Իսկ ինչու այս տարի Փաշինյանը չմասնակցեց արարողությանը

Իսկ ինչու այս տարի Փաշինյանը չմասնակցեց արարողությանը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված Դիվանագետի օրվան։ Կարճ, ստանդարտ տեքստ՝ մեծ են ձեզնից սպասումները, ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված նվաճումները միջազգային ասպարեզում, վստահ եմ պատվով կիրականացնեք ձեր առաքելությունը եւ այլն։

Բայց բանն այն է, որ անցած երկու տարիներին Դիվանագետի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն եւ հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել, որին Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցել։

2019 թվականին մարտի 7-ին Դիվանագետի օրվան նվիրված ընդունելությունը կայացել է Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ շնորհավորական խոսքով է հանդես եկել Փաշինյանը։

Իսկ 2020 թվականի մարտի 2-ին Արտաքին գործերի նախարարությունում, որտեղ կրկին մասնակցել եւ շնորհավորական խոսք է ասել վարչապետը։ Այս տարի նա բավարարվել է միայն ուղերձ հղելով, չնայած ԱԳՆ-ում հենց այս պահին հանդիսավոր պայմաններում նշում են Դիվանագետի օրը, բայց առանց Փաշինյանի։

Մեզ ասացին, որ նրան խորհուրդ չեն տվել անձամբ ներկա գտնվել՝ տհաճ միջադեպերից, կամ՝ տհաճ հարցերից խուսափելու համար, քանզի ԱԳՆ համակարգում բավականին լուրջ դժգոհություն կա եւ դա կարող էր այս կամ այն կերպ արտահայտվել։ Օրինակ՝ ԱԳՆ աշխատակիցները կարող էին ուղղակի չմասնակցել արարողությանը՝ բոյկոտելով վարչապետի մասնակցությամբ միջոցառումը։