Մարդիկ փորձում են անորոշությունից ապահովագրվել՝ դոլար առնելով

Մարդիկ փորձում են անորոշությունից ապահովագրվել՝ դոլար առնելով

Ամերիկյան մեկ դոլարը երեկ Հայաստանի փոխանակման կետերում վաճառվում էր առավելագույնը 508 դրամով, նվազագույնը՝ 506։ Փոխարժեքը, իհարկե, նկատելիորեն պակաս է, քան մի քանի օր առաջ, երբ հասել էր 524-ի, եւ մինչեւ տարեվերջ կանխատեսվում էր 600 դրամ։ Բայց չմոռանանք, որ դրանից առաջ ՀՀ կենտրոնական բանկը շուրջ 50 միլիոնի դոլարային ինտերվենցիա էր կատարել շուկա՝ փորձելով վիճակը կայունացնել։ ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մեկնաբանել էր, որ իրավիճակը կարծես թե կայունանում է։ Մինչդեռ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ անիմաստ շուկա նետված 50 միլիոն է, միեւնույն է՝ արժեւորումը շարունակվելու է, եւ, հետեւաբար, ավելի լավ կլինի, եթե այդ 50 միլիոնը ծախսվեր տնտեսության վրա։

Մենք արժույթի շուկայի մասին զրուցել ենք Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի վիճակագրության եւ մոդելավորման փորձագետ, ՀՊՏՀ լաբորատորիայի վարիչ Աղասի Թավադյանի հետ։ Նա նշեց մի քանի փոփոխական, որոնք տնտեսության վրա կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցություն են ունենում․ վարվող դրամավարկային քաղաքականություն, բիզնես եւ մարդկային տրամադրություններ։ Ինչ վերաբերում է ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությանը, ապա տնտեսագետն ասում է՝ արդարացված քաղաքականություն է։ «Եթե նայում ենք տնտեսական ցուցանիշներին, առաջինը դրանցից, որ մեզ հետաքրքրում է, վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որը պատերազմի սկզբից իջեցվել է 0․25 տոկոսով եւ հիմա կազմել է 4․25, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է։

Բոլորին հայտնի է՝ որքան այդ ցուցանիշը ցածր, այնքան տնտեսությունն արագ է շարժվում։ Այսինքն՝ եթե ԿԲ-ն որոշակի խնդիր ունենար տնտեսության հետ, կբարձրացներ, չէր իջեցնի։ Դա չի կատարվում, նշանակում է, որ ԿԲ-ն հավատ ունի մեր փոխարժեքի նկատմամբ։ Ինչ վերաբերում է գործարարներին, նրանք այս պահին մեծ ազդեցություն չունեն փոխարժեքի վրա։ Հետեւաբար, մարդկանց տրամադրություններն են մնում։ Մարդիկ հետեւում են լուրերին, ամեն լուրը ցավալի է, կա անորոշություն ապագայի հանդեպ, եւ դրանից ելնելով՝ որոշակի տարադրամային ու դոլարային միջոցներ են գնում։ Որքան վատն են լուրերը, էնքան մարդիկ՝ հուսահատ, ապագայի հանդեպ հավատը կորցրած, փորձում են իրենց անորոշությունից ապահովագրել եւ դրանից ելնելով՝ սկսում են դոլար առնել։ Դրա պատճառով դոլարի գինը բարձրանում է շուկայում։ Ու մի բան էլ կա՝ դոլար առնելը դոլար առնելու է բերում, խուճապը՝ խուճապի, մարդիկ շարունակաբար շարունակում են դոլար առնել»,- ասում է Թավադյանը։

Նա համամիտ է ԿԲ նախկին նախագահի հետ, որ դոլարային աժիոտաժն այս անգամ ստեղծել են «մանր փողատերերը» կամ 50, 100 հազար դրամի ազատ շրջանառու միջոցներ ունեցողները։ Բայց Թավադյանն ավելացնում է․ «Ասենք, մարդիկ այսօր դոլարն առան խուճապից ելնելով, բայց իրենց հացի փող է պետք լինելու՝ հաց առնելու համար։ Հիմա առնելու համար ի՞նչ են անելու․ պահելու են, պահեն, մինչեւ հետ վաճառեն։ Ու ԿԲ-ի վարած քաղաքականության հետ մեկտեղ, սա հավասարակշռելու է շուկան»։