Ինքնասիրություն չունեցող ծառայամիտների և պատեհապաշտների հույսին ենք մնացել

Ինքնասիրություն չունեցող ծառայամիտների և պատեհապաշտների հույսին ենք մնացել

«Հանցագործության թվերի, ճանապարհային պատահարների թվերի կտրուկ աճը ոչ միայն վատ աշխատանքով է պայմանավորված, այլև թափթփուկների իշխանությամբ: Հայաստանում ամենաթողություն է, ցանկացած լկտիություն մեզանում արմատացած է: Բնական է, որ հանցագործությունների թվերն աճել են: Իրավապահ համակարգի համար այսօր առաջնայինը գլխավոր դավաճանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելն է: Հանցագործություններ բացահայտելն ու դրանք կանխելն այսօր չափանիշ չէ, ուստի նման դեպքերը շատացել են: Ոստիկանության գլխավոր խնդիրն այսօր հանցագործների և նրանց ընտանիքների անվտանգության ապահովումն է: Եթե նրանք գնում են մի տեղ, ոստիկանությունը շտապում է այնտեղ», - այսօր «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հանցագործությունների թվերի կտրուկ աճին ասաց ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:

Նրա խոսքով` իրենց արժեքն իմացող իրավապահները դուրս են եկել համակարգից, ոստիկանությունը մնացել է պատեհապաշտների հույսին: «Ինքնասիրություն չունեցող ծառայամիտների և պատեհապաշտների հույսին ենք մնացել: Օրինակ՝ ինչ են անում այսօր: Կառավարության նիստին եղավ ուղղորդում 15 զինծառայողի մահվան մասով: Իրավապահ համակարգն ուղղորդված փորձում է բենզինով վառարան վառելու դեպքը հիմնավորել, դեպքը բացահայտելու փոխարեն», - նշեց Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ մենք ավելի վաղ գրել էինք, որ հանցագործությունների թվերը Հայաստանում աճել են ավելի քան 85.4%-ով: