Պատուհասը

Պատուհասը

Թողություն տուր, Տեր, ծանըր Խավարին,
Միայն թե թող Նա թողնի հեռանա։

Պ․ Սեւակ

Իսկ Խավարը չի ուզում հեռանալ։ Հայոց աշխարհը մթի մեջ խարխափում է արդեն երկուսուկես տարի, եւ պրծում չկա նրանից։ Ու հանկարծ պայթեց ամպրոպը, եւ աշնան ոսկեդեղին գույներին խառնվեց նաեւ բոսորագույնը․․․ Արցախի հողը մինչ օրս էլ արյան գոլորշի է արձակում։
Բոլորիս սիրելի Մոնթեն 92-ին միամտորեն ասում էր․ «Պիտի լավ չուտենք, պիտի լավ չհագնենք, պիտի դպրոց չերթանք, մեր ամբողջ ուժը դնենք աս գործի մեջ, հաղթենք ու՝ վերջ»։ Թանկագին Մոնթե, մեր ամբողջ ուժը դրեցինք «ատ» գործի մեջ, հաղթեցինք, բայց «վերջ» չեղավ։ Որովհետեւ հաղթանակին տեր կանգնող չեղավ։ Երանի քեզ, որ չապրեցիր այս օրերի մղձավանջը։ Արցախը բզկտվել, ծվեն-ծվեն է եղել։ Ղազանչեցոց եկեղեցում (որտեղ ընդամենը շաբաթներ առաջ բելգիացի թավջութակահար Սեւակը Կոմիտաս էր նվագում) ազերիները նամազ են անում, ամբողջ կյանքում օջախ դրած շինականը սեփական ձեռքով հրկիզում է իր տունը։ Հայ մարդը կրկին դարձել է փախստական։ Հպարտ քաղաքացու ուսերը կախ են ընկել, արցունքը մոլորվել-մնացել է բիբերում։
Եվ օդում տարուբերվող խեղդող հարցը՝ 44 օր հաղթում էինք․․․

Ամեն ինչ սրան էր տանում։ Սկսած նրա անհեթեթ, հիմար կարգախոսից, թե երեք ժողովուրդները․․․ արդեն գիտեք։ Երբ ԱԺ-ում ցինիկ քմծիծաղով ասում էր՝ ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք։ Երբ Իլհամ կոչվածն օրումեջ սպառնում էր պատերազմով, ինքը դատարկ առիթներով լայվախեղդ էր անում մեզ, դստեր հետ Սեւանի ափին ձի էր քշում՝ արանքում «սեւերին» բանտերը լցնելով։ Մեր ամոթալի պարտության հիմքը մեր ձեռքով դրեցինք 2018-ի ապրիլին։ Խաբվեցինք հերթական անգամ։ Երբ պատերազմը դեռ նոր էր սկսվել, նա մի ռեբուսային բան ասաց․ «Ինչ էլ որ լինի, քանի դեռ չենք ընդունի մեր պարտությունը, պարտված չենք», որի իմաստը ժամանակին չընկալեցինք կամ կարեւորություն չտվեցինք։
Շատ ուշացած ենք հասկանում․․․

Միայն պոզիտիվ, ոչ մի նեգատիվ

Պատերազմի օրերին մեզ հայտնի Արծրունը տվեց-անցավ «հեռուստաաստղ» Նազենի Հովհաննիսյանին։ Ամեն Աստծո օր անհամբերությամբ սպասում էինք «Լեւիտանի» ավետիսին ու վարժվել էինք նրա՝ թշնամին մեծ կորուստներ տալով ետ է շպրտվել, դժոխքի կիրճում․․․ մի խոսքով՝ հաղթանակը հեռու չէ, եւ նման սիրտ շոյող խոսքերին։ Ուզում եմ սփոփել այսօր հրապարակում չերեւացող այն ընտրյալ մտավորականներին, ովքեր, ասես նույն «շպարգալկայով», ուղերձ էին հղում զինվորներին ու համայն հայությանը՝ բռունցք դառնանք, մենք հաղթելու ենք, որովհետեւ․․․ հայ ենք ու քրիստոնյա, եւ նման բաներ։ Մեկն էլ շնչահեղձ շեփորեց՝ մենք արդե՛ն հաղթել ենք։ Իսկ անեկդոտների սիրահար Նիկոլայ Ծատուրյանը, թամադայի իրավունքով, ասում էր՝ ժողովուրդ ջան, միայն պոզիտիվ, ոչ մի նեգատիվ, այ, կտեսնեք, մեր հաղթանակած տղերքից շատերը վերադառնալու են․․․

Նրանք էլ էին խաբված։ Լավ, բայց իրենց հարց չէի՞ն տալիս, որ եթե հաղթում ենք, ինչո՞ւ է էդ անտեր կարմիր շերտը քարտեզի վրա օր-օրի ավելանում։ Չէին տալիս, որովհետեւ ամեն օր էկրանին ցուցադրվում էին թշնամու տանկերի, ԱԹՍ-ների հմուտ խոցումներ, ազերիների ու վարձկանների խուճապահար փախչող հոտեր (հաճախ՝ կրկնվող կադրեր)։ Խոսվում էր ինչ-որ «գյոռբագյոռ» (ինչ էլ անուն են գտել) օպերացիայի մասին։ Ու երբ բանը բանից անցել էր (հետո պարզվեց), Արծրունը երկիմաստ «ռազմական գաղտնիք» հայտնեց՝ անակնկալ է լինելու։ Ճիշտ էր ասում, միայն թե մենք բոլորովին այլ բան էինք ակնկալում․․․
Հիմա դավադրության կասկած ունեցողիս պարզունակ հարցը՝ ինչո՞ւ էր ստում Արծրունը․․․

Ամոթ, որը միշտ մեզ հետ է լինելու

Երկու տարուց ավելի, ամենատարբեր հարթակներից վստահեցնում էին, թե արցախյան հարցը ռազմական լուծում չունի։ Մեր մշտաժպիտ ԱԳ նախարարն էլ, փողկապն ուղղելով, ձախ ունքը վեր հանելով՝ կրկնում էր սա։

Այդ ընթացքում Ալիեւն ու Էրդողանը, թքած ունենալով միջազգային կարծիքի վրա, նախապատրաստում էին սեպտեմբերի 27-ը։ Բանի տեղ չդրվեց նաեւ «նոր պատերազմ, նոր տարածքներ» մեր Պնախարարի խրոխտ զգուշացումը։ Արդյունքում մենք կորցրինք Արցախի մոտ 75%-ը, ունեցանք ավելի քան 5 հազար զոհ, անհաշվելի վիրավորներ, գերիներ, ՀՀ պետականության կորստի հիմնավոր վտանգ։

Հիմա հազարավոր մարդիկ, արհամարհելով աննախադեպ բռնությունները, նրա հրաժարականն են պահանջում։ Կադրերից մեկում բերման են ենթարկում ժամանակին նույն մեթոդները կիրառած նախորդներից Է․ Շարմազանովին։ Ոստիկանները, մեղմ համարելով իրենց «գործողությունը», «կզացրած» են տանում նրան։ Ախր ո՞նց չասեմ՝ եթե վարչապետության շուրջ էդ «մուտիլովկաները» չանեիք, ընտրությունների առիթով ցինիկաբար չասեիք, թե ինչքան ուզենք՝ կխփենք (ո՞ր մեկն ասեմ), այսօր ուրիշ Հայաստան ու Արցախ կունենայինք։ Ժողովուրդը ինչքա՜ն պիտի ատեր ձեզ, որ խելակորույս գնար պատահական մեկի ետեւից (իսկ ես, թարմ խոտ տեսած հորթի հրճվանքով, «Հրապարակում» նյութս վերնագրեի՝ տոն, որը միշտ մեզ հետ է լինելու)։ Ճիշտ է, այժմ մասամբ ընդունում եք ձեր մեղանչումները, բայց նրա ասպատակությունները դրանից չեն պակասում։ Մի բանում կարելի է համոզված ասել, որ դուք ընդունակ չէիք նման ստորությանը։

