Նախկինների մերժած օրենքն ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց
«Հայկական պետություն» տեղեկատվական, վերլուծական եւ գիտահետազոտական նախաձեռնությունը նամակ է հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ մտահոգություն հայտնելով «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, մասնավորապես, որ այն չի կարգավորում թանգարանային գործի բնագավառում հիմնական իրավահարաբերությունները, չի նպաստում Հայաստանի Հանրապետության մշակութային եւ բնական ժառանգության պահպանությանը, ՀՀ թանգարանային հավաքանու համալրմանը, հաշվառմանը, պահպանմանը, պահպանությանը եւ օգտագործմանը, թանգարանների եւ թանգարանային համակարգի զարգացմանը՝ մեծ հաշվով։
Ուստի՝ «Նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կատարվելիք խմբագրական շտկումները չեն կարող թանգարանային գործի բնագավառում ընդունելի իրավակարգավորումներ եւ ընթացակարգեր ապահովել, դիմում եւ խնդրում ենք ՀՀ Ազգային ժողովին՝ դադարեցնել «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, իսկ մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին հորդորում ենք ետ կանչել ՀՀ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված «Թանգարանների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը»։
Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի նախկին տնօրեն, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանն ասում է, որ այս օրենքը դեռ 2009-ից է դրվել շրջանառության մեջ, հետո 2018-ին էին պնդում, որ անցնի։ «Այս տարբերակին ես էլի դեմ էի, քանի որ օրենքը ոչ թե ոլորտի կարգավորմանն էր միտված, այլ սողանցքային ուղիներ ապահովելուն: Օրենք գրելը շատ բարդ բան է, եւ ասել՝ այս տեսքով ընդունենք, վաղը լավ կլինի, այդպիսի բան չկա, որովհետեւ մշակութային համակարգն ամբողջական համակարգ է, ամեն մի բառ պետք է մտածված լինի, դրա տերմինաբանությունը, եզրույթները, հասկացությունները»,- ասում է Կ․ Արիստակեսյանն ու նկատում, որ 2018-ին նախարարության կողմից հետ կանչված օրենքը գրեթե նույնությամբ նորից դրվել է շրջանառության մեջ, բայց, ի տարբերություն 2018-ի, այս անգամ ԱԺ-ի կողմից ընդունվել է 1-ին ընթերցմամբ։
«Օրենքի հեղինակը նախ եղել է Նորա Դայանը, հետո ԿԳՄՍՆ-ից Գառնիկ Մոմջյանն է ինչ-որ բաներ փոխել, որն էլ ավելի խառնաշփոթ է ստեղծել, ինչ ասում ես` պատասխանը գրպանում դրված է, բայց՝ սխալ: Ես նախ զարմացա, որ նույն նախագիծն են բերել, ու էլ ավելի զարմացա, որ այս տեսքով կհայտնվի Ազգային ժողովում, որտեղ պետության, մասնավոր անձանց եւ գերատեսչական շահերի բախում կա: Այսինքն՝ այս օրենքում պետության շահերը ոտնահարված են»:
Նախատեսված է Թանգարանների զարգացման եւ կառավարման հիմնադրամ ստեղծել, որը, ըստ զրուցակցիս, թեպետ օրենքի շրջանակներում չէ, բայց օրենքն իր մեխանիզմներով ամբողջովին միտված է դեպի այդ հիմնադրամը։ «Ի՞նչ է այդ հիմնադրամն իրենից ներկայացնում․ բոլոր թանգարանները պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, մեկ ընդհանուր տոմսային տնտեսություն, մեկ հաշվապահություն եւ այլն: Այսինքն՝ թանգարանները զրկվում են ինքնակառավարումից, եւ նույնիսկ այս օրենքում, այն մարմինները, որ տնօրենին առընթեր գործում են` գիտական, գիտամեթոդական խորհուրդ, գնման կամ գնահատման հանձնաժողովներ, դրանք չկան, կա գնման եւ գնահատման հանձնաժողով, որն ընդամենը համալրման նպատակ ունի, մինչդեռ այդ հանձնաժողովի գործառույթը միայն դա չէ»,- ասում է Կ․ Արիստակեսյանը:
