Երբ որ ղալաթն անում-վերջացնում են, սկսվում է՝ ո՞ւր են մտավորականները
Հարցազրույց Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ
- Այս օրերին շատերն են մշակութային գործիչներից ակնկալում ակտիվ մասնակցություն պրոցեսներին, Դուք՝ որպես մտավորական, ի՞նչ եք մտածում սրա մասին։
- Ես մտածում եմ, որ հիմա հասարակությունը քաղաքական կոլապսի մեջ է, եւ, ըստ երեւույթին, միակ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալն է։ Եվ պետք է չուշացնել էդ պրոցեսը, պետք է արագ հայտարարվի եւ ընթացքը տրվի։ Համենայնդեպս, ինչ որ արվի, պետք է արվի Սահմանադրության համաձայն, եւ ես գտնում եմ, որ պետք է չուշացվի։
- Ձեր մտավորական ընկերների մի մասն արդեն դուրս է եկել փողոց ու պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ Դուք պատրաստվո՞ւմ եք միանալ այդ պահանջին։
- Դե, ես առաջին օրը դուրս եկա փողոց, եւ դա բավական էր։ Մնացածը մենք էլ ենք անում, նամակներ ենք գրում, դիմում ենք, նկատի ունեմ՝ ստեղծագործական միությունների նախագահներով։ Ուզում եմ ասել՝ էդ պրոցեսի մեջ ենք, նաեւ ես միջազգային կառույցներին եմ դիմել, որպեսզի հայտարարություններով հանդես գան։ Տեսնենք, սպասում եմ։ Համենայնդեպս, ես գտնում եմ, որ առաջնահերթ պետք է քաղաքական դաշտում թարմացումներ լինեն, եւ պետք է դրանից հետո նոր թափով սկսվեն էդ բոլոր պրոցեսները՝ միջազգային քաղաքական դաշտում նկատի ունեմ։ Նամակները՝ նամակներ, բայց էդ մասին բոլորը տեղյակ են, բոլորն իրենց ուժերի, լիազորությունների սահմաններում զբաղվում են։
- Շատ մշակութային գործիչներ այս օրերին զղջման խոսքեր են ասում, որ սխալվել են ժամանակին Փաշինյանին եւ հեղափոխությանը սատարելու համար։ Դուք ի՞նչ դիրքորոշում եք ունեցել։
- Ես երբեք հրապարակ դուրս չեմ եկել, երբեք միտինգի չեմ մասնակցել, երբեք որեւէ մեկին չեմ գովերգել եւ ոչ միայն 2018 թվականին, դրանից առաջ էլ։ Եվ ես խորհուրդ կտամ մշակութային գործիչներին՝ նման երեւույթների ժամանակ շատ չոգեւորվեն, էյֆորիայի մեջ չընկնեն, որովհետեւ, ամեն դեպքում, մշակութային դաշտը լրիվ ուրիշ տարածք է, լրիվ ուրիշ տիրույթ է, մեր սերունդը շատ է իշխանափոխություն եւ հեղափոխություն տեսել, եւ, համենայնդեպս, հարկավոր է մի քիչ մեր կենսագրությունից՝ վերջին 30 տարիների, ինչ-որ դաս քաղել։ Ես խորհուրդ կտամ մշակույթի գործիչներին՝ ընդհանրապես զերծ մնան այդ պրոցեսներում էդպես ակտիվ ոգեւորություններից։
- Ինչո՞ւ։ Հասարակությունը մշակութային գործիչների խոսքի կարիքն ունի։
- Ես այդ կարծիքին չեմ եւ ես գտնում եմ, որ մի քիչ էլ շահարկվում է էստեղ մտավորականի անունը։ Երբ կարեւորագույն որոշումներ են կայացվում, ո՛չ հասարակությանն են պետք մտավորականները, ո՛չ էլ քաղաքական գործիչներին են պետք։ Երբ որ ղալաթն անում-վերջացնում են, սկսվում է՝ ո՞ւր են մտավորականները։ Ես դա ավելի շատ շանտաժ եմ համարում, քաղաքական շանտաժ՝ առաջին հերթին։ Եվ ես խորհուրդ կտամ, որ մտավորականի խոսքը լսեն էն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա։ Իսկ հիմա, երբ որ եղել-վերջացել է, ի՞նչ են ուզում։ Ուզում եք, որ մտավորականը գոռա էն, ինչ որ իրե՞նք են ուզում լսել։ Միայն դա՞ են ուզում։ Եթե հանկարծ ուրիշ բան ասի, մի քիչ ուրիշ կերպ ասի, կդառնա դավաճան։ Կդառնա նույն քարկոծումը, ինչ երկուսուկես տարի առաջ, երբ որ մարդիկ էին լինում, որ ասում էին՝ մի քիչ էսպես չի, մի քիչ մտածեք։ Իսկ ովքեր որ տեսնում էին, թե ինչ է լինելու, իհարկե՝ ոչ 2.5 տարի հետո, ես կարծում էի, որ մի քիչ ավելի ուշ տեղի կունենա էս ամեն ինչը, էդ մարդկանց քարկոծում էին, դավաճան էին հանում, մարդիկ էին ուղարկում տները։ Հիմա նույն բումերանգով նույն բանը արտացոլվում է հակառակ դաշտի վրա։ Էնպես որ, մտավորականների անունները ես խորհուրդ կտամ, որ քիչ շահարկվի, եւ խորհուրդ կտամ մտավորականներին հիշել էն ժամանակ, երբ որ անհրաժեշտությունը կա նրանց հիշելու։
- Հիմա նրանց հիշելու անհրաժեշտությունը չկա՞։
- Չէ, հիմա ի՞նչ են ուզում մտավորականներից։
- Ասում են՝ թող մտավորականներն էլ դուրս գան փողոց եւ իրենց ձայնը բարձրացնեն։
- Իսկ ի՞նչ պարտադիր է փողոց դուրս գալով բարձրացնեն իրենց ձայնը։ Ես չե՞մ կարող էսպես ասել, Դուք էլ հրապարակեք, եւ իմ ձայնը լսեն։ Փողոց դուրս գալը․․․ առայժմ էդպես, որքան հասկացա, քաղաքական պայքար չէ, ես առաջին օրը եղել եմ «կինոՄոսկվայի» դիմաց, էնպես որ, էդպես չի՝ ես էլ եմ զերծ մնում էդ ամեն ինչից։
- Հետո ինչո՞ւ չշարունակեցիք գնալ, ինչ-որ բան հիասթափեցրե՞ց Ձեզ։
- Որովհետեւ մեր առաջնակարգ դերասանը մահացավ՝ Զավեն Աբրահամյանը, որովհետեւ թաղմանը մտածում էինք՝ ոնց անենք, ինչ անենք, որովհետեւ կորոնավիրուս էր։ Մյուս օրը էդ ժամին եղել եմ գերեզմանոցում։ Եվ շատ տխուր էի, որ ժամանակն էնպիսին է, որ էդ տաղանդավոր, հսկայական ծառայություն ունեցող դերասանին էդպես անշուք, մի քանի հոգով աննկատ հողին հանձնեցինք։ Տրամադրություն չկար։ Դերասան, որի հետ արդեն 25 տարի ես աշխատել եմ ամեն ներկայացման մեջ։ Ի՞նչ ասեմ։
Կարծիքներ