Էս ամենից հետո ո՞նց ես ապրելու, անաստված

«Նի-կոլ, դավաճան»,- թնդում է Ազատության հրապարակում։ Չեմ ուզում, չեմ կարող հավատալ սրան։ Բայց երբ վերլուծում-համադրում ես նրա արած-չարածը, երեւան եկած փաստերը, գրողը տանի, ստիպված ես ընդունել, որ սարսափելին ակնհայտ է։ Իսկ Խավարը չի ուզում հեռանալ՝ լավ իմանալով, որ իր պնդերեսությունը հետագա կորուստներն անչափելի ու անդառնալի է դարձնելու։
Հիմա նա թաքնվում է «սիրելի» ժողովրդից։ Իսկ ասում էր՝ պատրաստ է կյանքը զոհել հայրենիքի համար։ Ու երբ վերջին ասուլիսների ժամանակ Արծրունը հաճախ էր սրբում քրտինքը․․․ մեր «գերագույնը» պետք է որ մահապարտների գլուխն անցած՝ թշնամուն քշեր-լցներ Կասպից ծովը։ Չհասցրեց։

Ծնկաչոք ներում խնդրելու փոխարեն, նա վրեժի՜ է կոչում (համընդհանուր վշտի պայմաններում), բայց ո՛չ թուրքի, այլ սեփական քաղաքացիների նկատմամբ, խոսում է ապօրինի գույքի բռնագրավումից, ձերբակալել է տալիս իբր իր դեմ մահափորձ նախապատրաստողներին, այլ «անհետաձգելի» բաներից (իսկ այդ եւ այս ընթացքում ազերիները չգրաված մեր հողերն են յուրացնում)։

Ասում է՝ ես եմ այս ամենի պատասխանատուն։ Եվ ի՞նչ։ Հազարավոր մեր նահատակների՞ն ես վերակենդանացնելու, ինքդ քեզ դատարանի՞ն ես հանձնելու, խարակիրի՞ ես անելու։ Եղկելին այն է, որ ցավի, մեղքի նշույլ իսկ չի երեւում նրա վարքում։ Թքած ունի, որ վաղը անհայր մանուկներ ենք ունենալու, որ սայլակավոր երիտասարդներ են երեւալու մեր փողոցներում, որ որդեկորույս ծնողների համար կյանքն արդեն ավարտվել է, որ թշնամու տարածքում մահվան դեմ մաքառող հայ մարտիկներ կան, որ հազարավոր աղջիկների համար հարսնաքողն այդպես էլ կմնա անհաս երազանք։
Ո՞վ է, վերջապես, խավարի մեր նորօրյա հերոսը։
Կներեք, անգամ Զիգմունդ Ֆրոյդն անկարող կլիներ բնութագրել նրա հոգեկերտվածքը։

«Դավաճան ենք ազգովի»

Ի՜նչ խղճալի տեսք ուներ Արցախի՝ հանդարտաբարո, միշտ ժպիտը դեմքին Արայիկ Հարությունյանը, երբ շուտասելուկով ու խստահայաց ներկայացնում էր պարտության պատճառները։ Պարզվում է՝ մեր զինվորները տառապել են թութքով, դիզենտերիայով, քովիդով, բանակը հյուծված էր, բարոյահոգեբանական վիճակը՝ ծանր, դասալքությունը՝ շատ։ Իսկ օրեր առաջ այդ նույն «հյուծված, բարոյալքված» զինվորականներին պարգեւատրում էր Արցախի բարձրագույն մեդալներով ու շքանշաններով։ «Մեր բանակն ամենապրոֆեսիոնալն է աշխարհում,- շողացող դեմքով պարծենում էր նա,- տանկերը գալիս են՝ խփում ենք, գալիս են՝ խփում ենք, հաշվելու հավես էլ չկա»։ Եվ, որպես «տրամաբանական» հետեւություն, հնչում է ցնցող դատավճիռը՝ պարտվել ենք, որովհետեւ դավաճանել ենք ազգովի։ Այո, չես կարող չհամաձայնել նրա հետ․․․