«Այս օրենքը պետք է տարածվի թանգարանային գործունեություն իրականացնող բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք իրենց տիրապետման, օգտագործման եւ սեփականության ներքո ունեն թանգարանային առարկաներ եւ հավաքածուներ: Հետո, օրենքի նպատակն է՝ կարգավորել թանգարանային հավաքանին (ֆոնդը), այսպես, օրինակ, թանգարանային առարկաների ամբողջությունը դառնում է թանգարանային հավաքածու, ամբողջ թանգարանային առարկաները եւ թանգարանային հավաքածուները կազմում են թանգարանային հավաքանին, ՀՀ թանգարանների թանգարանային հավաքանիները կազմում են ՀՀ թանգարանային հավաքանին: Հիմա թանգարաններում կան օժանդակ մատյաններ եւ գլխավոր գույքամատյաններ: Գլխավոր գույքամատյանում եղած թանգարանային առարկաները եւ հավաքածուները կազմում են ազգային թանգարանային հավաքանին: Առանց այս «հավաքանի» բառի երբեք իրավակարգավորում չես ունենա, իսկ այս օրենքում դա չկա, եւ բոլոր տեղերում «հավաքածու» է գրված, ու ողջ շփոթը գալիս է դրանից»:
Հանրային քննարկում` կլոր սեղանի ձեւաչափով, արել են իրենց` «Հայկական պետություն» նախաձեռնության շրջանակներում. «Մեզ կանչել էին ԱԺ՝ իբրեւ թե քննարկման, բայց չթողեցին անգամ, որ խոսենք, անմիջապես ընդհատեցին։ Ձեւական հրավիրել էին նաեւ թանգարանների տնօրեններին, որոնք կաշկանդված էին: Հետո՝ օրենք կարդալը շատ դժվար է, առավել եւս՝ այսպիսի խրթին գրված օրենքը, որը կարծես ուրիշ լեզվից թարգմանված լինի, ներքին հակասություններ կան, եւ ամեն ոք չէ, որ կկարողանա հասկանալ»:
Մյուս կարեւոր խնդիրը՝ օրենքի հետ կապված, վերաբերում է համայնքային թանգարաններին։ «Ինչպես հայտնի է, տեղական ինքնակառավարման մասին օրենքով 97թ․ թանգարանները տրվեցին համայնքներին, պետական սեփականություն հանդիսացող թանգարանային առարկաները եւ թանգարանային հավաքածուները պետք էր ամրացնել համայնքներին: Օրենքի հեղինակը հղում է, թե սեփականության իրավունքով են տրված, եւ դա խնդիր է, պետք է օտարեն: Բայց պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի եւ ԽՍՀՄ տարիներին ձեռք բերված եւ անկախ Հայաստանի ժամանակաշրջանում պետական միջոցներով ձեռք բերված թանգարանային առարկաներն ամրացնի ՀՀ թանգարանային հավաքանու պետական մասնաբաժնին,- ասում է Արիստակեսյանն ու ընդգծում` այն, որ համայնքային սեփականություն հանդիսացող առարկաները կցված չեն ՀՀ թանգարանային հավաքանու պետական մասնաբաժնին` վտանգներ է ստեղծում։- Հատկապես եթե այս օրենքի կարգավորումներով գնանք, որտեղ ասվում է, որ համայնքի ղեկավարը կարող է դիմել ավագանուն եւ ֆոնդից հանել առարկան, որի մասին ոչ թե թույլտվություն, այլ միայն տեղեկացնում են մշակույթի նախարարությանը։ Այս մեխանիզմը մաքսանենգության մեծ ճանապարհ է բացում՝ թանգարանային առարկաները հեշտությամբ պետական հավաքածուներից օտարելու համար»:
