Նույնիսկ Նապոլեոնն իր պարտությունից հետո ինքնակամ հեռացավ

Նույնիսկ Նապոլեոնն իր պարտությունից հետո ինքնակամ հեռացավ

Մեր զրուցակիցը գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանն է։

- Տպավորություն կա, որ մտավորականությունը կոնսոլիդանում է Փաշինյանի հրաժարականի շուրջ։

- Ես կարծում եմ, որ «մտավորականություն» բառը մի քիչ հնացած կատեգորիա է՝ բնորոշ ռուսական հասարակությանը, բայց եկեք դրա մասին չխոսենք։ Մեր հասարակության մեջ, բնականաբար, կան մարդիկ, ովքեր արժեքները կրողներ են, անբասիր անուն ունեն, եւ կարծում եմ՝ չկա առողջ ինչ-որ մեկը՝ նորմալ տրամաբանությամբ եւ մտածողությամբ, որը ոչ թե առաջնորդվում է իր անձնական շահերով, այլ մտածում է երկրի ու իր երեխաների ապագայի մասին եւ չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բոլոր այն մարդիկ, որոնք չեն պահանջում կամ ունեն կրթական, բարոյական ցածր ցենզ, կամ անձնական շատ կոնկրետ շահեր՝ պաշտոն, փող կամ ինչ-որ վախեր, որ փոփոխության դեպքում ինչ-որ բաներ կլինեն։ Այս իրավիճակը շատ անտրամաբանական է, որ աննախադեպ կապիտուլյացիայի խայտառակ մի համաձայնագրի տակ ստորագրած ղեկավարը շարունակում է պաշտոնավարել, այնպիսի դեմքով ելույթ ունենալ, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, եւ ոչ միայն ինքը, այլեւ իր թիմի մնացած անդամները․․․ կարծես ոչինչ տեղի չի ունեցել, չնայած իրականում մեծ մասը թաքնվում է։

- Մարդիկ, որոնք այժմ փոխում են իրենց դիրքորոշումները, մեղադրվում են խորտակվող նավը լքելու մեջ։ Տեղի՞ն են այդ մեղադրանքները՝ Ձեր կարծիքով։

- Գաղափարներ փոխելը, իհարկե, շատ տարօրինակ բան է, եթե խոսքն ինչ-որ մեծ բաներին է վերաբերում։ Օրինակ՝ աթեիստը հանկարծ սկսի Աստծուն հավատալ, բայց նույնիսկ նման դեպքերում դա մարդու դատավճիռը կարդալու հիմք չէ, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ինչ-որ կոնկրետ մարդկանց։ Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ փորձանքներից մեկը, որ նա բերեց մեր ազգի, ժողովրդի գլխին, այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հույս ունեին փոփոխությունների, ավելի լավ երկիր կառուցելու, ինչ-որ արժեքային փոփոխություններ անելու, ովքեր իրենց այդ բոլոր հույսերը կապեցին Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնվեցին ծիծաղելի իրավիճակում, նույնիսկ վարկաբեկվեցին, որովհետեւ, օրինակ, ինչ-որ մարդիկ կան, որոնց ես շատ հարգում էի, ընդունում էի, բայց երբ տեսնում եմ նրանց գործունեությունը, օրինակ, ԵՊՀ հոգաբարձուների նախորդ եւ ներկա խորհուրդներում թե ինչպես մարդիկ, որոնք ինձ մոտ ազնիվ մարդու համարում ունեին, հրահանգով քվեարկության են մասնակցում, ինչպես են պատվերով ելույթ ունենում, ինչ-որ մեկին գովում եւ այլն։ Ես հիասթափվել եմ այդ մարդկանցից, որովհետեւ չէի կարծում, որ մարդը կարող է այսրոպեական շահի կամ իր պաշտոնի, գրանտի համար այդպես խաղալ իր անվան հետ։ Ես այս պահին չեմ կարծում, որ մարդիկ, որոնք նախկինում աջակցել են Փաշինյանին, պետք է դատապարտվեն, որովհետեւ ակնհայտ է, որ մենք ունենք այնպիսի ձախողում, այնպիսի պարտություն, որի առաջին զուգահեռը 1915 թվականի ձախողումն է, եւ հարց է, թե մենք ինչպես կկարողանանք դուրս գալ այս աղետի միջից, որովհետեւ սա ոչ միայն ռազմաքաղաքական աղետ է, այլեւ սոցիալական, հոգեբանական, մշակութային, եւ բազմաթիվ այլ հետեւանքներ է ունենալու, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք որպես հանրույթ, որպես պետություն, որպես սուբյեկտ՝ արժանապատվորեն դուրս գալ այս պարտությունից եւ կերտել նոր նպատակներ, նոր երազանքներ։ Սա ցույց տվեց նաեւ, որ մենք չենք կարողանում ռեալ հասկանալ իրողությունները, գնահատել ինքներս մեզ, հակված ենք երազելու, ինչ-որ այլ իրականության մեջ ապրելու՝ չտեսնելով իրականությունը։ Այս առումով շատ ավելի կարեւոր գործեր կան անելու։ Այն, որ այս իշխանությունը պետք է փոխվի, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետեւ նույնիսկ Նապոլեոնը իր պարտությունից հետո ինքնակամ հեռացավ, եւ ես չեմ պատկերացնում, թե մարդն ինչ մտածողություն պիտի ունենա, որ նման ձախողումից հետո փորձի հրաժարվել պատասխանատվությունից:

- Նիկոլ Փաշինյանին մեղադրում են տարբեր հարցերում՝ դավաճանությունից մինչեւ անգրագիտություն․ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւմ է նա մեղավոր։

- Ես բազմաթիվ հարցեր ունեմ, բազմաթիվ հակասություններ կան, որոնք ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի էր նման բան անել, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ կոնկրետ «դավաճանի» պիտակը շատ կոնկրետ իրավական մեղադրանք է, որը պետք է ներկայացվի, եւ իրավապահները պետք է աշխատանք անեն։ Ցավոք սրտի, մեր նորագույն շրջանի եւ ավելի վաղ շրջանի պատմությունը ցույց է տալիս, որ մենք մանիպուլյացիաների տրվող հանրույթ ենք, սիրում ենք բամբասանքներ, օդից կախված լուրեր եւ այլն, եւ մեր այսօրվա իշխանությունը նաեւ դրա մարմնացումն է։ Մենք պետք է տեղափոխվենք այլ հարթություն, մեզ պետք են ծանրակշիռ խոսք, ծանրակշիռ հետազոտություններ, վերլուծություններ եւ այլն։ Կոնկրետ դավաճանության մեղադրանքը ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ բացառել, որովհետեւ բազմաթիվ տարրեր կան, որոնք շատ նման են դավաճանության, բայց դա պետք է իրավապահ համակարգը քննի, եւ, ի վերջո, դատարանը պետք է որոշում կայացնի։ Այս ընթացքում ինձ համար մի քանի բացահայտումներ եղան, ապտակներ եղան, որոնք ոչ թե իշխանությունից, այլ հասարակությունից են գալիս։ Օրինակ՝ Արցախը կորցնելը, այդ աղետը, բազմաթիվ միֆերի փլուզումը պետք է շոկային պահեր առաջացնեն, բայց կան շատ պարզ, մարդկային բաներ, որոնք կարծես ոչ մեկին չեն հուզում, ոչ ոք դրանից վրդովված չէ, որ մեզ 45 օր շարունակ խաբել են, ոչ ոք ստի համար պատասխանատու չէ։ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ կարդացել է ԳՇ տեղեկանքները եւ դա է ներկայացրել, թեեւ իր մոտ այնպիսի տեքստեր կային, որոնք տեղեկանքի տեքստեր չէին, ՊՆ-ն ու ԳՇ-ն հանձն չեն առնում, ոչ ոք իրենցից չասաց, որ դա իր հրահանգն է, իշխանությունը եւս իր վրա պատասխանատվություն չի վերցնում՝ ասելով, որ տողատակեր կային, որոնք մենք պետք է հասկանայինք կամ կռահեինք, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Ես կարծում եմ, որ այն վերափոխումները, որոնք ապագայում մեր հասարակության մեջ պիտի անենք, դա ոչ միայն բարդ համակարգերին է վերաբերում, այլեւ պարզ, մարդկային արժեքներին, որ, օրինակ, խաբելը վատ բան է։