Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանին հետաքրքրում՝ արցախցիներն ուզո՞ւմ են վերադառնալ, թե՞ ոչ

Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանին հետաքրքրում՝ արցախցիներն ուզո՞ւմ են վերադառնալ, թե՞ ոչ

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած «պատմական» այցից առաջ այնտեղ էին նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Սիսիանի համայնքապետարանի էջից ուշագրավ մանրամասներ ենք իմանում դեսպանի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի եւ դեսպանատան աշխատակիցների այցի մասին։ Դեսպանը մասնավորապես հետաքրքրվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով եւ, չգիտես ինչու, Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների տրամադրությամբ․ արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են մնալ Սիսիանում, թե՞ վերադառնալու են: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը  նշել է, որ պատերազմը փոխել է Սիսիանի առօրյան․ գրեթե 80 զոհ, մեկ տասնյակ անհետ կորածներ, վիրավորներ եւ սահմանների անվտանգության խնդիր: Իսկ ինչ վերաբերում է Սիսիանում բնակություն հաստատած արցախցիներին, ապա «նրանք երազում են իրենց հայրենիք վերադառնալու մասին, սակայն, ցավոք, իրենց տներն այլեւս թշնամու վերահսկողության գոտում են»։

Էլ ի՞նչ հարցեր է տվել դեսպանը սյունեցիներին․ փորձեցինք պարզել Սիսիանից։ Հանդիպմանը մասնակցած Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վաչագան Միրաբյանին հարցրինք․ օրինակ, հետաքրքրվե՞լ է՝ սյունեցիներն ուզո՞ւմ են Ադրբեջանի հետ կոմունիկացիաներ ունենալ, Նիկոլ Փաշինյանի ասած՝ ճանապարհ տալ ու ճանապարհ ստանալ։ Միրաբյանն ասաց․ «Չէ, տենց հարցեր չեն տվել։ Կարող է խորքային ենթատեքստում  իրենց  մտքին լինեն ինչ-որ տենց բաներ, կարող է՝ նրբություններ կան, որ ես չհասկանամ, բայց հիմնականում՝ «ակնկալո՞ւմ եք աջակցություն, ինչքանո՞վ ենք մենք ի զորու» եւ այլն։ Եվ այդ «եւ այլնը» շատ չէր, հանդիպումը կարճ է տվել»։ Դեսպանն ավելի շատ լսել է, քան խոսել, եւ նշումներ է արել՝ ասաց աշխատակազմի ղեկավարը։

Լին Թրեյսին եւ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Առուշանյանը մեզ ասաց, որ դեսպանը Գորիսում արցախցի փախստականների հարց չի քննարկել։ Իսկ չի՞ քննարկվել Նիկոլ Փաշինյանի թեման, թե ինչու է նա անցանկալի անձ Սյունիքում։ «Համենայնդեպս, մեզ նման հարցեր չի ուղղել։ Հիմնականում խոսել ենք էն մասին, որ տնտեսության մեջ խնդիրներ ունենք, որ մեր համաքաղաքացիների զգալի հատվածը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, եւ որն այսօր խնդիր է։ Եվ տեղում ինչ գործունեությամբ կարող ենք զբաղվել։ Էս թեմաներն են շոշափվել։ Դեսպանը դրանցով էր հետաքրքրված, եւ Գորիս համայնքին USAID-ով տրամադրված տեխնիկան ինչ սկզբունքներով է աշխատում՝ արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ Էս թեմաների շուրջ»։ 

Քննարկումների առյուծի բաժինը վերաբերել է մարզում զբոսաշրջության հարցին․ բոլոր համայնքապետերն ասել են, որ սահմանների անվտանգության խնդիրը ստվերում է զարգացման բոլոր ծրագրերը։ Եթե չկա անվտանգություն, եթե անորոշ են եւ անպատասխան Սյունիքին վերաբերող բազմաթիվ հարցեր, ապա ստորադասվում են բոլոր ծրագրերը, եւ անվտանգության խնդիրը գերակա է դառնում: Առուշ Առուշանյանն այս առնչությամբ ասաց, որ թեեւ սա խնդիր է, բայց, ամեն դեպքում, Գորիս այցելությունների ժամանակ որեւէ խնդիր չի կարող առաջանալ։ Մինչդեռ, հիշեցնենք, մինչեւ 44-օրյա պատերազմը Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունը Սյունիքն ու հատկապես Տաթեւն էր։  

Քաջարան, Տեղ, Կապան համայնքների ներկայացուցիչների հետ ԱՄՆ դեսպանը չի  հանդիպել։ Դեսպան Թրեյսին Սիսիանում այցելել է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ եւ հանդիպել «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ» ծրագրի շահառուներին։ Մեղրիում Լին Թրեյսին Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ֆերմաների սպասարկման կենտրոնում զրուցել է դեսպանության գործընկերների հետ: Մեղրիում նաեւ սահմանային անցակետի ղեկավարի հետ է հանդիպել եւ այցելել Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Իսկ Կապանում տեսակցել է Սյունիքի մարզում բնակվող ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտներին․ այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Մենք տեղեկացանք, որ դեսպանն այցելել է նաեւ Կապանի Ամերիկյան անկյուն, սակայն դեսպանության հաղորդագրության մեջ այդ մասին նշված չէ։ Կապանի ամերիկյան անկյան աշխատակիցը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Այո, դեսպանը եկել է Ամերիկյան անկյուն, երեկ է եկել»։ Իսկ ինչո՞ւ էր եկել։ «Դեսպանության ծրագրով է եկել, մեր ծրագրով՝ Ամերիկյան անկյան ծրագրով, ուրիշ ծրագիր չկա մեզ մոտ»։

Մենք տեղեկացանք, որ այդ նույն ժամին, երբ ԱՄՆ դեսպանը գտնվելիս է եղել Ամերիկյան անկյունում՝ Կապան, Շահումյան փող․ 6 հասցեում, Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն անցկացնելիս է եղել։ Նրան ուղեկցող երկու մեքենաները՝ հավանաբար նրան ուղեկցող անձանց հետ միասին, ուղեւորվել են դեպի Ամերիկյան անկյուն, կարճ ժամանակ եղել այնտեղ, ապա վերադարձել Սյունիքի մարզպետարան։ Թե ինչու են այցելել եւ ինչ են փոխանցել միմյանց, պարզել չհաջողվեց՝ Ամերիկյան անկյան աշխատակիցը հերքեց վարչապետին ուղեկցող մեքենաների այցելության փաստը։ Իսկ երբ հարցրինք, թե որ ժամին է դեսպանն այցելել Ամերիկյան անկյուն, որպեսզի հասկանանք՝ խորհրդակցության ժամերի հետ համընկնում է, թե ոչ, խիստ բորբոքվեց եւ ասաց, որ պարտավոր չէ մեր հարցին պատասխանել։