«Քննարկման ժամանակ ասում էին, որ պետք չէ ունենալ ազգային թանգարանային հավաքանի, բայց ես ասում եմ, որ պետք է, որովհետեւ չեն տարբերակում օժանդակ ֆոնդը եւ հիմնական ֆոնդում գտնվողները: Եթե մենք իրենց կարգավիճակով հավասարեցնում ենք թանգարանային հավաքանիում գտնվող առարկան, որը թանգարանային նշանակություն ունի, եւ ազգային թանգարանային հավաքանիում գտնվող առարկան, ապա դրանից հետո շատ հեշտ է մի հավաքանուց տեղափոխել մի ուրիշ հավաքանի, որը վտանգ կարող է ստեղծել, հատկապես, եթե ուզում ենք առանց փորձաքննության մի բան անել։ Գանք թանգարանային հավաքանու առարկայացուցակին (կատալոգին)։ Այստեղ տեղեկություններ կան, որոնք պետք է գաղտնի լինեն, եւ տեղեկություններ, որոնք հասանելի լինեն, բայց օրենքում գրված է, որ ոչ մի տեղեկություն չի կարող հասանելի լինել` պետության անվտանգության տեսանկյունից եւ այլն, ինչն անհեթեթ է: Հետո՝ թանգարանի գլխավոր գույքամատյանին իրավունք ունեն մոտենալու տնօրենը եւ գլխավոր ֆոնդապահը, այնինչ գույքամատյանը նաեւ ծառայողական նպատակներով է օգտագործվում: Ինչո՞ւ են այս ձեւով՝ անհարկի խստացնում, այն աստիճան, որ այդ գույքամատյանին մոտենալու համար թույլտվություն պետք է վերցնես լիազոր մարմնից»,- ասում է Կ․ Արիստակեսյանն ու անդրադառնում միասնական տոմսային համակարգին:
«Իրենք միասնական տոմսային համակարգ են ստեղծում, որպեսզի դա էլ տանեն դեպի հիմնադրամ, այսինքն՝ այդ հիմնադրամի միջոցով թանգարաններն ու նրանց տնօրենները կզրկվեն ինքնուրույնությունից, կլինի մեկ կառավարիչ, մեկ հաշվապահ, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծելու: Օրենքի նախագծում ասվում է, որ այս հիմնադրամը կարող է արտապատվիրակել՝ «աուտսորս» անել հաշվապահությունը, բայց թանգարանները քո ազգային հարստությունն են, որին ամեն մարդ մուտք չպետք է ունենա»:
Նախագծում առաջ է քաշված նաեւ թանգարանների հավատարմագրման հարցը, որի մասով եւս առարկություն ունի։ «Եթե չկան թանգարանային գործունեության ազգային ստանդարտներ, ի՞նչն ենք հավատարմագրում, որ շենք կամ աշխատո՞ղ ունի, դա չեղավ հավատարմագրում, սա եւս կոռուպցիոն ռիսկ է: Եթե չկա ազգային ստանդարտ, սա բերելու է կամայական հավատարմագրման: Օրենքը կիսատ է բազմաթիվ այլ խնդիրների մասով եւս. չկա թանգարանային առարկաների ապահովագրության խնդիրը, չկան հաշվառման կարգեր, իրավակարգավորումներ, տրված ձեւակերպումների մեջ առկա է շփոթ, այսինքն՝ օրենքը չի կարգավորում բոլոր այն իրավահարաբերությունները, որոնք անհրաժեշտ են. թանգարանային աշխատողների աշխատանքային հարաբերությունները, նրանց մասնագիտական ուսուցման, վերապատրաստման, վերաորակավորման հարաբերությունները: Թանգարանների ֆինանսավորումն ընդամենը մեկ հոդված է, որը, եղած-չեղած, նույն բանն է»:
Եթե իրենց նամակ-առաջարկին արձագանք չլինի, ու այս տեսքով էլ օրենքն ընդունվի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ «Մենք ունենք մտածված ճանապարհային քարտեզ, բացի այդ, ես դիմել եմ ԱԺ 3 խմբակցություններին։ Մեր նախաձեռնությունն անձնական որեւէ խնդիր, շահագրգռություն չունի։ Ես հույս ունեմ, որ դեռեւս ողջամիտ մարդիկ կան բոլոր խմբակցություններում, կառավարման ոլորտում, որոնք պետք է հասկանան այս խնդիրը։ Ունենալ այսպիսի օրենք՝ նշանակում է եւս 10 տարի ոլորտը զարգացումից հետ գցել։ Սա անհնար է այս ձեւով կարգավորել»։
Կարծիքներ