Կայունը վտանգի զգացումն է

Կայունը վտանգի զգացումն է

Անգամ ամենալավատես, ամենաանտարբեր, ամենաանտեղյակ մարդիկ այս օրերին վտանգի զգացում ունեն եւ վատ կանխատեսումներ։ Մարդը պետք է մտածելու ունակությունից իսպառ զուրկ լինի, որ չհասկանա երկու բան․ մեր իշխանությունը կրակի հետ է խաղում եւ իր անելիքը չի պատկերացնում։ Ճիշտ է՝ ամեն կերպ փորձում են թաքցնել դա․ մի կողմից՝ պոռոտախոսությամբ, մյուս կողմից՝ բնականոն կյանքի եւ կառավարման պատրանք ստեղծելով, բայց դա ավելի ու ավելի դժվար է դառնում, որովհետեւ մարդիկ շատ լավ տեսնում են, թե ինչ արագությամբ են փոխվում իշխանական մեսիջներն ու հռետորաբանությունը, ինչպես են մի օր մի բան ասում, հաջորդ օրը գրեթե հերքում իրենց ասածները։

Եվ այնպես չէ, որ իշխանության մի ներկայացուցիչը հերքում է մեկ ուրիշին, նույն անձը կարող է մի քանի օր անց իր իսկ հայտարարությունները հերքել։ Երբ Փաշինյանին հարցնում են, թե ինչպես է բացատրում այդ հայտարարությունների իրարամերժությունը, նա հոյակապ պատասխան է տալիս՝ դա պայմանավորված է աշխարհի հարափոփոխ իրավիճակով։

Բայց եթե աշխարհն արագ փոխվում է, եւ տարբեր կողմերից եկող վտանգներն էլ անկանխատեսելի են, դա չի նշանակում, թե մենք պետք է մի օր հայտարարենք, որ կասեցնում ենք ՀԱՊԿ-ին անդամակցությունը, 2-րդ օրը Զելենսկի հրավիրենք Հայաստան, 3-րդ օրը հայտարարենք օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու մասին, 4-րդ օրը Թուրքիային ու Ադրբեջանին խոստանանք, որ փոխելու ենք մեր Սահմանադրությունը, 5-րդ օրը ադրբեջանական կրակից զոհված մեր տղաների մահվան պատասխանատու կարգենք մեր տարածք ներխուժած հրոսակին վիրավորած հայ զինծառայողին։ Հետո՝ Նոյեմբերյանին սահմանամերձ գյուղում հայ երիտասարդներին բերման ենթարկենք՝ ասելով, թե սա այլեւս հայկական հող չէ, չմտնեք այս տարածք։