոչարյանը մնա անազատության մեջ: