Վաղը ձեզ էլ են ստորացնելով քարշ տալու, ու որեւէ մեկը ձեր կողքին չի կանգնելու

Վաղը ձեզ էլ են ստորացնելով քարշ տալու, ու որեւէ մեկը ձեր կողքին չի կանգնելու

Նիկոլ Փաշինյանը որոշել է Սյունիքում իր «կերած» հայհոյանքներին պատասխանել ոչ ավանդական` հայկական տարբերակով՝ տղամարդավարի, այլ ուժային կառույցների բերանով, որոնց հրահանգել է՝ ոտնահարելով բոլոր հնարավոր օրենքներն ու իրավունքները, բերման ենթարկել ում հնարավոր է։ Նախ՝ գիշերվա 3-ին նրանք ոստիկանական մեքենայով Մեղրիից Երեւան բերման են ենթարկել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին՝ խուլիգանության մեղադրանքով, առանց ծանուցագրի, առանց հիմքերի եւ առանց օրենքի տառը պահպանելու։

Մի քանի ժամ անց՝ լուսադեմին, ոստիկանության կարմիր բերետավորները մտել ու անկողնուց հանելով՝ բերման են ենթարկել Շուռնուխի գյուղապետի եղբորը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատին, որն այրում էր իր տունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առանց կրակոցի հանձնեց թշնամուն։ Աշխարհապետը տասն օր բարձր ջերմությամբ ու թոքաբորբով հիվանդ պառկած է եղել տանն ու որեւէ ակցիայի չի մասնակցել, բայց Փաշինյանի կամակատար ոստիկաններին դա չի խանգարել, որ նվաստացնելով բերման ենթարկեն անկողնուն գամված հիվանդ մարդուն։ Ավելի ուշ հրապարակվեցին կադրեր, թե ինչպես են դիմակավորված ոստիկաններն արդեն Երեւանում Աշխարհապետին քարշ տալիս Քննչական կոմիտեի միջանցքներով։ Այդ ընթացքում նա բղավում էր, թե վատ է զգում, տաքություն ունի, թոքաբորբ է, խնդրում էր շտապօգնություն կանչել։ Ավելի ուշ տեղեկացանք, որ թույլ են տվել՝ նրա մոտ բժիշկ մտնի, նաեւ կթեստավորեն, որ պարզեն՝ արդյոք կորոնավիրուսով վարակվա՞ծ է, թե՞ ոչ։ Տեսարանն իսկապես սարսափեցնող էր։ Թուրք ենիչերիները, հավանաբար, կնախանձեին նման դաժանությանը, որը թույլ էր տալիս հայ ոստիկանը հայի նկատմամբ։ Բայց դա է Նիկոլ Փաշինյանի էությունը եւ մարտավարությունը՝ մարդկանց փորձել վախ ներշնչել եւ ռեպրեսիաներ կիրառել, որ մյուսները դաս քաղեն, եւ ոչ մեկը չհամարձակվի իր դեմ ծպտուն հանել։ Փողոց փակելով եւ բազում օրենքներ խախտելով իշխանության եկած մարդու սիրտն արյուն է ուզում՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների արյունը, նրանց արյունը, որոնք այլեւս չեն համակրում, չեն սիրում իրեն։

Այս ամենի վերաբերյալ երեկ կառավարության նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին։ Նա չկարողացավ գեթ մեկ հոդաբաշխ պատասխան տալ։ Զաքարյանին գիշերվա 3-ին անհապաղ բերման ենթարկելու մասով ընդամենն ասաց՝ առերեւույթ խուլիգանության դեպքեր են այնտեղ տեղի ունեցել, որով, ըստ նրա, ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ։ Թե ինչ խուլիգանություն, ինչ կապ ուներ Զաքարյանն այդ ամենի հետ, ինչու ծանուցագիր չեն ուղարկել, կամ այդ ինչ անհետաձգելի գործողություններ էին, որ չէին կարող մինչեւ առավոտ սպասել՝ պետք էր գիշերով իրականացնել, փոխոստիկանապետի լեզուն պապանձվել էր՝ չէր կարողանում բացատրել։ Ի՞նչ բացատրեր՝ այդպես գիշերով միայն ստալինյան «էնկավեդեի» աշխատողներն էին գործում, որ երկրում սարսափ տարածեին։

«Այս պահին, բնականաբար, հստակ չեմ կարող ասել, թե ինչ անհետաձգելի գործողություններ, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, այնտեղ առկա են առերեւույթ հանցագործության կատարման դեպքեր, որի կատարմամբ ոստիկանության կողմից, եւ ոչ միայն ոստիկանության, իրականացվում են արդեն իսկ համապատասխան գործողություններ»,- կարկամած արտաբերում էր Ֆիդանյանը։
Շուռնուխի գյուղապետի եղբորը հիվանդ տեղից, անկողնուց քարշ տալով Երեւան բերման ենթարկելու վերաբերյալ էլ Ֆիդանյանը, բնականաբար, չկարողացավ որեւէ բացատրություն գտնել։ Նախընտրեց մանեւրել․ «Այս պահի դրությամբ տեղեկություն չունեմ, թե հստակ որ անձի նկատմամբ ինչ գործողություններ են իրականացվել»։

Ֆիդանյանն ասաց, թե կա հավաքների ազատության մասին օրենք, եւ իրենք Սյունիքի ակցիաների ժամանակ հասարակական կարգն են պահպանել եւ այլն, բայց երբ նրան հիշեցրինք, թե ինչպես էին 2018-ի ապրիլյան իշխանափոխության օրերին Փաշինյանն ու իր թիմակիցները զանգվածային անկարգություններ անում, փողոց փակում, Ռադիոտունը գրավում, ամբողջ երկրի կյանքը կաթվածահար անում, Ֆիդանյանը նորից սկսեց անհաջող «կռուտիտները», թե դրանք այլ էին, ինքն այդ ժամանակ փոխոստիկանապետ չէր եւ այլն։ Ի դեպ, ամեն անգամ, երբ Ֆիդանյանը փորձում է այսօրվա ընդդիմության ակցիաներին քննադատական գնահատական տալ՝ արդարացնելով իրենց բռնի, ակնհայտ ապօրինի գործողությունները, մենք նրան հիշեցնում ենք 2018-ի դեպքերը, ու նա հայտնվում է անհարմար վիճակում՝ չիմանալով ինչպես արդարացնել այդ օրերի ապօրինությունները եւ ոստիկանության անգործությունը։

Երեկվա բռնաճնշում-շոուները, սակայն, միայն այս 2 դեպքով չեն սահմանափակվել։ Քանի որ Փաշինյանին հայհոյում էին հարյուրավոր սյունեցիներ, նա հրահանգել է բոլորին, ում հնարավոր է, բերման ենթարկել՝ ստորացնելով, գետնին քարշ տալով, որ կադրերը դիտի՝ սիրտը հովանա։ Ուստի, երեկ շատ սյունեցիների են բերման ենթարկել։ 

Սրա վերաբերյալ Փաշինյանի աներձագը երեկ ԱԺ-ում գնահատականներ էր հնչեցրել․ «Այ, տենց ստորացնելով բերման պետք ա ենթարկեն, բա ի՞նչ պետք ա անեն»։ Աներձագին, թերեւս, պետք է գլխի գցել, որ իշխանությունը հավերժ չէ՝ մի օր ինքը պաշտպանված չի լինի իր մանդատով եւ փեսայի իրավապահներով, ու այդ ժամանակ կարող է ամեն ինչ գլխիվայր շրջվել՝ բերման ենթարկվողն ինքը լինի, ոստիկաններն իրեն քարշ տան, եւ մարդիկ, հիշելով իր այսօրվա խոսքերը, անգամ չկարեկցեն ու չպաշտպանեն իրեն։