Մի՞թե դավաճան չէին զինկոմիսարիատներում գրանցված այն հազարավոր կամավորականները, ովքեր այդպես էլ մնացին զանգի սպասող, դավաճան չէի՞ն Հայաստանի հազարավոր դպրոցականներն ու նրանց ուսուցչուհիները, սովորական կանայք ու թոշակառուները, ովքեր գիշեր ու զօր քողարկման ցանցեր, գուլպա ու գլխարկ էին գործում զինվորների համար։ Անկասկած, դավաճաններ էին միլիոնավոր դոլարներ հանգանակած, աշխարհով մեկ ցույցեր անող սփյուռքի մեր հայրենակիցները։ Հաստատ դավաճան էին գեներալներ Վիտալի Բալասանյանը, Մովսես Հակոբյանը, Սեյրան Օհանյանը, ուրիշ փորձառու սպաներ, ովքեր պատրաստ էին կյանքի գնով պաշտպանել Արցախը եւ ովքեր անհասկանալիորեն «խաղից դուրս» մնացին։
Ի՞նչ պակաս դավաճաններ են այն հայաստանաբնակները, ովքեր մի կտոր հացն ու անկյունը կիսեցին հազարավոր արցախցիների հետ։

Հա, չմոռանանք նաեւ արցախցի փոքրիկներին, ովքեր դպրոցի վերաբացման օրը տանում էին ՌԴ նախագահ Վ․ Պուտինի նկարները․․․

Վերջապես, դավաճան եմ անձամբ ես՝ մանիպուլյացիայի զոհս, ով հոկտեմբերի 15-ին «Հրապարակ» թերթում գրել է․ «Արցախում եւ Հայաստանում այսօր չկան սեւեր եւ սպիտակներ, նախկիններ եւ ներկաներ։ Ի պատիվ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, պայքարի մեջ ներգրավվել են պետական եւ ռազմական կարող ուժերը, պաշտպանության նախկին նախարարները»։ Վերջում, դիմելով Իլհամ կոչվածին եւ չկասկածելով մեր հաղթանակին, պոռոտախոսել էի․ «Ուզում էիր Մեծ հայրենականում մարշալներ, գեներալներ, հերոսներ տված Արցախին ծնկի՞ բերել։ Երեք մատի կոմբինացիա քեզ»։ Տո, դավաճան է նաեւ գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով, հավատալով ինձ, տպագրել է այս զառանցանքը․․․

ՀԳ․ Ներիր, սիրելի Մոնթե, որ քո ծննդյան օրը ազգովի նշում ենք գլխահակ՝ տեսնելով, թե ինչպես են ազերիները, առանց մեկ կրակոցի, տիրաբար մտնում քո գրաված Քարվաճառը։ Մի մեղադրիր, Խավարն է տիրել մեզ․․․

Շուրջ մեկ ամիս է, ինչ Պնախարարության, Կարմիր խաչի ու կառավարության դռներն ընկած՝ հարյուրավոր ծնողներ տեղեկություն են մուրում իրենց անհետ կորած կամ զոհված որդիների մասին։ Նրանք իրենց զավակների դի՜ն են խնդրում՝ հողին հանձնելու համար։ Իսկ ոմանք էլ հույս ունեն, թե դեռ թշնամու տարածքում ողջ մնացած տղաներ կլինեն, եւ դեռ կարելի է փրկել նրանց․․․
Լսում ես վշտից ու նվաստացումից վիրավոր այս մարդկանց, ու ներսումդ, առանց քեզ հարցնելու, մեկը լուռ արտասվում է։

Եվ ցավով հասկանում ես, թե ինչու ենք երկիր կորցնում․․․
Այսուամենայնիվ, շատ եմ ուզում հավատալ մեծ հայ Շառլ Ազնավուրին․
- Վերջին ժողովուրդը, որ կըլլա աշխարհին վրա, հայը պիտի ըլլա։


Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