«Հրապարակ». Ի՞նչ է կատարվում հայ-վրացական սահմանին

«Հրապարակ». Ի՞նչ է կատարվում հայ-վրացական սահմանին

Մենք գրել էինք, որ Վրաստանը եւս փորձում է օգտվել Հայաստանի իշխանությունների «խեղճուկրակ»` ամեն ինչ զիջելու քաղաքականությունից եւ լուծել մեր երկրի հետ տարիների խորքից եկող սահմանային վիճելի հարցերը։ Օրերս գրել էինք, որ քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, թե Վրաստան այցելությունների ժամանակ Փաշինյանն այդ երկրի իշխանությունների հետ քննարկել է նաեւ Հայաստան-Վրաստան սահմանազատման հարցը։ Այս հատվածում էլ կան դեռ չկարգավորված խնդիրներ: Խոսում են, օրինակ, որ ամբողջովին հայաբնակ վրացական Ախկերփի գյուղի բնակիչներին հորդորում են նամակներ գրել, դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով իրենց տնօրինությանը հանձնել Լալվարի արոտավայրերն ու Խուճապի վանքը, որոնք սահմանակից են վրացական գյուղին։ Խուճապի վանքը (XIII դ․) գտնվում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում, Լալվար լեռան հյուսիսային լանջին։ Պատմական տվյալների համաձայն՝ 9-10-րդ դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է եւ հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ․՝ Զաքարյանների տիրապետության շրջանում, վերածվել է քաղկեդոնի վանքի, եւ վրացական իշխանություններն աչք են դրել դրա վրա։ Վանքը կառուցված է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարից։  

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը եւ մանրամասներ ներկայացրեց։ Նրա խոսքով՝ վրացիներն ուզում են այդ հոյակերտ եկեղեցին սեփականաշնորհել։ «Իշխանությունները որոշել են բոլոր սահմաններում դելիմիտացիա իրականացնել եւ այս համատեքստում լուծել բոլոր վիճելի հարցերը։ Վրաստանի սահմանին կա հայկական 2 եկեղեցի, որոնք ճարտարապետական ոճով շատ յուրահատուկ են, մեծ արժեք ունեն, վրացիներն էլ ուզում են այդ եկեղեցիները սեփականաշնորհել, ինչպես ուղղափառ եկեղեցիները վարվեցին հայկական վանքերի հետ, Վրաստանի իշխանությունները փորձում են անել սահմանային գոտում գտնվող այս եկեղեցու հետ»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ զարմանալի չէ, որ այսօր վրացիները ցանկանան Հայաստանից հող պոկել։ «Եթե Արցախը հանձնել են, ապա վրացիներն էլ կարող են մի վիճելի եկեղեցի եւ արոտավայրեր վերցնել։ Իրենք փորձում են օգտվել Հայաստանի իշխանությունների այս մոտեցումից եւ արագ ստանալ ցանկալի արդյունքներ։ Հայ-վրացական այսօրվա սահմանները զգալիորեն պայմանավորված են Ռուսական կայսրության փլուզումով, Հարավային Կովկասի լարվածությամբ։ Որեւէ տեղեկություն չկա, որ վրացիներն ապրել են հիշյալ տարածքներում, բայց նրանք փորձում են տիրանալ դրանց»,- ընդգծում է քաղաքագետը եւ ասում՝ հստակ տեղեկություն կա, որ Վրաստանի իշխանությունները ճնշումներ են գործադրում այդ բնակավայրերում ապրող հայերի նկատմամբ, անգամ անվտանգության մարմինների վերահսկողություն են սահմանել։  

«Վրաստանի իշխանությունները բազմաթիվ անգամներ տեղական իշխանության մակարդակով փորձել են ճնշել հայերին։ Օրինակ, Ջիլիզա գյուղի բնակիչներն ամբողջապես ԱԱԾ-ի վերահսկողության տակ են»,- նշեց նա: Անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների ներկայիս վիճակին, Միքայելյանն ասաց՝ քաղաքական առումով, որպես հարեւան երկու երկրներ, ակնհայտ տարաձայնություններ չկան, սակայն ժողովուրդների միջեւ կան կրոնական անհամաձայնություններ, վրաց ուղղափառ եկեղեցու ծավալապաշտական մոտեցումներից ելնելով` Վրաստանում հայկական մշակութային ժառանգությունից փորձում են ձերբազատվել։ 

«Սիստեմատիկ ճնշում կա հայ համայնքի նկատմամբ։ Միջպետական հարաբերությունների մասին խոսելիս ես կասեի, որ լավ է հարաբերությունը, բայց Ադրբեջանը փորձում է Վրաստանին ճնշել, որ թույլ չտա հարաբերությունների դրական զարգացում։ Ժողովուրդների միջեւ հարաբերությունների առումով որեւէ լավ բան չեմ կարող ասել»,- հավելեց նա։ Դիտարկմանը, թե ինչու պատերազմի ժամանակ Վրաստանը, որպես հարեւան պետություն, չեզոք դիրք բռնեց, Միքայելյանը նկատեց․ «Կար տեսակետ, որ Վրաստանը թույլ չէր տալիս, որ իր տարածքով Հայաստան զենք գա, բայց թույլ է տվել, որ գնա Ադրբեջան։ Տեղեկությունը մինչ օրս վիճելի է համարվում, քանի որ եղել են նաեւ հակառակ պնդումներ։ Կարծում եմ, որ վրացիները չէին ուզում ներգրավվել հակամարտության մեջ՝ վախենալով, որ կարող է բախումներ լինեն Վրաստանի տարածքում՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Մյուս կողմից, այս պահի դրությամբ Վրաստանը կարողանում է կայուն իրավիճակ պահպանել»։