«Հրապարակ». Հայաստանը Վրաստանից ավելի արեւմտամետ է, պապից ավելի կաթոլիկ

«Հրապարակ». Հայաստանը Վրաստանից ավելի արեւմտամետ է, պապից ավելի կաթոլիկ

Մինչ Հայաստանի իշխանություններն ամեն առիթով սիրաշահում են եվրոպական երկրներին ու կառույցներին՝ հայտարարելով, որ Եվրոպական Միությանը պատրաստ են այնքան մոտ գտնվել, ինչքան ԵՄ-ն թույլ կտա, եւ կատարում են Արեւմուտքի բոլոր քմահաճույքները, մեր հարեւան Վրաստանն ավելի ու ավելի ինքնիշխան պահվածք է դրսեւորում եւ անգամ եվրոպական հանրությանը ոչ հաճո օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս։ Ըստ վրացական եւ տարածաշրջանային մամուլի՝ Վրաստանի իշխող կուսակցությունն օրերս հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, այն է՝ ուզում են ընդունել մի օրենք, որը, ըստ կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի, կոչված է «պաշտպանելու հասարակությունը կեղծ-ազատական գաղափարախոսությունից եւ դրա անխուսափելի վնասակար հետեւանքներից»։ Ավելի պարզ ասած՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ցանկանում է ընդունել օրենք, այսպես կոչված, «ԼԳԲՏ քարոզչության» դեմ։ Նմանատիպ օրենք ընդունվել է նաեւ ՌԴ-ում՝ 2022 թվականին:

«Վրացական հասարակությունը միշտ հանդուրժող է եղել, բայց չի կարող հանդուրժող լինել կեղծ-ազատական քարոզչության նկատմամբ։ Մենք ամբողջ աշխարհում կեղծ-ազատական գաղափարախոսության տարածման լուրջ միտումներ ենք տեսնում։ Այդ քարոզչությունը գնալով ավելի կոպիտ ձեւեր է ստանում։ Ամենակարեւորն այն է, որ քարոզչությունը լուրջ հետեւանքներ է ունենում»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը Վրաստանին տվեց Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, այսինքն՝ Վրաստանը Հայաստանից շատ ավելի առաջ է եվրոպական ընտանիքին անդամակցելու հարցում եւ հիմա ավելի ուշադիր պետք է լինի իր օրենսդրությունը համաեվրոպական նորմերին համապատասխանեցնելու հարցում: Սակայն, ինչպես տեսնում ենք, բավականին պահպանողական օրինագիծ է ուզում ընդունել:

Ի հակադրումն սրան՝ Հայաստանում այլ զարգացումներ են․ Ազգային ժողովն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում ամրագրեց «զուգընկեր» տերմինը, որը «խտրականությունը» մերժելու եվրոպամետ քաղաքականության շրջանակներում է։

Փաստորեն ստացվում է, որ Վրաստանն ընդվզում է Եվրոպայի կողմից թելադրվող օրակարգի դեմ, Եվրոպայում մերժվող օրենքներ է փորձում ընդունել, իսկ Հայաստանը՝ հակառակը։ Մեզ հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ասաց. «Նախ պետք է սպասել եվրոպական կառույցների արձագանքին։ Դուք խոսեցիք իշխանությունների նախաձեռնության մասին, բայց, կարծես թե, եվրոպական արձագանքն այս պահին հայտնի չէ։ Վստահ եմ, որ դրական չի լինելու արձագանքը։ Իրավացի եք` այո, դա եվրոպական օրակարգ է, եւ հակախտրական միջոցառումների ներքո նաեւ հավասարության չափորոշիչներ են ներդրվում, եւ եթե տարիներ առաջ այստեղ երկրներին հնարավորություն էին տալիս իրենց ազգային, արժեքաբանական, մշակութային եւ այլ գործոններից ելնելով ինքնուրույն քաղաքականություն վարել, ապա ներկայում համաեվրոպական կոնսենսուսի ներքո սահմանափակում են այդ հայեցողությունը եւ պարտադրում են ստանդարտներ։ Կարծում եմ՝ պետք է սպասել, հասկանալ, թե ինչպիսին կլինի արձագանքը»։

Հայաստանի կառավարությունը, որը վերջին շրջանում անընդհատ հակառուսական հայտարարություններ է անում՝ դա փաթեթավորելով որպես «Ռուսաստանից վերջնական անկախություն ձեռք բերելու գործընթաց», նույնքան «դիմադրող» չէ եվրոպական կառույցների թելադրանքների նկատմամբ` այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ է ռազմավարական դաշնակից, այլ ոչ եվրոպական պետությունների։ Վրաստանի պարագայում լրիվ հակառակն է․ պետություն, որը Ռուսաստանի հետ ունի կոնֆլիկտ եւ Եվրամիությանն ավելի մոտ է, քան Հայաստանը, չի վախենում ժամանակ առ ժամանակ Եվրոպային ատամ ցույց տալ։ Անդրադառնալով մեր դիտարկումներին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Ցանկացած միջազգային կառույցին անդամակցությունը սուվերենության որոշակի զիջում է ենթադրում եւ անխուսափելի է նաեւ այս հարցերում, այսինքն՝ կարգավորումների մոտարկում է լինում։ Իսկ մարդու իրավունքների տեսանկյունից այստեղ ավելի համընդհանուր մոտեցումներ կան։ Այո, հենց այստեղ է, որ մենք խոսում ենք հարաբերական անկախությունների մասին, եւ միջազգային կառույցները թելադրող կարող են լինել նաեւ արժեքաբանական մասով»։